Ամերիկյան փորձագետները և Հայաստանը. գոյություն չունեցող համագործակցության մասին

Արեգ Քոչինյանը

Վաշինգտոնում անթիվ-անհամար են զանազան վերլուծական ու փորձագիտական կենտրոնները, տարածաշրջանների ու հակամարտությունների մասնագետները, որոնք երբևէ չեն եղել իրենց մասնագիտացման տարածաշրջանում և չեն էլ խոսում տեղի լեզուներից և ոչ մեկով։ Բայց այս մարդիկ համարվում են, դիցուք, մեր տարածաշրջանի և դրա հակամարտությունների փորձագետներ։ 

Այս պատկերին զուգահեռ, բնականաբար, կան խորապես գիտակ ու կարողունակ կենտրոններ ու մասնագետներ, որոնք իրենց հերթին նույնպես ունեն տեղեկատվության ու Երևանի հետ հաղորդակցության պակաս։

Այս մարդկանցից և կազմակերպություններից շատերը զբաղվում են նաև լոբբինգով՝ պաշտոնապես կամ ոչ այնքան։ Տարածաշրջանի «մասնագետներից» շատերն են ֆինանսավորում ստանում ԱՄՆ-ից դուրս գտնվող աղբյուրներից։ 

Արձանագրելի է, որ տարիներ շարունակ այս հարցում բավական նախաձեռնողական ու գործուն է եղել Ադրբեջանը, նրան չի զիջում նաև մեր հարևան Վրաստանը։ Իսկ Հայաստանի մասով իրավիճակն իրապես ցավալի է։ 

Իհարկե, Հայ դատի ու ԱՄՆ հայության կարողությունները տեղում ակնհայտորեն ավելի են ադրբեջանական ու վրացական կարողությունների և ազդեցության համեմատ, մանավանդ օրենսդիր մարմնում։ Արձանագրելի է նաև, որ ադրբեջանամետ կողմնորոշում և ֆինանսավորում ունեցող գործիչները ու փորձագետները իրենց մեջքին մշտապես զգում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կամ Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Assembly) շունչը և հաճախ արտահայտվում են դրա մասին։ Բայց այդ հզոր հայկական ազդեցությունը այնքան էլ չի կորելացվում Հայաստանի ազդեցության հետ և, որպես կանոն, չի ծառայում ՀՀ շահերի սպասարկմանը։ Երբեմն լինում է նույնիսկ հակառակը։ 

Այսպիսով չնայած տեղում առկա բավականի զգալի հայկական ներկայությանը, գրեթե չկա հայաստանյան ներկայություն։ Հայաստանը տարիներ և տասնամյակներ շարունակ չի աշխատել Վաշինգտոնի փորձագիտական հանրության հետ։ Այդ հանրության դերը որոշումների կայացման համակարգում չպետք ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել, այն առկա է և բավականին որոշակի է։ 

Իհարկե այնպես չէ, որ բոլոր որոշումները կայացվում են՝ նրանց կարծիքը հաշվի առնելով, բայց նաև բացարձակապես չի կարելի այդ հանրությունը աննշան կոչել։ Կան շատ կոնկրետ վերլուծական կենտրոններ, որոնց մեր տարածաշրջանին վերաբերող քաղաքական խորհրդատվությունները հայտնվում են որոշումներ կայացնող պաշտոնյաների սեղանին ու ազդում են քաղաքականության մշակման և իրագործման վրա։ 

Հայաստանի տասնամյակներ տևած անգործության մասշտաբը պատկերացնելու համար բավական է նշել, որ Վաշինգտոնում մեծ մասամբ կամ չգիտեն Հայաստանը, կամ շփոթում են այն Հայ դատի հետ, կամ ունեն էականորեն հնացած տեղեկություններ, կամ աշխատում են դրա դեմ։ Հսկայական գործ կա անելու Հայաստանի և ԱՄՆ-ի, ավելի ստույգ՝ Երևանի և Վաշինգտնի փորձագիտական հանրությունների միջև կապեր ստեղծելու և այդ քաղաքի փորձագիտական հանրության շրջանում Հայաստանի դերն ու նշանակությունը պաշտպանելու ուղղությամբ։ 

Եվ խոսքն իրապես առաջին հերթին գումարի մասին չէ, այլ աշխատանքի։ Վաշինգտոնում չկա ադրբեջանամետ կամ վիրամետ փորձագիտական կենտրոն, կան կենտրոններ, որոնք աշխատում են այդ պետությունների հետ, և այդ աշխատանքը ենթադրում է թե՛ որոշակի լոբբինգ, թե՛ առնվազն աշխատանքային էթիկա։ 

Հայաստանը, որ տասնամյակներ շարունակ չի աշխատել այդ ուղղությամբ, հիմա ունի հրաշալի մեկնարկային պայմաններ դա սկսելու համար։ Նախևառաջ առկա է ԱՄՆ գործող վարչակարգի նպաստավոր դիրքորոշումը, քաղաքում առկա է Հայաստանի հետ աշխատելու հստակ ցանկություն՝ պայմանավորված նաև այն իրողությամբ, որ հիմա անվիճելի են Ադրբեջանի ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը և տարածաշրջանը հավասարակշռության բերելու անհրաժեշտությունը: Բավական էական է նաև այն փաստը, որ Վաշինգտոնում ՀՀ դեսպանը ցանկանում է և կարողանում է աշխատել։

Արեգ Քոչինյան

MediaLab.am