Երրորդ նամակ Վաշինգտոնից

Արեգ Քոչինյանը

Կա՞ արդյոք Վաշինգտոնում պատասխանատւ գերատեսչություններում հստակ պլան կամ ռազմավարություն Հայաստանի կամ գոնե Հարավային Կովկասի մասով։ Պատասխանն է՝ ո՛չ, չկա։

Վաշինգտոնում շատ քիչ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կան հստակ պլաններ ու ռազմավարություններ, և դրանք էլ հաճախ փոփոխություններ են կրում։ Թե՛ Հայաստանը և թե՛ տարածաշրջանը չունեն բավականաչափ մարդկային, ռեսուրսային, աշխարհաքաղաքական երկարաժամկետ նշանակություն, որ դրանց մասով պլաններ նախապատրաստված ու կազմված լինեն։ 

Մեր տարածաշրջանը Վաշինգտոնում ընդհանուր առմամբ ընկալվում է որպես օժանդակ գործոն։ Օժանդակ գործոն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններում կամ, ասենք, օրինակ՝ ուկրաինական պատերազմում ու այն բովանդակող գլոբալ դիմակայության մեջ։

Սա իհարկե չի նշանակում, թե հայ-ամերիկյան հարաբերություններն անհեռանկարային են, կամ այդ ուղղությամբ աշխատանքն անիմաստ է։ Ճիշտ հակառակը, պետք է ըստ էության արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կա խոպան դաշտ։ Խոպան դաշտ բոլոր մակարդակներում՝ տնտեսական կապեր, բիզնես հարաբերություններ, քաղաքական կապեր, հասարակական կապեր և այլն։ Այստեղ խիստ կարևոր է տարբերակել հայության կապերը ԱՄՆ-ի հետ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Դրանք ոչ միայն տարբեր ֆենոմեններ են, այլ նաև երբեմն տարբեր շահեր հետապնդող։

Արձանագրելի է, որ ներկա պահին Վաշինգտոնում ժամանակավորապես կա հստակ հետաքրքրվածություն թե՛ մեր տարածաշրջանով, թե՛ մասնավորապես Հայաստանով։ Այդ հետաքրքրվածությունն արդյունք է մի քանի հանգամանքների։

Նախևառաջ պատճառը, ինչպես արդեն նշվեց, մեր տարածաշրջանին վերապահված օժանդակ նշանակության մեջ է այն հարցերում, որոնք այսօր ծայրաստիճան հրատապ են՝ ռուսական հարց, իրանական հարց, Եվրոպայի անվտանգության ճարտարապետության վերանայման հարց և այլն։

Երկրորդը՝ գործող վարչակարգի աննախադեպ ակտիվությունն է արցախյան հիմնահարցում և հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Կարելի է ասել, որ Սպիտակ տան ու պետքարտուղարության հետաքրքրվածությունը հանդիսանում է Վաշինգտոնում հետաքրքրվածության աճի ֆլագմանը։

Ինչպիսին է այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների էությունը՝ պարզ մարդկային լեզվով բացատրելու պարագայում։ Դրանք կարելի է նմանեցնել նոր սկսվող մարդկային հարաբերությունների, երբ կողմերը միմյանց համակրում են, ունեն ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր արժեքներ, անգամ՝ ինչ-որ չափով շահեր։ Այդ ամենը բեղուն հիմք է լուրջ ու որակապես նոր մակարդակի հարաբերություններ կառուցելու տեսանկյունից, բայց ոչ երբեք երաշխիք։ 

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման համար կան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ, ոչ բավարար, քանի որ Վաշինգտոնում դեռ բավական կայուն է Հայաստանի ընկալումը՝ որպես ռուսական անվտանգային ճարտարապետության բաղկացուցիչ մասի կամ Ռուսաստանի սատելիտի։ Այդ ընկալումը կարող է կոտրվել միայն հեղափոխական փոփոխությունների շնորհիվ։ 

Լուրջ որոշումները Վաշինգտոնում կայացվում են ոչ թե մի քանի անհատի, այլ ըստ էության մի քանի գերատեսչությունների և մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր անհատների համակարծության արդյունքում, ինչը նշանակում է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում շրջադարձ կազմակերպելու համար անհրաժեշտ է մտքի հեղափոխություն։ Նման հեղափոխությունը հնարավոր է շատ կոնկրետ աշխարհաքաղաքական գործընթացների ու Հայաստանի կողմից համապատասխան աշխատանքի ու վճռական գործողությունների արդյունքում։

Հարց է առաջանում է. արդյոք Հայաստանն այն վիճակո՞ւմ է, որ կարողանա իրեն թույլ տալ նման շրջադարձային ու վճռական գործողություններ։ Պատասխանը այս պահին և այս պայմաններում կլինի՝ ո՛չ։ Դրա համար պետք է աշխատել, դրա համար պետք է շատ լուրջ տնային աշխատանք։

Եվ հենց այստեղ է, որ վերադառնում ենք մեր նախնական կետին՝ ինչպես կարելի է օգտագործել Վաշինգտոնում առկա որոշակի հետաքրքրվածության մակարդակը։ Ըստ իս՝ Նահանգները հետաքրքրված է օժանդակելու Հայաստանին վերոնշյալ տնային աշխատանքի կազմակերպման գործում, բայց դրա համար անհրաժեշտ են Երևանի հստակ քաղաքական կամքը ու ոսկերչական քաղաքական հաշվարկը։

Սպասել վճռական գործողությունների ԱՄՆ-ի կողմից՝ ես խորհուրդ չէի տա, այդպես կարելի է սպասել մի քանի հարյուր տարի։

Ամփոփելով՝ նշեմ՝ հրաշքներ կամ ստեղծված ծանրագույն վիճակից մի կոմբինացիոն լուծումներ չի կարելի սպասել, դա անմտություն է։ Փոխարենը պետք է ճիշտ դասավորել առաջնահերթությունները և քրտնաջան աշխատել դրանց սպասարկման ուղղությամբ։ Որևէ պարագայում չկա արդարացում ինտելեկտուալ ծուլությանը, դանդաղկոտությանը և սխալներին:

Արեգ Քոչինյան

MediaLab.am