«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը
–Պարո՛ն Աբրահամյան, Կառավարության նոր կարգավորմամբ՝ աշխարհի լավագույն 50 բուհերում առկա ուսուցմամբ սովորող ՀՀ քաղաքացիները կարող են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալ, իսկ ուսումն ավարտելուց հետո՝ առնվազն երեք տարի Հայաստանում, Կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու պայմանով, ազատվել զինծառայությունից։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։
– Ես կարծում եմ, որ Շանհայի 2026 թվականի աշխարհի լավագույն համալսարանների ակադեմիական վարկանիշային ցանկի 50 բուհերում սովորած մեր ուսանողները շատ մեծ հնարավորություն ունեին զինված ուժերում իրենց մեծ ներդրումը բերելու: Իհարկե, առանձին քննարկման հարց է, թե նրանք կոնկրետ ո՛ր ուղղությամբ, ո՛ր հաստիքներում ու ի՛նչ զորատեսակներում կարող են իրենց ծառայությունն անցկացնել, իսկ հնարավորությունները բավականին լայն են:
Ես շարունակում եմ պնդել, որ այդ մարդկանց ծառայությունը պետք էր կազմակերպել զինված ուժերում, ասեմ ավելին, երբ պետությունը թեման ներկայացնում է այն համատեքստում, թե նրանք գալիս են ու երեք տարի պետական համակարգում աշխատելու իրենց նպաստն են բերելու, այնպես չէ, որ դա միայն պետության համար է լավ, դա նաև իրենց համար է ձեռնտու՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու տեսանկյունից: Խնդիրն այն չէ, որ պետությունն այս մարդկանց աշխատանքի հնարավորություն է ընձեռում, կրկնում եմ՝ զինված ուժերում այդ մարդկանց ներուժն օգտագործելու շատ մեծ հնարավորություն կա, ու ես այս հարցի լուծումն այսպես եմ տեսնում:
Մեկ այլ հանգամանք կա, որն այս իշխանության ժամանակահատվածում առանձնապես ակտուալ չէ, նաև քննարկելի հարց է զինված ուժերի շարունակվող կրճատումը։ Որքան էլ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ինքն այլընտրանքային ծրագիր է ներկայացնում, սակայն հենց միայն այն հանգամանքը, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատեցին կես տարով, բավականին մեծ խնդիր առաջացրեց զինված ուժերում՝ տարբեր մարտական խնդիրների կատարման առումով, հիմա մեկ այլ կրճատում էլ նախատեսված է այս մասով:
Իշխանությունը կարծես հակառակ ճանապարհով է գնում, ասում են՝ մարդիկ գնում են դրսում սովորում ու պիտանի չեն լինում հայրենիքին: Դա պետության խնդիրն է, ու ցանկացած իշխանության պայմաններում պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ բարձր որակավորում ունեցող անձինք ոչ թե գնան արտերկիր, այլ մնան այս երկրում: Իսկ իշխանությունը, երկրի ներսում անհրաժեշտ միջավայրի ձևավորման փոխարեն, գնում է լրիվ հակառակ ճանապարհով:
– Առաջարկվող կարգավորման նպատակն այն է, որ քաղաքացին աշխատելու համար տարկետման ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատվելու այլ հիմք չստեղծի և աշխատելու պայմանը չկատարած ազատվի զինվորական ծառայությունից: Սահմանված նպատակն արդարացվա՞ծ եք համարում:
– Երբ օրենքն ընդունում են, որոշակի կարգավորումներ արդեն մնում են Կառավարության որոշումների դաշտում, այսինքն՝ բնականաբար պետք է այնպես անեն, որ սողանցքներ չմնան: Այսինքն՝ եթե մարդը սովորում է 50 բուհերից մեկում ու ավարտում այն, այդտեղ կարգավորում պետք է լինի: Իսկ այս նպատակն ավելի շատ այդ տեխնիկական փոփոխություններն ապահովելու համար են:
– Ասացիք, որ այս կարգավորումը ևս նպաստում է բանակում զինծառայողների թվի կրճատմանը, պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ թվի մասին է խոսքը:
– Այս իշխանությունը երկիրը հասցրել է մի կետի, որի պայմաններում բազմաթիվ մոտեցումներ, որ մոտ 20 տարի առաջ կարող էին նույնիսկ քննարկման չենթարկվել, ապա հիմա ոչ միայն քննարկելի են դառնում, այլև շատ ժամանակ հենց ուղիղ ձևով էլ հաստատվում են: Այո՛, ես արդեն ասացի, որ ամեն ինչից զատ այստեղ կա նաև բանակի ֆիզիկական կրճատման խնդիր: Թիվը տարբեր է, տարեկան 55-60 երիտասարդի մասին է խոսքը, որոնք սովորում են դրսում ու ըստ էության ազատվելու են զինվորական ծառայությունից:
Առաջին հայացքից թվում է, թե թիվն այնքան էլ մեծ չէ, բայց երբ նայում ենք ընդհանուր համակարգի խնդիրներին, ապա ամեն տեղից 50-100, էլ չեմ ասում՝ հազարավոր մարդիկ էլ այդ վեց ամսվա կրճատման հետևանքով են կրճատվում, այսինքն՝ երբ տարբեր ծրագրային կրճատումներով ընդհանուր թիվը գումարում ես, տեսնում ես, որ բավականին մեծ թիվ է կազմում:
–Պարո՛ն Աբրահամյան, իշխանությունները զինված ուժերում իրականացվող փոփոխությունները ներկայացնում են նաև խաղաղության օրակարգի համատեքստում։ Որքանո՞վ է արդարացված այս մոտեցումը, և ինչպիսի՞ն է միջազգային փորձը․ խաղաղ պայմաններում ապրող երկրները ևս գնո՞ւմ են զինվորական ծառայության կրճատման ճանապարհով։
– Վերջին տարիներին հակառակ միտումն է աշխարհում ու հատկապես Եվրոպայում, նույնիսկ այն երկրներում, որտեղ վաղուց չկա պարտադիր ժամկետային ծառայություն, այլընտրանքային ծառայության ձևեր են մշակվում, որն իրականում շատ մոտ է ժամկետային զինծառայությանը, բայց լրիվ այլ անվամբ։ Իհարկե խրախուսման մեխանիզմներ են դրված, ու սրանով են փորձում մարդկանց բերել զինված ուժեր, բայց դա էլ արդյունք չի տալիս, որովհետև աշխարհում նաև գաղափարական առումով որոշակի փոփոխություններ կան, ու զինված ուժերում ծառայությունը շատ երկրներում դարձել է ոչ մոդայիկ:
Առհասարակ պարտադիր ժամկետային զինծառայությունը բոլոր երկրներում էլ որոշակի կայունություն ապահովում է, հիմա նույնիսկ Ռուսաստանի նման երկրում է գործում պարտադիր ժամկետային զինծառայությունը, ինչը չի վերաբերում պատերազմական այս փուլին, մինչև դա էլ Ռուսաստանում գործում էր ժամկետային զինծառայությունը: Ընդհանուր առմամբ, պարտադիր զինծառայությունը աշխարհում թրենդից դուրս է մնում, ու ցանկացած պետություն իր ռազմավարությունը մշակելիս պետք է սա նկատի ունենա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















