Հայաստանի գերատեսչությունները իրենց հայտարարություններով փաստացի արդարացնում են Ադրբեջանի քայլերը. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am–ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որում ի թիվս այլ հարցերի ասել է նաև հետևյալը․ «Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ: Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում»: Կարծում եք՝ իսկապե՞ս այդպես է, թե՞ այնտեղից այլ հայտարարություն չէր կարող արվել։

– Իրականում, ես կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ մասամբ փորձում է վերահսկել այդ զանգերը կամ հաղորդագրությունները, որոնք արվում են, միաժամանակ, պետք է ասել, որ վերջին շրջանում զանգերի ու ընտանիքի միջոցով հայտարարություն անելու հնարավորությունից օգտվում էր միայն Ռուբեն Վարդանյանը։ 

Շատ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանից գալիս է բացառապես տեղեկատվություն, որը հաղորդում է բացառապես իրենց պետական-լրատվական «Ազերթաջ» ծառայությունը, այլ տեղեկատվական աղբյուր չկա այդ թեմայի վերաբերյալ, մյուսները տարածում են այն, ինչ պատրաստում է «Ազերթաջ»-ը։ 

Վիճակի հետ կապված մեկնաբանության մասով, ապա ես չեմ կարծում, որ այնտեղից հնարավոր էր դրա հետ կապված այլ մեկնաբանություն հնչել։ Պետք է հաշվի առնենք, որ այդ մարդիկ այնտեղ պատանդ են, ու շատ հաճախ իրենց խոսքը պետք է նաև այդ տեսանկյունից դիտարկենք։

– Ադրբեջանում ընդհանուր առմամբ հայատյացության մակարդակն ինչպիսի՞ն է։

– Իրականում այդ ողջ գործընթացը Ադրբեջանը մեծ մասամբ կիրառում է Հայաստանի ու հայերի դեմ՝ ատելության նոր ալիք հրահրելու համար, ու ես բազմիցս մեր զրույցներում նշել եմ, որ ի սկզբանե, երբ դեռ այդ շինծու դատավարությունները չէին մեկնարկել, Ադրբեջանում այն կոչում էին Նյուրնբերգյան դատավարություն, իսկ դա գիտենք՝ թե ինչ անվանում է ու ինչի հետ է կապված: Եթե դա համեմատենք Ալիևի, օրինակ՝ տարեսկզբյան այն ելույթի հետ, որում ասում էր, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է և այլն, ապա այդ տիրույթում որ նայենք, կհասկանանք, որ երկարաժամկետ առումով ուղղված է Հայաստանի դեմ ու հետագա հնարավոր ագրեսիվ քայլերը «հիմնավորելով» է պայմանավորված։ Այս ամենը ցույց է տալիս Ալիևի ագրեսիվ ու զավթողական ծրագրերը, ընդ որում՝ բոլոր մակարդակներով է սա ի ցույց դրվում։ 

– Այդ ամենին զուգահեռ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղում չեն, ու որ իրենք հետագա պատերազմի համար հիմք հանդիսացող որևէ քայլ չեն անելու։ Այս հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք։

– Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը բացառապես հավելյալ ռիսկեր է ստեղծել ու ստեղծում, ինչը փաստերով է ապացուցվում՝ սկսած այն ժամանակից, երբ Պրահայում 2022-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեցին, ինչից երկու ամիս անց Ադրբեջանի ղեկավարը Հայաստանը կոչեց «Արևմտյան Ադրբեջան» ու ուղիղ տեքստով ասել է, որ քանի կա ղարաբաղյան հակամարտություն, ինքն այդ թեմայով չէր կարող խոսել, հիմա կարող է խոսել։ Այսինքն՝ ցանկացած զիջման հաջորդում է Բաքվի էլ ավելի զավթողական ու ագրեսիվ հերթական քայլ կամ հայտարարություն։ 

Այդտեղ բանակցություն չկա, կա Ալիևի թելադրանք, որը հայկական կողմի ներկայացուցիչները ընդունում են, բանակցություններն այն են, երբ կողմերը քննարկում են, փոխզիջումների գնում, իսկ վերջին տարիներին մենք հայկական կողմից տեսնում ենք բացառապես միակողմանի զիջում։ 

Մեկ այլ վտանգավոր միտում էլ կա, որ Հայաստանի պատասխանատու գերատեսչությունները իրենց հայտարարություններով փաստացի արդարացնում են Ադրբեջանի կողմից արված քայլերը, իսկ երբ դու օրինաչափ ես դարձնում ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը, նշանակում է դու բացում ես պանդորայի արկղ քո պետության դեմ։ 

Հայաստանի իշխանությունը՝ ինքնիշխանության մաստեր կլաս ծրագրի շրջանակներում, Ադրբեջանի պահանջով պատրաստվում է փոխել իր հիմնադիր փաստաթղթերը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում ցանկացած սցենարի դեպքում, այդ գաղափարը պրոբլեմատիկ ու վտանգավոր է Հայաստանի համար։ 

– Ո՞րն է գլխավոր ռիսկն ու վտանգը, տիկի՛ն Հայրապետյան։

– Եթե իրենք սա կապում են պատերազմի կամ խաղաղության կեղծ խոսույթի հետ, ապա եթե Հայաստանի քաղաքացիները չեն գնում հանրաքվեի կամ գնում և ո՛չ են ասում, ապա Ադրբեջանը կարող է ասել՝ ձեր ժողովուրդը խաղաղություն չի ուզում, որովհետև դա էր պայմանը։ Կամ եթե համաձայնում են այդ պահանջներին, ապա դա նշանակում է, որ դրանից հետո Ադրբեջանն է որոշողը դառնալու, թե Հայաստանն ինչպիսի պետություն է լինելու։ Սա, իհարկե, չի բերելու որևէ թղթի ստորագրման, այդ մասին բազմիցս ենք ասել ու հիմնավորել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am