«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը
– Պարո՛ն Հովհաննիսյան, oտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: Ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանը ի՞նչ հույսով է դիմում ակնհայտ պատմական կեղծիքի:
– Սա ամենևին էլ նորություն չէ մեզ համար, այն սկսվել է դեռևս 1930-ական թվականներից ու թափ առել 1960-ականներին, երբ կեղծելով հայկական, հատկապես Հայոց Արևելից կողմի, այսինքն՝ Ուտիքի, Արցախի, ինչու չէ՝ նաև Սյունիքի, Նախիջևանի մշակութային ժառանգությունը, այն անվանել են աղվանական, որ իբր թե հայերը դեռ 9-րդ դարում՝ Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում, աղվանական գրերը ջնջել ու հայերեն են գրել այդ արձանագրությունները: Այսինքն՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, բայց նրանք ընդամենը առավել ակտիվ ու ցինիկ ձևով են այդ քաղաքականությունը վարում՝ առավելևս, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն՝ բռնի տեղահանման ձևով, հիմա էլ իրենք վարում են մշակութային ցեղասպանության քաղաքականություն:
Սա այդ շղթայի շարունակությունն է՝ ավելի ցինիկ ու այլանդակ ձևերով, որովհետև վաղուց Ադրբեջանի ձեռքը բռնող չկա, նա վաղուց արդեն խախտել է բոլոր կարմիր գծերը, ու մենք տեսանք նաև եվրոպացի դիվանագետների հորթային հրճվանքը, որոնց մի մասը շատ լավ տիրապետում էր իրականությանը, բայց որևէ բան չասաց: Ադրբեջանը մանիպուլացնում է, ընդհանրապես Գանձասարի մատենադարանում՝ որպես Մայր Մատենադարանի մասնաճյուղ, հիմնականում կրկնօրինակներն ու մակետներն են եղել, բնօրինակները եղել են Երևանի Մատենադարանում:
– Հայկական կողմը պետական մակարդակով ի՞նչ արձագանք պետք է տար Հաջիևի հայտարարությանը:
– Դուք հույս ունեք, որ պետք է պետական մակարդակով արձագա՞նք լիներ, չե՞ք տեսնում մեր իշխանությունների վարած քաղաքականությունը: Մարդիկ խուսափում են «Արցախ» բառից, «Դադիվանք», «Գանձասար» բառերից, ուր մնաց ինչ-որ արձագանք տան:
– Չարձագանքելը ի՞նչ հետևանքներով է հղի:
– Ադրբեջանը տեսնում է, որ չկա պետական մակարդակով արձագանք մշակութային ցեղասպանությանը, ինչ ուզում, այն էլ անում են ու դեռ կանեն: Ճիշտ է, ՀԿ-ներ, անհատ արցախցիներ, ակադեմիական շրջանակներ, Սփյուռքի որոշ շրջանակներ անում են հայտարարություններ, փաստեր ներկայացնում են, բայց դա արդյունք չի տալու, դա ակնհայտ է:
Իհարկե չպետք է ձեռքերը ծալած նստել, բայց թե որքանով է դրա արդյունավետությունը բարձր, բոլորս ենք տեսնում: Պետությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, նախկինում ոնց էին միասնական տարվում աշխատանքները, իսկ հիմա մնացել է անհատական աշխատանքը, ու երբ միասնական աշխատանք չի տարվում, պետական մակարդակով գործ չի արվում, հետևանքը լինում է սա:
– Պարո՛ն Հովհաննիսյան, բայց արտգործնախարարն այսօր ասաց, թե իրենք աշխատանք տարել են Մատենադարանի հետ համատեղ, ու ինքը գոհ է արված արձագանքից:
– Գրոնոյին տարել են Մատենադարան, մասնագետները իրողությունը բացատրել են, դա արտաքին քաղաքական գերատեսչության խո՞սք է, հարցը միայն Գանձասարի մասին չէ, քանի՞ տասնյակ հուշարձաններ են ոչնչացրել այս ընթացքում: Հաջիևի հայտարարությունից մի քանի օր առաջ ոչնչացրել են Շուշիի հայ-ռուսական գերեզմանոցը, արձագանք եղե՞լ է: Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, միջազգային կոնվենցիաներով դատապարտելի ու անթույլատրելի է, բայց համապատասխան կառույցները Ադրբեջանի ահից խուսափում են որևէ արձագանքից, Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացումից փրկելու վերաբերյալ որևէ հայտարարություն, քայլ չեն անում:
– Եթե ոչ մի կողմից արձագանք չլինի, հնարավոր համարո՞ւմ եք, որ ադրբեջանական կողմն ի վերջո Արցախում կոչնչացնի մեր պատմամշակութային կոթողները:
– Ադրբեջանը հենց դա էլ անում է այս տարիների ընթացքում, նա ուրիշ ոչ մի բան չի անում: Ադրբեջանը ամբողջական գյուղ է ոչնչացնում, նրանք մեր պատմական լանդշաֆտն են փոխում, ինչը նշանակում է հայկական հետքի, արմատի ոչնչացում:
Քրիստինե Աղաբեկյան

















