Գյումրիի շտապօգնության բժիշկը մահացել է` ենթադրաբար հիվանդի տղայի կողմից բռնության ենթարկվելով

Գյումրիի շտապօգնության բժիշկը կիրակի գիշերը մեկնելով կանչի հիվանդի տղայի`28-ամյա Արտակ Կարապետյանի կողմից ենթարկվել է բռնության, որի հետեւանքով մահացել է:
Ըստ ոստիկանության, հունիսի 26-ին, ժամը 23.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմինտերնի փողոցի տներից մեկը կանչով մեկնած բուժաշխատողների հետ նույն տան բնակիչները վիճաբանում են:

Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է շտապօգնության բրիգադայի բուժաշխատող, 1946 թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դիակը` ճակատի և այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով:

Գյումրիի Շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ կանչը դիմավորողը մոտ 200 մետր տանից հեռու դիմավորել է բուժանձնակազմիմ, ապա սկսել է հայհոյել, անպատվել բժշկին եւ բուժքույրին:

«Նրան նստեցրել են մեքենա, ընթացքի ժամանակ մեքենայից դուրս է թռել, բժշկին քաշել, գցել է դուրս եւ սկսել է խփել: Դրանից հետո վարորդը կանգնեցրել է մեքենան, միջամտել են վարորդն ու բուժքույրը, իհարկե, մի քանի անգամ էլ նրանց է խփել: Հիվանդին սպասարկել են, հիվանդի վիճակը նորմալ է եղել՝ «սիտուացիոն նեւրոզ» դիագնոզն են տվել, իջել են ներքեւ, նստել են մեքենան, որ գնան, նորից [Կարապետյանը] կանգնել է մեքենայի դիմաց, դուռը բացել, բժշկին դուրս է քաշել, ասել է՝ դուք այստեղից ոչ մի տեղ չեք գնալու, նստելու եք [հիվանդի] կողքը ինչքան պետք է, հետո նորից սկսել է խփել», – ռադիոկայանին մանրամասներ է պատմել Թորոսյանը:

Թորոսյանը նշել, է, որ բժիշկն իրեն վատ է զգացել, սակայն Արտակ Կարապետյանն ասել է, որ ոչինչ էլ չի պատահել:

«Բժիշկը հիվանդի տանը նստել է բազմոցին ու մահացել է», – պատմել է Թորոսյանը:

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության, դեպքի կապակցությամբ հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am