2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե մուտք է արվել 986 միլիարդ 71 միլիոն դրամ՝ ավելի քան 85 միլիարդ 670 միլիոն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը զգալի փոփոխություններ է կրել՝ նախորդ եռամսյակի համեմատությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ խոշոր ընկերություններից շատերը ավելացրել են իրենց հարկային վճարումները, միաժամանակ վերադասավորվել է առաջատարների հնգյակը։
Ամենաշատ հարկ վճարած կազմակերպությունը դարձել է «Մոբայլ սենթր արթ»-ը, որի վճարումները անցել են 32.9 միլիարդ դրամը։ Ընկերությունը զբաղվում է բջջային սարքերի և տեխնիկայի վաճառքով և ամբողջությամբ պատկանում է Արթուր Պետրոսյանին, ով ընկերության միակ իրական շահառուն է՝ 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ։
Երկրորդ տեղում է «Գրանդ տոբակոն»՝ ծխախոտային արտադրանքի խոշոր արտադրողներից մեկը, որի վճարած հարկերը գերազանցել են 30 միլիարդ դրամը։ Ընկերությունը կայուն դիրք է զբաղեցնում թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկայում։
Երրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան», որը նահանջել է առաջին հորիզոնականից, սակայն պահպանել է բարձր ցուցանիշ՝ շուրջ 28 միլիարդ դրամի հարկային մուտք։ Ընկերությունը հանդիսանում է ռուսական պետական «Գազպրոմի» 100 տոկոս դուստր կազմակերպությունը։
Չորրորդ տեղում է «Արդշինբանկը», որը նախորդ եռամսյակում առաջին տասնյակում չէր։ Երկրորդ եռամսյակում այն վճարել է ավելի քան 27.9 միլիարդ դրամ։
Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ամերիաբանկը», որը նոր է հայտնվել առաջատարների ցուցակում և ապահովել է ավելի քան 21.4 միլիարդ դրամի հարկային մուտքեր։
Երբեմնի անվիճելի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վեցերորդն է՝ շուրջ 20.3 միլիարդ դրամով, ընդ որում՝ նախորդ եռամսյակում այն չկար նույնիսկ առաջին տասնյակում։
Երկրորդ եռամսյակի նախորդ առաջատարներից՝ «Սի Փի Էս էներջի գրուպ»-ը, չնայած վճարած հարկերի աճին՝ գրեթե 12.1 միլիարդ դրամ, նահանջել է յոթերորդ հորիզոնական։
Ութերորդ տեղում է մեկ այլ ծխախոտային արտադրանքի խոշոր արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»-ը՝ շուրջ 11.5 միլիարդ դրամով։
Հատկանշական է, որ թեև այս ցուցակում «Գրանդ տոբակոն» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 8-րդ տեղերը, սակայն «Գրանդ Հոլդինգին» պատկանող ընդամենը երեք ընկերություն միասին՝ ներառյալ «Գրանդ Քենդին»՝ 4.3 միլիարդ, պետական բյուջե են փոխանցել ավելի քան 46 միլիարդ դրամ։
Այս ցուցանիշը ևս մեկ անգամ վկայում է, որ «Գրանդ հոլդինգը», փաստացի՝ երկրի ամենախոշոր հարկատուն է։
Իններորդը «Փրիթի ուեյ»-ն է՝ հանրությանը հայտնի որպես «Վեստա» խանութների ցանց։ Ընկերությունը մասնագիտացած է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մանրածախ վաճառքի մեջ և պատկանում է Արմեն Ճուտիկյանին, որը հանդիսանում է կազմակերպության 100 տոկոս իրական շահառուն՝ ուղղակի մասնակցությամբ։ Երկրորդ եռամսյակում «Փրիթի ուեյ»-ի վճարած հարկերը կազմել են ավելի քան 11.2 միլիարդ դրամ։
Տասնյակը եզրափակում է «Դիջիթեյն»-ը, որը տեխնոլոգիական ընկերություն է և գործում է խաղադրույքների (iGaming) ոլորտում։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեռևս 1999 թվականին և այդ ժամանակից ի վեր նախագծում ու մատակարարում է ինտեգրված լուծումներ՝ օնլայն և մանրածախ խաղերի շուկայի համար։ Երկրորդ եռամսյակում «Դիջիթեյն»-ը վճարել է շուրջ 11 միլիարդ դրամ հարկ։
MediaLab.am
















