Ո՞ւմ ականջներն են երևում այս հարձակման հետևում

Անհրաժեշտ է արձագանքել «ոխերիմ դաշնակցի» պատասխանատու պաշտոնատար անձանց երկու հայտարարությունների։

1. «Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը առանց խափանումների չի գնում»: 

Այս հայտարարությունը, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գնահատականն է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման, և նման գնահատականի պարագայում ավելորդ է խոսել որևէ հավելյալ գործողությունների հնարավորության մասին։ 

Ռուսաստանը փաստորեն իր համար արդեն արձանագրել է, որ սա սահմանազատման գործընթացի խափանում է, այլ ոչ հարձակում, և, ուրեմն, միամտություն է Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից որևէ լուրջ, իսկ որոշ ցուցիչների համաձայն՝ նաև անլուրջ գործողություն սպասել։ Հարցին՝ սա անկարողությա՞ն նշան է, թե՞ դիտավորություն, կարելի է պատասխանել երկրորդ հայտարարությանն անդրադառնալով։

2. «Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստին կհասնի ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածության»: 

Սա, ըստ էության, ապացույցն է Ռուսաստանի կեցվածքի դիտավորության, այլ ոչ անկարողության կամ, ասենք՝ Իզյումում կրած պարտությունների (ինչպես փորձում են համոզել ազդեցության գործակալները)։ Մոսկվան արձանագրում է իր ցանկությունները և հասկացնում, որ միայն այդ ցանկությունների կատարումն է ճանապարհը դեպի իրավիճակի խաղաղեցում։ 

Եթե կա պայման, որի կատարման դեպքում է միայն հնարավոր իրավիճակի խաղաղեցում, նշանակում է, որ իրավիճակն էլ պայթել է հենց այդ պայմանը չկատարելու պատճառով, ու պայթեցրել է նա, ով ցանկանում է տեսնել այդ պայմանի կատարումը։ 

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վրա իրականացված այս հարձակման հետևում երևում են Ադրբեջանից անդին այլ ուժի «ականջները», որն առնվազն լռելյայն համաձայնություն ու ազատություն է տվել Ադրբեջանին դիմելու այս քայլին։ 

Ուժի, որն իր պայմանների կատարման դեպքում կարող է կանգնեցնել Ադրբեջանին և, ուրեմն, կարող էր և թույլ չտալ Ադրբեջանին գնալ այս արկածախնդրությանը։ Ուժի, որը շահագրգռված է միջանցքային տրամաբանությամբ, ուժի, որը նամակներ է ուղարկում Հայաստան՝ պահանջելով իրեն տրամադրել Մեղրիում ցանկապատման ենթակա տարածք Ադրբեջան-Նախիջևան միջանցքը կազմակերպելու համար, ուժի, որը ցանկանում է կտրել Հայաստանը Իրանից, ուժի, որը ցանկանում է վերջնականապես կազմաքանդել հայկական պետականությունը ու տանել այն իր հետ դեպի այն անդունդը, ուր գլորվում է այդ ուժը հենց հիմա Ուկրաինայում։

Մինչև հակագործողություններ մշակելը ու եղած համակարգերին այլընտրանքներ փնտրելը հարկավոր է հստակորեն հասկանալ, թե մենք ինչի՛ հետ գործ ունենք։ Այն, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի անվտանգության բարձիկ, չեն աշխատում՝ ակնհայտ է, բայց դա ճշմարտության միայն կեսն է։ 

Մյուս կեսն այն է, որ Ռուսաստանը ստեղծվող վտանգների ու մարտահրավերների հիմնական գեներատորն է, և մեզ փոփոխությունների դեպքում պետք են երաշխիքներ ու համակարգեր ոչ միայն ու ոչ այնքան Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, որքան Ռուսաստանի։

Արեգ Քոչինյան

MediaLab.am