Նոր Հայաստան, նոր արդարություն. ի՞նչ է փոխվել 6 տարի անց

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Վեց տարի առաջ հեղափոխության սրտում հնչում էին խոստումներ։ Դրանք Արցախի մասին չէին, անվտանգության մասին չէին, բայց նախևառաջ արդարադատության մասին էին։ Ժողովուրդը պայքար էր մղում թալանչիների դեմ, որոնք հասարակ մարդկանց օգտագործելու և կոռուպցիայի հաշվին հարստացել էին ու քաղաքացուն դարձրել «տուգանքի մատերիալ»: 

Վեց տարի անց հանկարծ պարզվում է, որ այդ անարդարությունը արդար էր։ Վեց տարի անց հանկարծ պարզվում է, որ Սահմանադրությունը մեծ հաշվով վատը չի, աղքատությունը մեր գլխում է, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև բարձր հարկերի, գների ու կիսատ-պռատ աշխատող տրանսպորտի բարձր վճարի մատերիալ է, իսկ ով ցածր աշխատավարձ է ստանում՝ ինքն է մեղավոր։ 

Ամանորից հաշված օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի տիկին, ասածս, համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել: 

Բոլոր մասնավոր և պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն: Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը և սեփական ծառայությունները ճիշտ ձևով առաջարկելը: Եթե, իհարկե, առաջարկելու բան ունի: Լավագույն մաղթանքներս»:

Հետաքրքիր միտք է։

Ի դեպ՝ աշխարհում և Հայաստանում մեծ տարածում գտած։ Ըստ այս տրամաբանության՝ ստացվում է, որ գրադարանավարուհիները, պոլիկլինիկայի բժիշկները, ուսուցիչների մեծ մասը, դպրոցների և տարբեր խնամքի կենտրոնների հոգեբանները, բուժքույրերն ու սանիտարները, մաքրուհիները, բանվորներն ու հսկիչները, մանկապարտեզի դայակներն ու դաստիարակները, անձնագրայինի աշխատակիցները և շատ ու շատ այլ ոլորտների ներկայացուցիչներ ստանում են 150.000-ից պակաս աշխատավարձ, որովհետև ԱՐԺԱՆԻ են դրան։ Որովհետև շուկային առաջարկելու ոչինչ չունեն։ Եվ, ամենակարևորը՝ չեն կարողանում հայտնվել ճիշտ պահին ճիշտ տեղում։ 

Եվ հասկանալի կլիներ, եթե նման պնդում աներ, ասենք, ինչ-որ խոշոր բիզնեսմեն կամ այն երկրի ղեկավարը, որը հաստատ գիտի՝ իր երկրում մարդու մասնագիտական աճի համար բոլոր հնարավոր պայմաններն ապահովված են։

Բայց եկեք նայենք մեր շուրջը։

Արդյոք մեր դպրոցական և բուհական կրթությունը սովորեցնո՞ւմ է քաղաքացուն այն հմտությունները, տալիս այն գիտելիքները, որոնք նրան մրցունակ կդարձնեն աշխատաշուկայում։ Ոչ։ Իհարկե կարելի է մասնավոր կերպով դրանք ձեռք բերել։

Բայց ինչպե՞ս վճարել դրա դիմաց, եթե, ասենք, սուպերմարկետի աշխատակից ես, ունես ամսական երկու հանգստյան օր, ստանում ես 120.000 դրամ։

Ստացվում է, որ կրթության և հմտությունների շուկան շատ քաղաքացիներին հասանելի չեն, իսկ պետությունն ասում է` դու ես մեղավոր։ Հետաքրքիր է` արդյոք այս վայրի, ջունգլիներին հարիր «ողջ է մնում միայն ուժեղը» արդարությո՞ւնն էին պահանջում մարդիկ 2018 թվականին Հանրապետության հրապարակում։ 

Կամ մի պահ պատկերացրեք, որ բոլոր 150.000 դրամ և ցածր աշխատավարձ ստացող աշխատողները մի օր դուրս չգան աշխատանքի։ Երկիրը կկանգնի։ 

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ մեր երկրի բազմաթիվ քաղաքական գործիչների և գործարարների բարձր ինքնագնահատականը կանգնած է միլիոնավոր անտեսված, ծիծաղելի ցածր աշխատավարձով աշխատող մարդկանց ուսերին։ 

Մարդիկ, որոնց համար իրենց գործը նախևառաջ պարտք է և առաքելություն, քանի որ այդ գումարի դիմաց տնից դուրս գալն այլ դրդապատճառ հաճախ չունի։ Մարդիկ, որոնց փաստացի մեր պետությունը հացի խնդիրը լուծելու համար առաջարկում է բլիթներ ուտել։

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am