Նիկոլ Փաշինյան. կերպարանափոխվածը

Մհեր Արշակյան

Սոնա Մնացականյանի մահվան դեպքը իրականում ցույց է տալիս նաև 4 տարի առաջ ձևավորված իշխանության մետամորֆոզը։ Մոռանանք, թե կանաչ լույսի տակով պետության առաջին դեմքի ավտոշարասյան անցնելու մասին ինչ էր ասում Փաշինյանը։ Բայց հիշենք, որ հեղափոխությունն առաջնորդելիս նա բոլորին սիրում էր հատ առ հատ, բոլորով հպարտանում էր հատ առ հատ։

Այդ մարդը 4 տարի առաջ նկատում էր շանը, հանրահավաքի մեջ նկատում էր մեկին, որը վատացել էր, ասում էր, չէ՞, մարդ է վատացել։ Իսկ ընդամենը երկու օր առաջ նրա շարասյունն անցնում է ընկած մարդու կողքով։ Վե՞րջ։ Էլ մարդը չի՞ վատանում, նույնիսկ եթե մեռնում է։

Վթարի կադրերը նայելուց առաջին բանը, որ մտածեցի՝ ինչո՞ւ չի իջնում մեքենայից, ինչի՞ց է վախենում ժողովրդի սիրելի առաջնորդը, ո՞ւր կորավ բոլորին մարդ առ մարդ սիրողը։ Այդ տեսանյութից դատելով՝ կինը անհարմար պահին հայտնվել է անհարմար տեղում։

Բայց փաստորեն անհարմար պահին անհարմար տեղում է հայտնվել նաև Հայաստանի վարչապետը։

Այդ կնոջ հանդեպ մարդ չեն եղել այն բանի բերումով, որ շարասյունը կանգնելու իրավունք չունի։ Ու դա հանգեցրեց սպանության։ Բայց քո աչքի առաջ եղավ այդ սպանությունը։ Ինչո՞ւ չկանգնեցիր։ Թե՞ մի քանի ամիս հետո ԱԺ ամբիոնից կանգնելու ես ու ասես՝ հա՛, համաձայն եմ, մեղավոր եմ, որ կանգ չեմ առել, չեմ փորձել օգնել այդ կնոջը, նույնիսկ եթե ինձանից ոչինչ կախված չէր։

Հայաստանի բոլոր քաղաքացիներին թվում էր, թե հանձին քեզ, պարոն Փաշինյան, մարդ են գործուղել իշխանություն, որը հանրահավաքից հանրահավաք հպարտանում էր յուրաքանչյուրով, որը համարյա բռնակալի է տապալել։

Ես չեմ քննարկում կնոջը խփելու պահը, որովհետև դու չես խփել։ Խփել են քո պատճառով, բայց դու չես խփել։ Համարենք, որ դժբախտ պատահար էր, համարենք, թե ՃՈ սպան հենց քեզ սևացնելու համար էլ խփեց ու սպանեց այդ կնոջը։

Իսկ ինչո՞ւ չի կանգնել վարչապետը։ Այստեղ նույնպես կարող է մեջբերվել արարողակարգը։ Բայց կներեք։ Մենք մա՞րդ ենք գործուղել իշխանություն, թե ծրագրավորված կլոն։ Եթե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության ավտոշարասյունը լիներ, կարելի էր հասկանալ, նրանք հետո Սոնայի հարազատներին էլ չէին զանգահարի։

Բայց դու այս անգամ ո՞ր հաջողության համար ես սխալվել։ Ո՞ւր է կորցրել ձեր միջի մարդուն ՀՀ քաղաքացին։ Սոնայի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը։

Երեկ ամբողջ օրն ինձ ասում էին՝ ի՞նչ ես դժբախտ պատահարից մեծ աղմուկ սարքում։ Ես դժբախտ պատահարը չեմ քննարկում, ես քննարկում եմ դրան հաջորդած պահերը։

Ավտոշարասյունը ամբողջ կազմով՝ շարքային վարորդից մինչև վարչապետ, մարդ չէ, նրանց չի կարելի քաղաքացու կյանք վստահել, նրանց կարեկցանքի զգացումը զրոյացված է և նույնիսկ մինուսացված։

Եվ սա այն դեպքն է, երբ մեղավորն սկսվում է ոչ թե վթարից, այլ վթարի հաջորդ վայրկյանից։ Վարչապետը մի օր գուցե որոշի մարդ լինել։ Գուցե։ Նա պետք է քնի, չէ՞, այդ օրվա այդ դրվագի հետ, թե ինչպես էր հղի մի կին մեռնում հենց իր կողքին, երբ ինքը գուցե գնում էր իր դստերը գրկելու։

Մհեր Արշակյան

MediaLab.am