«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, առաջիկայում պետք է կենտրոնանալ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ստորագրելու, վավերացնելու վրա: Ձեր գնահատմամբ նոր զարգացումների մասի՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանը:
– Միանգամայն հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ունի մտավախություն, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի որոշակի սրացման, ու դա, ըստ իս, կարող է պայմանավորված լինել միջազգային իրադրությամբ: Այսինքն՝ ոչ թե Ադրբեջանն ինքը նախաձեռնի սրացում, այլ պարզապես համաշխարհային դիմակայության համատեքստում որոշակի ուժային կենտրոններ Ադրբեջանից ակնկալեն իրավիճակի սրացում՝ այն Ռուսաստանի ու ռուս-ամերիկյան համաձայնության դեմ օգտագործելու համար:
Ու մենք տեսնում ենք, որ վերջին օրերին եղավ Պուտին-Թրամփ հեռախոսազրույց, ու նավթամթերքների վերաբերյալ այդ համաձայնությունը, որը դե ֆակտո պարզապես Թրամփին իշխանության դիրքերը պահելու վերաբերյալ համաձայնություն էր, իսկ Կովկասն ըստ էության ներկայումս դիտարկվում է ոչ միայն պարզապես Ռուսաստանի դեմ հնարավոր երկրորդ ճակատի տրամաբանության շրջանակում, այլ նաև հենց ռուս-ամերիկյան քննարկումների ու նաև ԱՄՆ-ի դեմ՝ հաշվի առնելով «Թրամփի ուղին»:
Իսկ այստեղ գլխավոր մրցակից կողմը Եվրոպան է ու եվրոպական քաղաքականության ներկայիս գլխավոր մոդերատոր ուժը՝ Բրիտանիան: Կարծում եմ, այն գործընթացները, որ տեղի են ունենում հիմա այդ մեծ դաշտում, կարող են ակնկալիք առաջացնել, որ Ադրբեջանը գնա Կովկասում իրավիճակը սրելու, բնականաբար, մյուս կողմից էլ՝ ակնկալելու են Ադրբեջանից չանել այդպիսի քայլեր, բայց իրավիճակը դառնում է որոշակիորեն անկանխատեսելի:
Ադրբեջանի ներկայիս իշխանության հանդեպ կան բավականին լծակներ նաև հենց եվրոպական կամ բրիտանական բևեռում: Այս խնդիրները կան, ու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը վերջին շրջանում նկատելի է դարձնում, որ նա ունի այս մտավախությունները:
– Ստացվում է, Փաշինյանը փորձում է անել հնարավորը, որ այդ մտավախությունները չարդարանա՞ն:
– Փաշինյանը կարող է փորձել լուծել մի խնդիր՝ առիթ չտալ, ու նա փորձում է ընդամենն առավելագույնը անել՝ Ադրբեջանին իրավիճակը սրելու առիթ չտալու համար:
– Դատելով Ադրբեջանի քաղաքականությունից, աշխարհաքաղաքական իրավիճակից՝ պատրա՞ստ է Ադրբեջանը ստորագրելու խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքով:
– Կարծում եմ, որ Ադրբեջանն ամենևին էլ դեմ չի լինի ստորագրելու այդ պայմանագիրը, բայց դա անելու է առավելագույն բարձր գնով։ Չպետք է մոռանալ, որ այդ պայմանագիրը, մեծ հաշվով, հենց Ադրբեջանն է կազմել ու փոխանցել Երևանին, որին վերջինս կետ առ կետ համաձայնել է: Պարզապես Ադրբեջանի համար դա որպես այդպիսին նպատակ չէ, այլ՝ միջոց, հետևաբար Բաքուն ստորագրելու կգնա առավելագույն բարձր գնով։
Մենք տեսնում ենք, որ հիմա հրապարակավ դրել է Սահմանադրության խնդիրը, դա էլ իր հերթին Ադրբեջանի համար կարևոր հարց է, որովհետև այդպիսով Ադրբեջանը փորձում է ամբողջապես չեզոքացնել ու զրոյացնել Արցախի հարցի շուրջ բանակցային միջազգային ամբողջ պատմությունը: Եվ երբ Հայաստանը փոխում է իր իրավաքաղաքական անկյունաքարային փաստաթուղթը, դա նշանակում է, որ Հայաստանը, ինչպես ժամանակին Փաշինյանն էր ասում արցախյան հակամարտության մասով, «զրոյական կետից է սկսում» իրավաքաղաքական իմաստով, իսկ սա նշանակում է այդ ամբողջ բանակցային գոծընթացի չեղարկում:
Ադրբեջանը երկու առանցքային ուղղությամբ է այստեղ կապված՝ մեկը Մինսկի խմբի պատմությունը, մյուսը՝ Հայաստանի իրավաքաղաքական քեյսը, որովհետև Հայաստանի հետ են բանակցել, Ալիևը Հայաստանի նախագահների հետ է բանակցել, այդ թվում՝ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այլ հարց է, որ նա համաձայն չի եղել այդ ամեն ինչի նկատմամբ Հայաստանի մոտեցումներին, բայց ինքնին բանակցության փաստը, թեման վկայում են, որ Ադրբեջանն ընդունել է այդ հարցի գոյությունը ու բանակցելու անհրաժեշտությունը, հիմա փորձում են զրոյացնել այդ ամեն ինչը ու խաղաղության պայմանագրի դիմաց այդ պայմանը որ դրել են՝ դա ավելի կարևոր խնդիրներ լուծելու ճանապարհ է:
Ադրբեջանը սրա համար իհարկե կստորագրի այդ պայմանագիրը, եթե այս համատեքստում հասնի իր առավելագույն ուզածին:
– Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի՞ քաշելու, պարո՛ն Բադալյան:
– Ադրբեջանն այդ պահանջները դրել է մի քանի ուղղությամբ, այսինքն՝ այնպես չէ, որ միակ պահանջը Սահմանադրության փոփոխությունն է, Ադրբեջանն ավելի երկարաժամկետ պահանջներ է դնում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» պահանջը երկարաժամկետ ու էքզիստենցիալ է, մյուսն էլ՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացով պայմանավորված, Ադրբեջանն ունենալու է պահանջներ, թելադրելու է պայմաններ, մոտեցումներ և այլն:
Արդեն իսկ այդ պահանջները կան, ու դրանցով են պայմանավորված, որ սահմանազատման ու սահմանագծման այդ գործընթացը գետնի վրա մինչև հիմա չի էլ մեկնարկում, որովհետև կան այդ ամեն ինչը փաթեթավորելու բարդություններ և այլն: Այսպիսով, Ադրբեջանն արդեն մի քանի ուղղություններով ներկայացրել է իր պահանջները, ու նորերի կարիք չկա էլ, որովհետև եղածներն էլ արդեն շատ են: Էական է, որ Ադրբեջանն իր պահանջները մեկ կետի վրա չի կենտրոնացրել, տարբեր ուղղություններով են գնում, որ իրենց համար խաղի մեծ դաշտ բացեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















