Կրակոցներ մեր գլխում․ ինչու է աճում հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Աջափնյակում հնչած կրակոցները ցնցեցին Երևանը։ Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է, նախնական տվյալներով՝ վեցը վիրավորվել են: Եվ մինչ ՆԳՆ-ն փորձում է պարզել կատարվածի պատճառներն ու գտնել մեղավորներին, հանրությունը մտածում է, թե ինչո՛ւ է աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը համարվող Երևանում ավելի հաճախ կրակոցների ձայն լսվում։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվը 2025-ին 2022 թվականի համեմատ աճել է շուրջ 127 տոկոսով․ եթե 2022-ին գրանցվել է 67 նման հանցագործություն, ապա 2023-ին՝ 94, 2024-ին՝ 109, իսկ 2025-ին արդեն՝ 152։

Խնդիրն արտացոլվում է նաև քաղաքական դաշտում։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը։ Նշվում է, որ թե ՆԳՆ-ն և թե ԱԱԾ-ն անհասկանալի է, թե ինչով են զբաղված։ Կա ուռճացված բյուջե, չկա փաստացի աշխատանք։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր ուղիղ եթերում անդրադարձել է ՆԳՆ ֆինանսավորմանը՝ «3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին, ինչի՞ համար»: Վարդանյանը ներկայացրել է թվեր, որոնց համաձայն 2018-ից մինչև 2025 թվականը ՆԳՆ բյուջեն աճել է շուրջ 232%-ով՝ 63.3 մլրդ դրամից հասնելով ավելի քան 210 մլրդ դրամի։

Մի քանի տարի է, իշխանությունը տարբեր հարթակներից բարձրաձայնում է պատերազմից հետո «կորած» զենքերի՝ 17 հազար ինքնաձիգների մասին, որոնք բաժանվել էին պատերազմ մեկնող քաղաքացիներին և մինչ օրս չեն վերադարձվել: Հաջորդող տարիներին այս հարցում զգալի արդյունքների մասին որևէ հայտարարություն չի եղել: 

Իրենց հերթին՝ իշխանությունները մեղադրում են նախկին իշխանություններին քրեական բարքերը կրելու և տարածելու համար։

Ինչպես ասվում է հայտնի անեկդոտում՝ մի՛ կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք։ 

Բայց եթե մի կողմ թողնենք կատակը, հրազենային հանցագործությունների աճը, որպես կանոն, բավականին բարդ և բազմագործոն երևույթ է։ Մեր դեպքում այս գործոնները կարող ենք պայմանականորեն բաժանել երեք մասի՝ գաղափարական, սոցիալական, վերահսկողական։ Հասկանանք՝ հերթով։ 

Գաղափարական գործոն

Դեռևս խորհրդային տարիներին ԳՈՒԼԱԳ-ներից Երևանի և բոլոր այլ քաղաքների փողոցներ ներթափանցեց բանտային հակամշակույթը։ Այն իր բնույթով դեմ էր իշխող ռեպրեսիվ բուրգին և փաստացի սարքել էր հակառեպրեսիվ բուրգ։ Իհարկե այն չէր ծնվել ԽՍՀՄ-ում, նման մշակույթ կար և Ցարական Ռուսաստանի հանցագործ աշխարհում, նման տիպի հակամշակույթ կարելի է գտնել նաև այլ պետությունների հանցախմբերի, մաֆիոզ կլանների և տարատեսակ, անգամ երբեմն կրոնական խմբավորումների մեջ։ 

Այս տիպի մշակույթն առանձնանում է որոշակի եղբայրության գաղափարով, բավականին խիստ ներքին կանոններով, դաժան պատժիչ մեխանիզմներով և, բնականաբար, չի առանձնանում հումանիզմով։ Որպես կանոն՝ մարդու կյանքը այստեղ ստորադասվում է նրա անվանը կամ դիրքին, ինչպես ասում են՝ ավտորիտետին։ Խնդիրն այն է, որ թե՛ ԽՍՀՄ փլուզումից հետո, թե՛ անգամ վերջին տարիներին նման մշակույթը տարատեսակ ֆիլմերով, գրքերով ու սոցիալական էջերով ռոմանտիկացվում է։ 

Հատկապես հասարակության այն շերտերում, որտեղ տղամարդիկ կամ տղաները կրթությամբ կամ ազնիվ բիզնես վարելով սոցիալական կարգավիճակ ձեռք բերելու այլ հնարավորություններ չունեն, առաջ է գալիս քրեական բարքերի ռոմանտիկացումը։ Այն մի տեսակ թախիծ ու կյանքի իմաստ է հաղորդում մարդուն, ինչպես նաև օգնում է կարգավիճակ ձեռք բերելու իր պես մտածողների շրջանակում։ 

Թեև իշխանությունները մի քանի անգամ բարձրացրել են քրեական բարքերը ռոմանտիկացնող ֆիլմերի և հաղորդումների արգելքի անհրաժեշտության հարցը և անգամ գործնական քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ, այդուհանդերձ, նման բովանդակությունը շարունակում է պոպուլյար մնալ հասարակության մեջ։ Իզուր չէ, որ Գոռ Վարդանյանի ֆիլմերն այսքան դիտումներ ունեն։ Կառավարությունը միանշանակ պարտվում է թե՛ շոու բիզնեսին, թե՛ սոցիալական ցանցերին։ 

Սոցիալական գործոն 

Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Պատերազմներից հետո, այո՛, երկրներում զենքի քանակը ավելանում է։ Թե՛ 2020-ի, թե՛ 2023-ի բավականին հախուռն և անկազմակերպ իրավիճակից հետո դժվար չէ պատկերացնել, թե որքան շատ մարդ է իր հետ զենք տուր բերել։ 

Քանիսն է հետո այդ զենքերը սև շուկայում էժան վաճառել։ Հաշվի առնելով վերահսկողության ցածր մակարդակը հատկապես մարզերում՝ դժվար չէ պատկերացնել նաև, թե ինչպես այս բիզնեսը կարող է թաքուն ծաղկել, հենց կառավարության քթի տակ։ Մինչ օրս պարբերաբար ընթերցում ենք ՆԳՆ հաղորդագրությունները առգրավված ու հանձնված զենքերի մասին։ Բայց այս ամենի վերջը կարծես դեռ չի երևում։ Իր դերն է խաղում նաև սոցիալական մեդիան, որը թույլ է տալիս այս ամենը կազմակերպել շատ ավելի աննկատ պայմաններում, ոստիկանության աչքից և ուշադրությունից հեռու։ Եվ այստեղ մենք մոտենում ենք երրորդ գործոնին։ 

Վերահսկողության պակաս

Արդեն քանի տարի է՝ խոսվում է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների մասին, ինչի անհրաժեշտությունը իհարկե կա, բայց արդյունքները դեռ, մեղմ ասած, տեսանելի չեն։ Շատերը մեղադրում են իշխանություններին, որ ՆԳՆ-ն իր ուռճացված բյուջեով ավելի շատ կարծես նպատակ ունի պաշտպանելու իշխանություններին ցուցարարներից, քան հասարակությանը հանցագործներից։ 

Որոշ մասնագետներ պնդում են, որ պետք են նաև խորքային, համակարգային փոփոխություններ, որոնք կստիպեն ոստիկանությանը շահագրգռված լինել յուրաքանչյուր հանցագործության բացահայտման մեջ։ Արվո՞ւմ են արդյոք դրանք։ Դժվար է ասել։ Համակարգը փակ է։ Մենք կարողանում ենք ներքին խնդիրները շոշափել միայն առանձին իրավապաշտպանների բարձրացրած աղմուկը լսելով կամ նման ցցուն հանցագործությունների ականջալուր լինելով։ 

Մի բան ակնհայտ է՝ Երևան քաղաքը ավելի քիչ անվտանգ է, քան տարիներ առաջ։ Այստեղ խնդիրը հստակ է՝ եթե ոչ մի լուրջ փոփոխություն չարձանագրվի առաջիկա ամիսների և տարիների ընթացքում, մայրաքաղաքը դառնալու է ավելի ու ավելի վտանգավոր։ Քանի որ սպառազինությունների մրցավազքը միայն միջազգային եզրույթ չէ։ Այն բնորոշ է նաև սոցիալական խմբերին, թայֆաներին, զինված խմբավորումներին և նրանցից պաշտպանվել ցանկացող քաղաքացիներին։ Եվ երբ հերթը հասնի շարքային քաղաքացիներին, արդեն ամեն ինչ հետ շրջելը գրեթե անհնարին կլինի։ 

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am