Միքայել Մինասյան. Թքողը

Մհեր Արշակյան
Հեղինակ MediaLab

Միքայել Մինասյանի վերջին live-ի առիթով գրաբար հայերենում ասվում է՝ հո չբորշչեց: Ովքե՞ր են այդ մարդու իմիջմեյքերները, ովքե՞ր են նրա տեխնոլոգները, որոնք նրան առասպելական ու խորհրդավոր մարդուց սարքեցին ծաղրածու: 

Միքայել Մինասյանը հեղափոխությունից երկու տարի հետո ուզում է հետողորմյա անել, ուզում է, որ ժողովուրդը թքի վարչապետի ու կառավարության մյուս անդամների երեսին: Ինչպես ժողովուրդը բառի բուն իմաստով թքեց նախկինների երեսին: 

Ինչո՞ւ է ուզում, որ ներկաների դեմքին թքեն: 

Որովհետև վատ ենք ապրում: Հա՞ որ: Այսինքն՝ կորոնավիրուսը ստեղծել է լավ կյանքի իդեալական հնարավորություններ, ու մենք վա՞տ ենք ապրում: Այսինքն՝ պիտի լավ ապրեինք ու վա՞տ ենք ապրում: 

Ինչ-որ շատ է անհասկանալի մեղադրանքը: Ամբողջ աշխարհում պատասխանատվության մի ձև կա օրենքի երկրում՝ կանգնեցնել դատարանի առաջ հենց թեկուզ կորոնավիրուսից մեռած տնտեսության պայմաններում մեր լավ չապրելու համար: 

Բայց որպես ի՞նչ թքենք էդ մարդկանց երեսին: 

Մարդը պատմում է հեղափոխության տեխնոլոգիաների մասին: Ասում է՝ տեխնոլոգիաներից մեկն այն է, որ հեղափոխությանը պետք է հերոս: Մարդը մեդիա կայսրություն է ղեկավարել ու չգիտի՝ լրագրության մեջ, եթե անգամ հերոս չկա, պետք է հորինել: 

Եթե աշխարհում թեկուզ մի մարդ մնացած լինի, էդ մարդը լինի լրագրող, ու էդ մարդուց Աստված կամ սատանան ռեպորտաժ պահանջեն, էդ մարդը պիտի հերոս ունենա: Ու՝ չհորինված: Դա է լրագրության կանոնը: Իսկ որտե՞ղ պիտի երևա հերոսը, ո՞ւմ դեմքով պատմես, թե ինչ է տեղի ունենում, հո լրագրողը դեպքերը չի՞ հորինելու: 

Սպանիչ էր մեղադրանքը՝ ուղղված բանաստեղծուհի Անի Հակոբջանյանի ու նրա ընկերոջ՝ փշալարերի այս կողմում արված համբույրի առիթով՝ նրանց համբույրը հովանավորել է Սորոսը: Սա… արդեն ինձ կներեք, չեմ կարող մեկնաբանել: Այդ աղջիկն Աստծո գառ է որևէ մեկի խաղը խաղալու համար: Եվ եթե նույնիսկ Աստծո գառ էլ չէ, ազատության մղումը միայն բղավոցն ու բռունցքը չէ: 

Ընդհանրապես Միքայել Մինասյանին հասկանալը դժվարանում է՝ եթե հեղափոխությունը դուք չեք արել, պարտադիր պետք է աղանդավորներ ու սորոսնե՞ր խառնվեն: 

Երկու տարի է անցել՝ համ ընդունում եք, որ ամբողջ ժողովուրդն է մասնակցել հեղափոխությանը, համ էլ տեղի ունեցածը սխա՞լ եք համարում: 

Պարոն Մինասյանը դիմում է ժողովրդին հռչակավոր բորշչը եփելուց առաջ՝ ձեր ատելությունը դեպի նախկին իշխանությունները տեխնոլոգիաների արդյունք են: Այսինքն՝ եթե տեխնոլոգիաները չլինեին, սիրելո՞ւ էին, կոռուպցիան չէի՞ն տեսնելու, աղոթելու՞ էին Հովիկ Աբրահամյանի ու Վլադիմիր Գասպարյանի համար: 

Ի՞նչ էր անելու ժողովուրդը: Էս ի՞նչ միամիտ մտքեր են հնչում երբեմնի առասպելական ու խորհրդավոր մարդու շուրթերից: Մարդը հստակ ինֆորմացիա ունի, որ հեղափոխությունից հիասթափվել են բոլորը: 

Ասենք թե, բոլորն են հիասթափվել՝ տաքսիստները, ուսուցիչները, գյուղացիները, ասենք թե, Զարուհի Բաթոյանի աշխատավարձը անհարկի բարձր է: Ու ի՞նչ եք ակնկալում սա արձանագրելով, պարո՛ն Մինասյան: Ակնկալում եք, որ նախկիններին պիտի վերադարձնե՞ն, նոր հեղափոխությո՞ւն եք ակնկալում: 

Հատկապես ի՞նչ: 

Պարոն Մինասյանն ասում է՝ Հայաստանում կար միֆ, որը պայթեց` որ մեզ պետք է հեղափոխություն, որ մենք սկսենք լավ ապրել: Բայց մինչև Սերժ Սարգսյանի փեսայի live-երը ուրիշ միֆ էլ կար Հայաստանում` որ Միքայել Մինասյանը մի աներևույթ դեմք է, որը կառավարում է բոլորին` Նիկոլին, Սերժին: Որ հեղափոխությունն էլ է ինքը արել: Ու էդ միֆը կար, որովհետև Մինասյանը չէր խոսում: Ու ինքը պիտի չխոսեր, իր շահերից էր բխում չխոսելը: 

Նա պիտի խոր լռությունից արթնանար հաջորդ ընտրություններին ու ասեր` ժողովո՛ւրդ, էս հեղափոխությունը ես եմ արել, ես եմ քցել Սերժին, ես եմ բերել Նիկոլին, հիմա ես ուզում եմ ուղղակիորեն ծառայել ձեզ, իմ դեմքով: 

Ո՞վ էր հասցնելու հերքել նրա ասածները, հեղափոխության էյֆորիան արդեն վաղուց անցած էր լինելու, Նիկոլ Փաշինյանին կասկածելն արդեն այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէր լինի, որքան էլ հինգ տարվա ընթացքում հարուցված քրեական գործերը միայն Մինասյանի գործունեությանը վերաբերեին: 

Բայց Մինասյանը դա չի անում, նա ընտրել է կրկեսը: Նրա տեխնոլոգները վատ վարվեցին նրա հետ: Ասում է` մենք իրար հետ ապամիֆականացրեցինք Նիկոլ Փաշինյանին: Ընկե՛ր, չէ՛, էլի, չէ՛, դուք առանց մեզ, առանց նույնիսկ Փաշինյանի ապամիֆականացրեցիք ձեզ, դուք, ինչպես կոնսպիրոլոգիական հայերենում են ասում` թքեցիք ձեր եփած բորշչի մեջ: 

Հաջորդ անգամ – ձեզ անվճար խորհուրդ – live-երի ժամանակ խոսե՛ք միայն կոնկրետ պաշտոնյայից: 

Ժողովրդին մոռացե՛ք: Ուղղակի կոնկրետ պաշտոնյայից խոսեք, այսինքն՝ հերոսից: Դա ձեզ անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ խոսում եք անշահախնդիր, առանց իրենից ինչ-որ բան ակնկալելու: Սա էլ է տեխնոլոգիա, ձեր պարագայում՝ աշխատող: 

Մհեր Արշակյան

MediaLab.am