«Ցուցակի ամեն անունից մեռնում էի, ասում էի՝ քոռանան ձեր մերերը, բայց ես չքոռացա»․ Նանարը որդու զոհվելուց հետո՝ չեմ ապրում

42-ամյա Նանար Գրիգորյանը հուզմունքով է հիշում՝ անձրևոտ եղանակը որդու սիրած եղանակն էր։ Որդին՝ Մհերը, հաճախ էր անձրևի ժամանակ տնից դուրս գալիս, ի պատասխան մոր հորդորի, որ կմրսի, ասում էր՝ անձրևը մարդուն հանգստացնում ա։ 

«Եղանակը, անձրևը՝ ամեն ինչն են իրեն հիշեցնում»,- ասում է որդեկորույս մայրը, որն ամեն վայրկյան որդու մասին հուշերով է ապրում։

Նանարի տղան՝ 18-ամյա Մհեր Գրիգորյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆիզուլի-Ջրական հատվածում։

Մայրն ասում է՝ որդին զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, շատ ուրախ է խոսել, ասել է՝ ամեն ինչ լավ է, հպարտացել՝ «ի՜նչ շարասյուն ենք ոչնչացրել»։

Գրիգորյանները մինչ այդ տեղյակ չեն եղել, որ իրենց որդին առաջնագծում է, քանի որ Մհերն ասել է, թե հեռու են, նորակոչիկներին մարտի դաշտ չեն տեղափոխել։

Մայրը նշում է՝ ի տարբերություն հոկտեմբերի 9-ի, որդու հաջորդ օրվա զանգը անհանգստացնող էր․ «Ահավոր լռություն էր, ինձ էդ էնքան վախեցնող էր, ասեց՝ մա՛մ ջան, պապային լավ կնայես, իմ մի հատիկին (քրոջը էդպես էր ասում) լավ կնայես, քեզ լավ կնայես, լա՛վ մնացեք… Ասեցի` ինչեր ես խոսում, ասեց՝ հարմարցնեմ, էլի կզանգեմ»,- պատմում է մայրն ու ասում՝ որդին այլևս չզանգեց։

Մայրն ասում է՝ որդու հետ կապ հաստատել չկարողանալուց հետո սկսել են փնտրել ամենուր, սակայն միշտ լսել են՝ սպասեք։

«Որ ցուցակները դնում էին, ես ամեն անունից մեռնում էի, ասում էի՝ քոռանան ձեր մերերը, չտեսնեն, բայց ես չքոռացա։ 57 օր անց փակ բերեցին երեխուս»,- մորմոքով ասում է մայրը։

Նանարն ասում է՝ որդու զոհվելուց հետո ինքն էլ է մահացել, շնչում է, ֆիզիկապես գոյություն ունի, բայց՝ «չկամ, չեմ ապրում, որովհետև ես իմ տղով էի ապրում։ Ես ունեմ տղա, աղջիկ, բայց Մհերս ուրիշ էր»։

Մհերը շատ ուշադիր ու հոգատար էր՝ ասում է մայրը։ Նանարը հիշում է, երբ աշխատանքից տուն էր գալիս, որդին միշտ ընդառաջ էր գալիս․ «Պպզում էր, կոշիկս հանում, ինքն էլ՝ թիկնեղ, բոյով։ Ձեն էր տալիս՝ քուրիկ, շո՛ւտ արա, հա՛ցը դիր։ Ինքը հացը չէր ուտում, մինչև բոլորս տուն չէինք մտնում: Եթե որոշում էինք, օրինակ՝ խորոված անել, ինքը մենակ չէր ուտում, ասում էր՝ պապ, զանգի հոպարին, հորքուրին, թող գան»։

Մայրն ասում է՝ որդին դեռ 12 տարեկանից աշխատում էր, որ ընտանիքին օգներ, քրոջ համար հագուստներ գներ։ 

«Դաշտում աշխատում էր, փողը հավաքում էր, որ կարենար օգներ։ Մի անգամ հավաքած գումարը տվեց հորը, ասեց՝ պա՛պ, տար տեխասմոտրդ արա: Հավաքում էր փողը, գնում էր քրոջ համար շորեր էր առնում՝ համապատասխան բիժուտերիայով»։

Մոր խոսքով՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ ուներ, ցանկանում էր բանակից հետո կրթությունը շարունակել, տունը վերանորոգել, կահույք գնել, քրոջն ամուսնացնել։ «9-րդ դասարանն ավարտելուց հետո Մոնթե Մելքոնյան վարժարանն էր ընդունվել, ուզում էր Վազգեն Սարգսյան ընդունվել: Ես ասում էի՝ քեզ պետք չի, ասում էր՝ մեզ կրթված սպաներ են պետք, ասում էր՝ եթե սպայական անձնակազմում կրթություն չունենաս, մեզ հեշտ կլինի հաղթել, ուսման հետ կապված շատ երազանքներ ուներ, միջազգային հարաբերությունների բաժինն էլ էր սիրում, որոշել էր էդտեղ էլ սովորել»։

Նանարը ցավով ասում է՝ կիսատ մնացին որդու բոլոր երազանքներն ու նպատակները։ Որդուց մնացին միայն հուշերն ու անհուն կարոտը։ Նանարի ականջին անընդհատ որդու «մամ ջան»-ն է։  

«Էսօր ես ապրում եմ իրա ամեն մի բառով, չեմ անում էն, ինչ չէր սիրում, ինքը իմ ամեն ինչն ա, իմ աշխարհն ա»։

Մհեր Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am