Ադրբեջանի ձեռքը բռնող չկա, նույն միջազգայինները լուռ են, որովհետև չկա պետական համապատասխան վերաբերմունք. Լեռնիկ Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ավելի շրջահայաց լինել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի հիմնահատակ ոչնչացման հարցի նկատմամբ, «որովհետև դրանք երկսայրի սուր են։ Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով»։ Ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի այս մոտեցմանը:

– Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի չէ Հայաստանի իշխանությունների այս արձագանքը, նրանք 2023-ին ե՞րբ ձայն հանեցին, որ հիմա հանեն, արտաքին գործերի նախարարության ՅՈԻՆԵՍԿՕ-ի համապատասխան վարչությանը վաղուց չի հետաքրքրում Արցախի մշակութային ժառանգությունը, ինչի ապացույցն էլ նրանց կատարած գործողություններն են: 

Ի՞նչ է նշանակում «երկսայրի սուր են», հավասարության նշա՞ն են դնում, երբ Նախիջևանում 27000 հուշարձան են ոչնչացրել տարիների ընթացքում, Արցախում դա Ադրբեջանն անում է պետական մակարդակով, իսկ Արցախում պետական մակարդակով որևէ մզկիթ ոչնչացվե՞լ է: Ո՛չ, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետև նույն իսլամական մշակույթի հոգևոր-պաշտամունքային շինությունները մտցված են եղել Արցախի Հանրապետության պատմության ու մշակույթի հուշարձանների ցուցակներում, ինչը հաստատվում էր Կառավարության որոշմամբ: 

Ավելին ասեմ, Շուշիի միակ մզկիթի վերանորոգման համար Այ Բե Ա հիմնադրամը անմիջականորեն Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ գումար է տրամադրել: Վերանորոգվել ու վերակառուցվել են թե՛ մզկիթի, թե՛ շրջակայքի հոգևոր շինությունները, ու դրա վրա ծախսվել է 1 մլն 200 հազար դոլարի գումար: 

Հավասարությունը այստեղ ո՞րն է, ես չեմ հասկանում, թե այդ «երկսայրի սուր» ասելով ինչ նկատի ունի, որովհետև փաստերը լրիվ հակառակն են ասում: Եթե դու լռում ես, ապա Ադրբեջանն ինչ ուզում անում է, որովհետև ձեռքը բռնող չկա, այո՛ հասարակական տարբեր կազմակերպություններ, անհատներ, ակադեմիական շրջանակներ աշխատում են, հանրահռչակում են, բողոքում են, բայց դա որևէ արդյունք չի կարող ապահովել ու չի ապահովում, քանի որ չկա պետական քաղաքականություն: Այս պարագայում Ադրբեջանն ավելի սանձարձակ է դառնում ու ինչ ուզում անում է: 

Ադրբեջանը պատճառաբանում է, թե 1994 թվականից հետո կառուցված բոլոր շենք-շինությունները Ադրբեջանի օրենսդրությանը չեն համապատասխանում, ուստի ենթակա են ոչնչացման, բայց նույն Ադրբեջանը ոչնչացնում է նաև Շուշիի Կանաչ ժամ Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը սկսել է կառուցվել 1847 թվականին, կամ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին հո 94-ից հետո՞ չի կառուցվել, 19-րդ դարի կառույց է: 

Նման օրինակները շատ են, ու սա վկայում է, որ Ադրբեջանն արդեն ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, ավելին ասեմ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հարավից՝ Կովսականից դեպի Բերձոր եկող ճանապարհի վերակառուցման ժամանակ ոչնչացրել են Այգեկ գյուղի մոտ գտնվող շիական մզկիթ-աղոթատունը՝ իսլամական մշակույթի հուշարձան, հիմնահատակ ոչնչացրել են: Սա նաև ապացույց է, որ իրենք միայն քրիստոնեական հուշարձանները չէ որ ոչնչացնում են, որովհետև Ադրբեջանը շատ սանձարձակ է դարձել: 

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճարի դեպքը թվով յոթերորդն է, երբ Ադրբեջանը հիմնահատակ ավերում է եկեղեցիները, վանդալիզմի ու պղծության հարյուրավոր դեպքեր էլ կարող ենք թվարկել, որոնք գրեթե ամեն օր են կատարվում: Մենք անգամ չգիտենք, թե մեր մոնումենտալ արվեստի կոթողներն ինչ վիճակում են: Ադրբեջանը փոխում է մեր պատմական լանդշաֆտը՝ մեր ավանդական գյուղերը ոչնչացնելով, միայն Հադրութի շրջանում արդեն չորս գյուղ գոյություն չունի՝ Խծաբերդը, Մոխրենեսը, Մայրամաձորը, Թաղուտը: Շուշիի շրջանում երկու գյուղ չկա՝ Քարին Տակ և Լիսագոր, Մարտունու շրջանում՝ Սարգսաշենը: 

– Մշակութային ցեղասպանությանը պատշաճ արձագանք չտալու հետևանքները որո՞նք են լինելու:

– Ադրբեջանն ամեն օր մի հուշարձան կոչնչացնի ու կշարունակի իր գործը: Նախորդ միտքս ամբողջացնելով ասեմ, որ Ստեփանակերտի պատմական թաղամասը ևս ոչնչացվել է, այն գոյություն չունի, տեղն ինչ-որ Հաղթանակի պուրակ են կառուցել: Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ոչնչացնում է մեր հետքերն Արցախում, ինչպես արել են Նախիջևանում: Ասեմ նաև, որ այն եկեղեցիները կամ եկեղեցական համալիրները, որոնք իրենք աղվանական են հռչակել, օրինակ՝ Ամարասը, որտեղ փակցրել են Ադրբեջանի մշակույթի նախարարության ցուցանակը, թե «Պահպանվում է պետության կողմից» և այլն, չի խնամվում, տարածքը երբ նայում ես, ամբողջությամբ խոտով է ծածկված, այսինքն՝ անմխիթար վիճակում է: Ուզում եմ ասել, որ կարող են ցուցանակը դնել, չքանդել եկեղեցիները, բայց չխնամել, ու ժամանակի ընթացքում դրանք ևս կավերվեն: 

Ադրբեջանի ձեռքը բռնող չկա, ու որևէ կառույց՝ նույն միջազգայինները լուռ են, որովհետև նախևառաջ չկա պետական համապատասխան վերաբերմունք: Նույն այդ միջազգային կառույցները, որոնց գործառույթը հենց հակամարտող տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանումն է, Արցախ անգամ մշտադիտարկման խումբ չի ուղարկել, պատճառաբանելով, թե Ադրբեջանը չի թողնում, բայց նույն այդ կառույցները քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Եմենում գործիքակազմեր են կիրառում: Բայց բնական է, որ պահանջող չկա, դրա համար էլ իրենք ոչինչ չեն անում: Լրագրող եք, դիմեք ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժին, թող ասեն, թե իրենց գործառույթը ո՞րն է, ու ի՞նչ են իրենք արել դրա համար: 

– Պարո՛ն Հովհաննիսյան, փաստորեն, եթե պետական մակարդակով պահանջ, պատշաճ աշխատանք լինեին, ապա ա՞յլ պատկեր կունենայինք:

– Ադրբեջանը գոնե մի քիչ զսպվածություն կդրսևորեր, գոնե կիմանային, որ այդ հուշարձանները տեր ունեն, որ դրանք պաշտպան ունեն, բայց այսօր դա չկա: Անհատական կամ ինչ-որ կազմակերպությունների մակարդակով արվում են քայլեր, բայց եթե չկա պետական քաղաքականություն այդ ամեն ինչի հետ կապված, ապա իրականության մեջ որևէ արդյունք չի կարող ապահովվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am