19-ամյա Էդուարդ Արևշատյանը՝ «Խաղաղօվկիանոսյան աստղեր» միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր

19-ամյա հայ դաշնակահար Էդուարդ Արևշատյանն արժանացել է «Խաղաղօվկիանոսյան աստղեր» միջազգային դաշնամուրային մրցույթի (2026 Pacific Stars International Piano Competition) երկրորդ մրցանակին՝ «Պրոֆեսիոնալ արտիստ» անվանակարգում։

Մրցույթն այս տարի առանձնացել է մասնակիցների մեծ թվով և բարձր մրցակցությամբ։ Աշխարհի ավելի քան 50 երկրներից մասնակցել է շուրջ 1000 դաշնակահար։ Էդուարդ Արևշատյանը մրցել է 19–32 տարեկանների տարիքային խմբում և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ այս տարիքային խմբում առաջին մրցանակ ընդհանրապես չի շնորհվել։ Այսպիսով, 19-ամյա հայ երաժշտի ստացած երկրորդ մրցանակը փաստացի տվյալ տարիքային խմբում շնորհված ամենաբարձր մրցանակն է։

Էդուարդի մրցութային ծրագիրը ներառում էր Սերգեյ Պրոկոֆևի թիվ 6 դաշնամուրային սոնատը, Ալեքսանդր Սկրյաբինի էտյուդը՝ Op. 8, No. 10, և Ֆրեդերիկ Շոպենի «Օրորոցային»-ը։

Մրցույթի կազմակերպիչների պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Էդուարդի կատարումն առանձնացել է արտիստիզմով և տեխնիկական բարձր վարպետությամբ ու մեծ տպավորություն է թողել միջազգային ժյուրիի վրա։

Ծրագրի կատարման վերաբերյալ բարձր գնահատական է տվել մրցույթի ժյուրիի նախագահ, ամերիկացի ճանաչված դաշնակահար և դասախոս Լիդիա Արտիմիուն։ Էդուարդի ծրագիրը նա բնութագրել է որպես «հսկայական և շատ բովանդակալից, որը կատարվել է ամենաբարձր տեխնիկական և գեղարվեստական մակարդակով, բրավո»։

Ժյուրիի նախագահի գնահատմամբ՝ հատկապես տպավորիչ է եղել Էդուարդի՝ շատ մեղմ հնչողությունը վերահսկելու կարողությունը, որը ձևավորում է երիտասարդ դաշնակահարի կատարողական անհատականությունը։

Հայկական դաշնամուրային դպրոցի երիտասարդ ներկայացուցիչ Էդուարդ Արևշատյանը մինչ այս ևս աչքի է ընկել միջազգային ասպարեզում։ Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, իսկ 2025 թվականին, որպես միջազգային մրցույթի դափնեկիր, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում՝ Նյու Յորքի Carnegie Hall-ում։

Նոր մրցանակը ևս Էդուարդի համար մասնագիտական զարգացման հնարավորություններ է բացում։ Մրցանակային փաթեթը ներառում է մասնակցություն 2026 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք հաղթողների համերգին, ինչպես նաև 2027 թվականին Իտալիայում կայանալիք Պերուժայի երաժշտական փառատոնին։

Էդուարդ Արևշատյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող է և սովորում է պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի մասնագիտական դասարանում։ Միջազգային բեմերում նման ելույթները հայկական դաշնամուրային դպրոցի երիտասարդ սերնդի մասնագիտական ներուժը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն են։