Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար. Չավուշօղլու.«Ազատություն»

Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Լրագրողները արտգործնախարարից հարցրել են՝ ինչպե՞ս է Անկարան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականներին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։

«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային», – ասել է նա։

Այս շաբաթվա սկզբին՝ հոկտեմբերի 26-ին, ուկրաինական բանակը հայտարարեց, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» է կիրառել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ «այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկարինային էլ ավելի կսրի իրավիճակը»։