Պոպուլիզմ, տրոլինգ և վախ. ընտրությունների իրական դեմքը Հայաստանում

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Երբ ընտրություններին հայտնվում է Spiderman-ը, պարզ է դառնում՝ փրկիչների պահանջարկը մեծ է: Մինչ տարբեր ուժերի վարկանիշները բարձրանում են և իջնում, իսկ Հակակոռուպցիոնն ու ԱԱԾ-ն բոլորիս էլեկտրական թեյնիկներից վերահսկում են մեր ֆինանսական շարժերը, կարելի է, կարծում եմ, որոշակի հետևություններ անել նախընտրական քարոզարշավի մասին: 

Ընտրություններին մոտ մեկ ամիս է մնացել, և արդեն կարելի է որոշակի պատկերացում կազմել ֆավորիտների, նրանց հնարավոր վարկանիշների և ապագա Ազգային ժողովի կազմի մասին: Իհարկե հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կանխատեսում կարող է հօդս ցնդել մեկ շաբաթ անց: 

Այս տարի նախընտրական ակտիվությունը հագեցած է թե՛ հին, թե՛ նոր տեխնոլոգիական լուծումներով, հոգեբանական ճնշումներով, մանիպուլյացիաներով ու վախերով և իհարկե փողով: Հարցի ֆինանսական կողմը թողնենք ոստիկանությանը: Իսկ մենք դիտարկենք քարոզարշավի երեք հիմնական թրենդ: Դրանք են՝ պոպուլիզմ, տրոլինգ և վախ: 

Պոպուլիզմ

300 հազար աշխատատեղ, գերիների վերադարձ, Եվրոպա, Խաղաղության խաչմերուկ… Յուրաքանչյուր մարդ, եթե մի պահ մտածի, կհասկանա, որ բոլոր այս խոստումների և տեսլականների ետևում թաքնված են բարդագույն գործընթացներ: Սրանք բարդ խնդիրներ են, որոնց լուծման մի զգալի մասը, ի դեպ, կախված չէ նրանից, թե ով կլինի իշխանության: Այստեղ դեր են խաղում թե՛ հարևանների կամքը, թե՛ գլոբալ տնտեսության շարժն ու ձևը, թե երկրի աշխարհագրական դիրքը: Բոլոր այս խոստումները միավորում է մի բան՝ մարդիկ վաճառում են այն, ինչ իրենցը չէ: 

Բարդ խնդիրներին առաջարկել պարզ լուծում: Սա հենց պոպուլիզմի գլխավոր ցուցիչն է: Կարևոր է այս պահին ընտրվելը, իսկ հետո՝ մի բան կմտածենք: 

Իհարկե պետք է նշել, որ պոպուլիզմը միշտ էլ եղել է քաղաքական հռետորաբանության մասը: Բայց այսօր Հայաստանում, ինչպես նաև աշխարհում, այն անցնում է հնարավորի սահմանները՝ մարդկանց նետելով ստի ու մանիպուլյացիաների մսաղացի մեջ: Ի հետևանք՝ ավելի խոր հիասթափություն քաղաքականության և պետության մեջ և ավելի շատ ու ավելի ծայրահեղ պոպուլիզմ: 

Տրոլինգ 

Երբ իրական ծրագրերն ու օրակարգերը դուրս են գալիս քաղաքականությունից, երբ կողմերը ավելի շատ իրենց փողերի վերաբաշխման հարցերն են լուծում և շատ աղոտ պատկերացում ունեն, թե ինչպես կարելի է լուծել երկրի խնդիրները, քաղաքականությունը վերածվում է տրոլինգի, ձեռառնոցիի, իրար բարոյապես վերացնելու ցանկության: 

ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսահոլովակներ, ֆեյք լուրեր, մոնտաժված, ես կասեի՝ «թքած-կպցրած» ձայնագրություններ, ոչ իրական օգտատերեր ու փչան խոսող գլուխներ: Այս ամենը կրկին բերում է նրան, որ քաղաքական դաշտը հասարակ քաղաքացու աչքում վերածվում է ինչ-որ պարզունակ կրկեսի, որտեղ լայքերն ավելի կարևոր են, քան իրական ծրագրերը: Նման իրավիճակում ծիծաղում է նա, ով ավելի բարձր է ծիծաղում: 

Պատահական չէ, որ երիտասարդներից բաղկացած «Բոլորին դեմ եմ» քաղաքական թիմը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացել ամերիկյան սուպերհերոսների հագուստով՝ Սարդ մարդու, Հալքի և Կապիտան Ամերիկայի: Սա տարբեր «փրկիչների» վրա ծիծաղելու հնարք էր, ինչպես նաև հերթական ցուցիչ, որ կլոր սեղանի շուրջ, գետնի վրա քաղաքական ուժերը խոսելու ոչինչ չունեն: Քննարկելու ոչինչ չկա: Չկա ծրագրերի, տեսլականի բախում: Կան անձեր, շահեր, արտաքին քաղաքական հայացք: Այսքանը: 

Վախ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի օր սպառնաց, որ եթե իր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն չկազմի, աղետալի պատերազմ է լինելու: Ընդդիմությունը շտապեց արձագանքել, որ կառավարությունը վախի մթնոլորտ է սերմանում: Մինչդեռ նույն ընդդիմությունը ինքը վախի մթնոլորտի մեծ սիրահար է: Թուրքերը գալու են, Սյունիքը տալու են, վիլայեթացում, Ռուսաստանը մեզ կպատժի, եվրոպացիները բոլորին կդարձնեն գեյ… և այլն, և այլն: 

Ակնհայտ է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը խաղում են մարդկանց վախերի վրա: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը սպառնում են իրենց չընտրողներին աղետալի հետևանքներով: Այս սպառնալիքները կերակրվում են տարբեր ֆեյք լուրերով, մանիպուլյատիվ քոնթենթով և երբեմն բացահայտ ստով: Հետևանքը մեծ հաշվով կրկին նույն է՝ ապատիա: 

Եթե մարդուն ամեն օր ասես, որ վերջդ լավ չի լինելու, ժամանակի ընթացքում ձևավորվում են որոշակի դիմակայունություն և անտարբերություն նման լուրերի նկատմամբ: Սրա վատ կողմն այն է, որ հասարակությունը այս աղմուկի մեջ փաստացի կորցնելու է թացը չորից, իրական սպառնալիքը մտացածինից զատելու ունակությունը: Արդյունքում, ինչպես հայկական հեքիաթում, վերջում… էն աաաամենավերջում… հաղթելու է նա, ով այնպիսի սուտ ասի, որ մենք ասենք՝ ՍՈՒՏ է: 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am