Գերմանիայի արևմուտքում գտնվող Վատենհայմ համայնքի 80-ամյա բնակչուհին կարողացել է բացահայտել իրեն խաբելու փորձն ու ոստիկանության օգնությամբ կազմակերպել կասկածյալների ձերբակալությունը։
Կնոջը զանգահարել են անծանոթ համարից և հայտնել, թե իբր նրա դուստրը մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր է դարձել, և բանտից խուսափելու համար անհրաժեշտ է 90 հազար եվրո գրավ վճարել։
Տարեց կինը հասկացել է, որ գործ ունի խարդախների հետ, սակայն շարունակել է զրույցը։ Նա ասել է, որ ունի ընդամենը 19 հազար եվրո։ Երբ զանգահարողը համաձայնել է այդ գումարին, կինը պայմանավորվել է հանդիպման մասին, ապա դիմել ոստիկանություն։ Նշված վայր են տաքսիով ժամանել երկու կին՝ 26 և 27 տարեկան։
Նրանցից մեկը վերցրել է գումարի համար նախատեսված պայուսակը, որից հետո ոստիկանները ձերբակալել են երկուսին էլ։ Նրանց նկատմամբ հետաքննություն է ընթանում, իսկ կասկածյալներից մեկը կալանավորված է։ Գերմանիայում հեռախոսային խարդախություններից պատճառված վնասը շարունակում է աճել։ dpa-ի՝ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության տվյալների վրա հիմնված հաղորդման համաձայն՝ ոստիկան ներկայացող հեռախոսային խարդախների գրանցված դեպքերը 2024 թվականի 3946-ից 2025-ին հասել են 4646-ի։
Պատճառված վնասը կազմել է 49,5 միլիոն եվրո՝ նախորդ տարվա 30,1 միլիոնի դիմաց։ Մեկ այլ տարածված սխեմայի դեպքում խարդախները տարեցներին հայտնում են նրանց երեխաների կամ թոռների հետ կապված կեղծ արտակարգ իրավիճակների մասին։ Չնայած նման գրանցված դեպքերի թիվը 6658-ից նվազել է մինչև 4798, խարդախներին հաջողվել է հափշտակել մոտ 49 միլիոն եվրո՝ 2024 թվականի շուրջ 46,4 միլիոնի դիմաց։



















