Փաշինյանը վճռականորեն առաջ է տանելու իր քաղաքական գիծը և դրա համար ունի արտաքին ծանրակշիռ աջակցություն․ Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

– «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Քյարքին, ինչպես նաև մյուս անկլավները չեն մտել, այլ ընդհակառակը, մտել է Արծվաշենը։ Հիմա նրանք, ովքեր ասում են՝ չէ՛, մենք թույլ չենք տալու, հրահրում են պատերազմ»,-սրանք Փաշինյանի խոսքերն են։ Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ո՞րն է Փաշինյանի քաղաքականությունը։

– Վարչապետ Փաշինյանը առաջնորդվում է «Իրական Հայաստան» իր տեսական քաղաքական կոնցեպտով, որը մշակվել ու շրջանառության մեջ է դրվել վերջին երկու-երեք տարիների ընթացքում: Այդ կոնցեպտն արտացոլում է պատերազմում պարտված, սակայն փաստացի իշխանությունը պահպանած քաղաքական առաջնորդի հիմնարար մոտեցումը՝ իր վերահսկողության տակ մնացած հայապատկան տարածքի հետագա, պայմանականորեն ինքնիշխան, գոյությունն ու սեփական իշխանության հարատևումը համադրելու գաղափարը: Կարելի է ասել, որ այժմ նա փորձում է Հայաստանը հավասարակշիռ վիճակի բերել արտաքին միջավայրի հետ՝ հրաժարվելով ձեր նշած տարածքային սահմաններից դուրս հայկական պատմաքաղաքական և այլ իրավունքների իրացման մտքից, ձգտում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության վիճակ ձևավորել: 

Ինչ վերաբերում է 29743 քառակուսի կիլոմետր տարածքին, ապա թեև թիվը շատ կոնկրետ է, սակայն, իրականում, նաև միանգամայն պայմանական: Հայաստանի տարածքի մակերեսի ստույգ հաշվարկը հնարավոր կլինի անել միայն սահմանազատման գործընթացի ավարտից հետո: Կարծում եմ, որ պատահական չէր, օրինակ, Ռուսաստանի նախագահի հնչեցրած այն միտքն, ըստ որի ՀԱՊԿ-ը չհակազդեց 2022-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ նախաձեռնած ռազմական ներխուժմանը, քանի որ պարզ չէր, թե միջպետական սահմանը որտեղով էր անցնում: 

Ինչևէ, երբ վարչապետ Փաշինյանն ասում է, թե Տիգրանաշենը հանձնելուն դիմադրող ուժերն ու անձինք պատերազմ են հրահրում, նա նկատի ունի այն, որ մերժելով իր «Իրական Հայաստանի» հայեցակարգը, նրանք դրդում են պաշտոնական Բաքվին ուժի կիրառմամբ վերադարձնել այն, ինչն Ադրբեջանին է պատկանում՝ պաշտոնական Երևանի կարծիքով: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այդ քաղաքական ուժերն ու մարդիկ Հայաստանի ապագայի իրենց՝ քաղաքականապես հիմնավոր ու իրագործելի համարժեք տեսլականը դեռևս չեն մշակել ու հանրայնացրել:

– Եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, դա ի՞նչ կնշանակի մեր պետության համար։

– Առայժմ կողմերը կարծես թե համաձայնել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ: Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, ապա, որպես ենթադրություն, կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ: Դրանցից երկուսը վերաբերելի են անկլավների խնդրի լուծման իշխանական մոտեցումներին: Առաջին տարբերակը կարող է գործարկվել սահմանազատմանը համընթաց, և այդ դեպքում, օրինակ, ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից կզուգահեռվի երկրի հյուսիսում գտնվող ու ադրբեջանապատկան համարվող անկլավներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու գործողությանը, իսկ Արծվաշենի ու Տիգրանաշենի հնարավոր փոխանակումն այդ դեպքում կթողնվի որպես սահմանազատման գործընթացի վերջակետ: Սա հանդարտ տարբերակն է: 

Ավելի կոնֆլիկտածին կլինի մեկ այլ հնարավոր տարբերակ, որի կիրառման դեպքում բոլոր անկլավների խնդիրը կթողնվի ընդհանուր սահմանազատումն ավարտելու վերջին պահին: Այս երկրորդ տարբերակը կարող է նախադրյալներ ապահովել, որ Ադրբեջանն իր զինուժը դուրս չբերի Հայաստանից բռնազավթված բոլոր տարածքներից: Բայց ամեն դեպքում սրանք վարկած-տարբերակներ են, որոնք կարող են և չիրականացվել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից դուրս զարգացող արտաքին գործընթացների բերումով:

– Պարո՛ն Մելիքյան, Փաշինյանն ասում է, որ 29743 քառակուսի կիլոմետրի հիմքն Ալմա Աթայի փաստաթուղթն է, ու Ադրբեջանը չի կարող չճանաչել դա, բայց մինչ օրս պաշտոնական Բաքվից մենք չենք լսել հայտարարություն, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել։

– Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն այս հարցում շտապելու որևէ կարևոր դրդապատճառ առայժմ չունի: Պաշտոնական Բաքուն իր նպատակներին հասնելու համար վարժվել է բավականին արդյունավետ կերպով տնօրինել իր նյութական, ֆինանսական, ուժային ռեսուրսներն ու ժամանակը: Այդ առումով Հայաստանի հանդեպ իր բազմաբնույթ ճնշումը նվազեցնելու իմաստը չի տեսնում՝ մինչև վերջ չի խեղդում, բայց նաև թույլ չի տալիս լիարժեք շնչել:

– «Պատերազմ կլինի, եթե այս կամ այն բանը չանենք» խոսույթը նորություն չէ հայ հասարակության համար, հիմա ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս խոսույթին։

– Վարչապետ Փաշինյանը վճռականորեն առաջ է տանելու իր քաղաքական գիծը և դրա համար ունի արտաքին ծանրակշիռ աջակցություն: Իր քաղաքական հակառակորդները խոցելի են մի շարք պատճառներով՝ թե անձնական որակների և անցած ուղու, թե նոր պայմաններում ճկուն, կենսունակ քաղաքականություն վարելու անկարողության բերումով: Ընդդիմադիրները, շեշտելով փրկիչ դառնալու առանձին անհատների հավակնությունը, իրենց քաղաքական, գաղափարական պայքարը հանգեցրեցին վարչապետ Փաշինյանի հետ միջանձնային դիմակայության և, այդպիսով, իրենց առաջնորդներին դարձրին խոցելի թիրախ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am