Աբսուրդ է, նույնն է, թե որոշեն՝ մեքենաների անիվները չպետք է ասֆալտին դիպչեն․ Քեյանը՝ Երևանի մոտ մարզային մեքենաների կայանման առաջարկի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը

– Պարո՛ն Քեյան, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է քաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ ստեղծել, որպեսզի մարզերից ժամանող վարորդները կարողանան այնտեղ թողնել իրենց մեքենաները և մայրաքաղաքում տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ սա երկարաժամկետ ռազմավարական նպատակ է, ոչ թե արդեն ընդունված սահմանափակում։ Որքանո՞վ է այս գաղափարն իրատեսական, և կարո՞ղ է այն նպաստել Երևանի երթևեկության բեռնաթափմանը։

– Ես սա լուրջ չեմ համարում ու չեմ էլ կարծում, որ լուրջ քննարկման արդյունքում նման որոշում կկայացվի: Նման լուծում ուղղակի չի կարող լինել, դա ավելի քան անիրատեսական է, պատկերավոր ասեմ՝ նույնն է, թե մի որոշում ընդունեն, որ բոլոր մեքենաները պետք է այնպես վարել, որ անիվները ասֆալտին չդիպչեն: 

Չի կարող այս գաղափարը կյանքի կոչվել, որովհետև մենք չունենք այն տարածքները, որտեղ պետք է լինեն այդ կայանատեղիները, ես դեռ չեմ խոսում վերահսկողության, տարանջատման՝ ում թողնել, ում չթողնել, եթե պաշտոնյա է, իրեն պետք է գրին քարտ տալ, որ ազատ ելումուտ ունենա, այս ու այլ հարցերի մասին դեռ չեմ խոսում: 

Ընդհանուր միտքն է աբսուրդ. միտք են արտահայտում ու սպասում, թե այդ մտքին ի՛նչ հակափաստարկներ կլինեն, լսում են տարբեր կարծիքներ ու ըստ այդմ վերջնական որոշման հանգում: Իմ տրամաբանությամբ՝ երկար կքննարկեն ու ի վերջո չեն իրագործի այս միտքը, բայց, դե, կարող է նաև հակառակը լինել, որովհետև մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ: 

– Բայց իրագործումն այնքա՞ն էլ իրատեսական չէ:

– Ես ասացի, որ դա իրագործելի միտք չէ:

– Իսկ իրատեսական ու գործնականում կիրառելի ի՞նչ լուծումներ կան, որ քաղաքի խցանումները հնարավոր լինի մի փոքր կրճատել:

– Մենք այս պահին չունենք իրավիճակ, որ ասենք՝ Երևանը խցանված վիճակում է, դեռ դրան չենք հասել, բայց որ այսպես շարունակվի՝ կհասնենք: Քաղաքապետարանը որդեգրել է միակողմանի փողոցները ավելացնելու քաղաքականություն, ինչը լավ է, բոլոր վարչական շրջաններում պետք է լինեն նման փողոցներ, երկրորդ՝ առանձնացված այդ երթուղիներով, բացի հանրային տրանսպորտային միջոցներից, պետք է նաև տաքսի ծառայություն իրականացնողներն իրավունք ունենան երթևեկել: 

Որպեսզի կարողանանք տարբերակել՝ տաքսու վարորդ է, թե սովորական վարորդ, որը տաքսու նշանով է երթևեկում, դրա համար պետք է օրենսդրական կարգավորումներ անել, այդ մարդկանց լիզենցավորել, մեքենաները կահավորել, որպեսզի մարդիկ հստակ տարբերակեն: 

Երրորդ՝ անհրաժեշտ են այլընտրանքային ճանապարհներ, որոնց համար արդեն ավելի շատ ֆինանսական միջոցներ են պետք: Իրատեսական միջոցներ կան, որոնք պետք է արվեն, իսկ մնացած ամեն բան, ինչ իրենց մտքում կա, ոչինչ չասող կարգավորումներ են: 

Վերջին որոշումն էլ է աբսուրդային, որ եթե վթարից հետո վարորդը 15 րոպեում չազատի ճանապարհը, ապա տուգանվելու է, մարդիկ հազար խնդրի առաջ են կանգնում այդ ժամանակ, վարորդներ կան, որ թեթև վթարից խառնվում են իրար: 

Սրա համար ևս այլընտրանքային լուծումներ կան, որոնք պետք է անել: Մի տեղ վթար է լինում, կարգավորում են այդ ճանապարհը, բայց մեկ այլ տեղ նույնանման ճանապարհին որևէ բան չեն անում, իսկ ո՞նց բացատրել այդ մարդկանց, որ պետք է նույնն էլ արվի համանման մյուս ճանապարհներին: 

Իրենք փորձում են արգելքների, տուգանքների միջոցով խնդիրներ լուծել, բայց որևէ խնդիր այդ կերպ չի լուծվի: Ասում էին՝ մգացված ապակիների պատճառով էին վթարները, հանեցին, բայց վթարների թիվը չնվազեց, կարմիր գծերը թանկացրին, որևէ բան չփոխվեց: Փորձադաշտ են դարձրել, մարդիկ էլ՝ փորձակենդանի, անընդհատ փորձում են, չգիտեմ, թե ե՛րբ կդադարեն այդ փորձերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am