Սուրեն Պապիկյան. Կրակի նախարարը

Մհեր Արշակյան

Իշխանությունը համառորեն չի ընդունում, որ բանակում բարդակ է արդեն քանի տարի: Այսինքն՝ ոնց եղել էր, էդպես էլ մնացել է: Դուք տեսե՞լ եք էդ հրդեհված զորանոցային կացարանի լուսանկարները: Հյուղակներ են: 

Լուսանկարը՝ «Ազատություն»

Բայց շշմելին այն է, որ զինվորները չեն կարողացել դուրս պրծնել հյուղակներից: Եթե միլիարդատիրոջ պալատներ լինեին, դեռ հասկանալի կլիներ, որ հսկա շենքից մուտք վազելը երկար պատմություն է: Երկու քայլ է եղել անկողնուց մինչև դուրս: Ասում են՝ կրակը հենց մուտքի մոտ է եղել: Այսինքն, զինվորներն արտակարգ իրավիճակում չե՞ն կողմնորոշվել: Իսկ զոհերի մի մասն այդ նույն մուտքով մտել է, որ ներսում մնացածներին փրկի:

Էնքան հյուղակներ են եղել, որ կրակն իրեն զգացել է ինչպես ձուկը ջրում: Նա, ով կասի, որ զինվորը չպետք է սահմանի ծերին հարմարավետ բնակարանում քնի, թող մտածի էն մասին, որ զինվորը պետք է քնի այնպիսի պայմաններում, որ արթնանա: 

Վարչապետ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում ասում է, որ սպան հրդեհված տարան դիտավորյալ չի նետել կացարանի կողմը:

Չի ասում, թե ինչու պետք է ավտոբենզինով վառարան տաքացնեն, կամ կրակի վրա «յուղ չեն լցնում», ասում է, որ դիտավորություն չկա:

Հլը ու լիներ:

Ու անմիջապես խոսում են, թե պաշտոնանկ են արել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին: Իսկ պաշտպանության նախարարը ինչի՞ է մնացել իր պաշտոնին: Մեկուկես տարի առաջ նրա օրոք է նշանակվել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը: 

ՔՊ-ական պատգամավորն ասում է, թե իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար: Բա ինչո՞ւ հրաժարականները կամ պաշտոնանկությունները քաղաքական չեն: ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո շքեղ հարսանիք էր անում, կրակ էր կտրել Ծառուկյան Գագիկի օբյեկտում: Աստված գիտի՝ ինչ միլիոններ էր շաղ տվել: Իսկ այսօր նույնիսկ չի էլ գնացել դեպքի վայր, որ անձամբ տեսնի, իր և զինվորների կացարանների տարբերությունը:

Մի հատ գնացեք ու բոլոր կացարանների վիճակը նայեք: Լրագրողների առաջ փակել եք բոլոր զորամասերի դռները, մենք էլ չենք կարողանում հասկանալ, թե ինչ բանակ ունենք այսօր, ադրբեջանցիների հաջողություններից ենք տեղեկանում մեր բանակի վիճակի մասին: Դուք այս ամենը համարում եք բարեփոխո՞ւմ: 

ՔՊ-ական պատգամավորն ասում է, թե չի կատարվել ԳՇ պետի հրամանը էն մասին, որ պետք է պահպանվեն հակահրդեհային կանոնները: Մենք էսօր ենք էդ մասին իմանում: Այսինքն՝ մինչև ոչ ադրբեջանցիների մեղքով 15 զոհ չենք ունենում, չենք իմանում, որ բարդակ է:

Բա իհարկե ծնողները կփախցնեն իրենց որդիներին բանակից, բա իհարկե երկրի ներսում ոչ ոք իրեն անվտանգ չի զգա: 

Բացառված չէ, որ Սուրեն Պապիկյանն էլ իրեն անվտանգ չի զգում, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իրեն անվտանգ չի զգում, բայց նրանք գոնե գիտեն, թե վտանգի դեպքում ուր փախչեն, նրանք գիտեն, թե ում զոհաբերեն վտանգի դեպքում:

Իսկ սովորական քաղաքացի՞ն:

Էսօր բյուջեից աննախադեպ միջոցներ են հատկացվում բանակին, որպեսզի 15 հոգի մահանա պարզապես կրակի՞ց:

Հայրենակիցներ, ձեզ պետության պաշտպանություն է վստահվել, ու դրա համար ձեզ զինվորներ են տվել, որ իրականացնեք էդ պաշտպանությունը: Եթե զինվորն անպաշտպան է, բա պաշտպանվածն ո՞վ է: 

Հիմա զինվորներն ի՞նչ անեն՝ էլ չքնե՞ն, որպեսզի կրակի բաժին չդառնան: Ե՞րբ են ձեր բարեփոխումները տալու մի արդյունք, որպեսզի մենք հասկանանք, թե ինչու են մեր աշխատավարձերը ցածր, սոցիալական դրությունը՝ ողբալի, բնակարանների վարձերը՝ բարձր, իսկ բոլոր ժամանակների հայ միլիոնատերերը նույն միլիոնատերերն են: 

Մի քանի օր առաջ հայտարարեցիք, թե Հայաստանն աշխարհի 10 անվտանգ երկրներից մեկն է: Հասկացանք, երկիրն անվտանգ է, բայց ինչու՞ է այն վտանգավոր զինվորների կյանքի համար:

Մհեր Արշակյան

MediaLab.am