Բուժհիմնարկներում կուտակումներ են արձանագրվել․ Տեսչական մարմնի ստուգայցի արդյունքները

Կրթական գործընթացին ընդառաջ մանկավարժների թեստավորման գործընթացում խնդիրները բացառելու նպատակով և հիմք ընդունելով ստացված մի շարք ահազանգեր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ուժեղացված ռեժիմով համաժամանակյա ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։

Բացի կուտակումների առկայությունից՝ դիտարկվել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

Կուտակումներ արձանագրվել են մի շարք բժշկական հիմնարկներում, մասնավորապես, «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում և երկրորդ բուժմիավորումում։ Այս հիմնարկներում կարգադրվել է կանոնակարգել գործընթացը, ինչից հետո միայն շարունակվել է նմուշառումը։

Տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս գործընթացը։ Միաժամանակ հորդորում ենք խստագույնս պահպանել նմուշառման կարգը, թեստավորումն իրականացնել նախապես հերթագրման և հերթերի կառավարման միջոցով, որպեսզի ծանրաբեռնված այս աշխատանքը սահուն և առանց խնդիրների անցկացվի։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։