Այս փոփոխությունը պատահական չէ, պետք է մարդկանց բերանը փակել. Կարապետյանցը՝ վիրավորանքի և զրպարտության մասին նոր օրինագծի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, ըստ որի վիրավորանքի համար, այդ թվում՝ սոցիալական ցանցում գրված մեկնաբանության, եթե դատարանը նշանակի դրամական փոխհատուցում, նախատեսվում է սահմանել նվազագույն չափ՝ 1 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամ։ Նշեմ, որ գործող օրենքը սահմանում է միայն վերին սահման՝ համապատասխանաբար մինչև 3 միլիոն և մինչև 6 միլիոն դրամ։ Ինչպե՞ս եք գնահատում նախարարության առաջարկը:

– Հաշվի առնելով, որ մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների, աղքատությունը հասնում է 25 տոկոսի, սահմանված գումարի չափը շատ բարձր է: Բայց սա նորմալ է Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում, որովհետև ես բազմիցս եմ ասել, որ Փաշինյանը ձգտում է հասնել դիկտատուրայի, ու սա ուղիղ քայլ է այդ ուղղությամբ: Նա ստեղծում է այնպիսի միջավայր, որ հնարավոր չլինի անհամաձայնության խոսքեր հնչեցնել, սա շատ սուբյեկտիվ մոտեցում կարող է ունենալ, որովհետև ամենասովորական մեկնաբանությունը կարող է դիտվել որպես զրպարտություն կամ վիրավորանք: 

Հիշեցնելու համար ասեմ, որ դիկտատուրաները մեկ անձով պայմանավորված չեն, առհասարակ դիկտատուրաներն ու հանցավոր ռեժիմները ստեղծում են տարբեր գործիքակազմեր՝ ներառյալ օրենսդրական այնպիսի դաշտ, որտեղ մարդը կդառնա ոչ մի բան, զրո: Նիկոլ Փաշինյանը հենց այս ճանապարհով էլ գնում է, ու սա առաջին գործողությունը չէ. փաստաբանների ծառայությունների թանկացումը ու այս ոլորտում մի շարք այլ փոփոխությունները նպատակ ունեին ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդը չկարողանա դիմել դատարան, չկարողանա իր իրավունքները պաշտպանել: 

Նիկոլ Փաշինյանի կառավարաման տարիներին դատարան դիմելը շատերի համար դարձել է անմատչելի՝ հաշվի առնելով պետական վճարների բարձրացման չափերը: Արդարադատության համակարգն արդեն դարձել է հարուստների շքեղությունը կամ պետական պաշտոնյաների շահերը պաշտպանելու գործիք, իսկ սովորական քաղաքացին զրկված է դրանից: Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ ամեն հաջորդ քայլով Նիկոլ Փաշինյանը ավելի է մոտեցնում դիկտատուրան: 

– Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այս նախագիծը կարող է սահմանափակել այլակարծությունն ու իշխանություններին ուղղված քննադատությունը։

– Միանշանակ, որովհետև նաև միջազգային ստանդարտները նախատեսում են, որ պաշտոնյաները շատ ավելի քիչ պաշտպանվածություն ունեն, ու իրենք պետք է հաշտ լինեն այն բանի հետ, որ պարգևավճարների ու բարձր աշխատավարձի հակառակ կողմում լինելու են քննադատություններ, ուշադրություն գործողություններիդ նկատմամբ, անհամաձայնություններ ու կոշտ գնահատականներ: 

Բայց այս տարիների ընթացքում մենք տեսանք, որ իշխանությունները սրա հետ հաշտ չեն, ու այս նոր փոփոխությունը բնավ էլ պատահական չէ, որովհետև մեզ սպասում են նոր զիջումներ, որոնց մի մասից հասարակությունը տեղյակ է, մի մասի վերաբերյալ դեռ չեն ասել: Հետևաբար այն փոքրաթիվ մարդկանց, որոնք խոսում են ու դեռ բանտերում չեն, բերանը փակելու համար նոր գործիքներ ստեղծելու անհրաժեշտություն կա: 

– Տիկի՛ն Կարապետյանց, ընդդիմադիր հայացքներով մարդիկ մշտապես դժգոհում են, որ նմանատիպ օրենքները միայն իրենց վրա են տարածվում, իսկ երբ իշխանության ներկայացուցիչներն են իրենց վիրավորում, դատարանն այդ ամենում խնդրահարույց բան չի տեսնում: Ձեր կարծիքով՝ այս փոփոխությունը կարո՞ղ է խորացնել օրենքի ընտրովի կիրառման մտահոգությունները։

– Դա կոչվում է հանցավոր ռեժիմ, ու հանցավոր ռեժիմը միայն մեկ անձ չէ, դա համակարգ է: Երբ դատախազությունը մարդու վրա թքելը սկզբունքորեն արդարացնում է, չի դատապարտում, երբ սեռական բնույթի հայհոյանքները, որոնք հնչեցվում են պաշտոնյաների կողմից, չեն գնահատվում որպես խուլիգանություն, երբ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելը չեն համարում խուլիգանություն, երբ ինչ-ինչ գործեր էլ, երբ հասնում են դատարան, ու դատարանը դա չի համարում պատժելի արարք, սա կոչվում է հանցավոր ռեժիմ: 

Այս տրամաբանության մեջ կատարվողը նորմալ է, Նիկոլ Փաշինյանը դիկտատոր է ու ձգտում է խորացված դիկտատուրայի, իսկ համակարգն էլ հանցավոր ռեժիմ է, որովհետև դիկտատորի ձեռքը բռնելու որևէ մեխանիզմ չունի: Այս ամենից ազատվելու միակ ելքը հանցավոր ռեժիմի փոփոխությունն է, որի պայմանններում այլևս ոչ մեկը չի կարող ունենալ ամբողջական իշխանություն ու դիկտատոր դառնալու հնարավորություն:

– Ձեր կարծիքով՝ գործող օրենսդրությունը բավարար հնարավորություններ տալի՞ս է նաև իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող վիրավորանքներին ու զրպարտություններին իրավական գնահատական տալու համար, թե՞ նոր կարգավորումների անհրաժեշտություն կա։

– Այսօրվա մեր օրենսդրությունը լավագույնը չէ, բայց նաև ամենավատը չէ, եղածով էլ կարելի է բավականին արդյունավետ աշխատել, ամբողջ հարցը դա անելու ցանկություն կա՞, թե՞ չէ: Բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են վիրավորանքներ, զրպարտություններ, բայց սրանց նման ցինիկ ու հայհոյանք տարածող իշխանություն չի եղել: Նրանք, ովքեր նվազագույն բարեպաշտությունը չէին պահում, ժամանակին տեղափոխվում էին քիչ ավելի տեսանելի պաշտոնների, որտեղ ինքը հանրային խոսք չէր ունենում, այս իշխանությունը բացասական սելեկցիա է անում, ու բարոյական նորմերից զուրկ ինչքան մարդ կա, իրենք բերում են առաջին պլան: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am