Հայաստանը որոշումներ կայացնելու նախաշեմին

Երևանը և Անկարան անցած դեկտեմբերին հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Մինչ օրս նրանք մի քանի հանդիպում են ունեցել ու մի քանի տասնյակ հեռախոսազանգ։ 

Այս ընթացքում երկու երկրների միջև վերաբացվել են օդային թռիչքները։ Հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: 

Սրանք իհարկե կարևոր քայլեր են, որոնք հավելյալ ազդեցություն են ունենում իրավիճակի կայունացման վրա, բայց մենք դեռ բավականին հեռու ենք հարաբերությունների ամբողջական կարգավորումից։ 

Թեև ի սկզբանե հայտարարվել էր հարաբերությունների կարգավորման գործընթացին առանց նախապայմանների մոտենալու մասին, թուրքական կողմը իր հրապարակային ելույթներում միշտ ակնարկում էր կոնկրետ մեկ նախապայմանի մասին։ 

«Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, Հայաստանից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, ընդհանուր խոսքերի հետ մեկտեղ»,- ասել էր Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում դեռ տարվա սկզբին։ 

Չնայած այս ու նմանատիպ հայտարարություններին՝ հայկական կողմը շարունակում էր պնդել, թե բանակցությունները վարվում են առանց նախապայմանների, և վերջապես այս շաբաթ Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը հաջորդած հարցազրույցում Թուրքիայի նախագահն ասաց՝ Թուրքիան նախապայմաններ չի առաջադրում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար, բայց ավելացրեց. 

«Հենց Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր չի ունենա։ Անկարան ձգտում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների շուտափույթ ջերմացմանը և կողմերի միջև տարաձայնությունների կարգավորմանը»։ 

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Թուրքիան և Հայաստանը կշարունակեն շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Այսինքն՝ թուրքական կողմը հստակ առաջ է քաշում նախապայման ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է երրորդ երկրի հետ, բայց որոշում է դա չկոչել նախապայման՝ օգտվելով այն առիթից, որ հայկական կողմը դեռ պնդում է, թե նախապայմաններ չկան։

Սրանով Թուրքիան փորձում է նախապայմաններ ստեղծել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, բայց միևնույն ժամանակ չկրել ապակառուցողական կողմի պատասխանատվությունը ու շարունակել բանակցությունները կամ բանակցությունների իմիտացիան։

Իմիտացիան, քանի որ խնդիրը, որը թույլ չի տալիս առաջ շարժվել, չի գտնվում հայ-թուրքական բանակցային շրջանակում։ Հայաստանն ի լուր աշխարհի չի հայտարարում, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, և չի փորձում ստեղծել հավելյալ միջազգային ճնշում Թուրքիայի վրա՝ փորձելով չեղարկել այդ նախապայմանները։ 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ. պատասխանն էլ շատ պարզ է՝ անիմաստ է։ Անիմաստ է երկու պատճառով, նախ՝ միջազգային ճնշումները Թուրքիայի վրա հայկական հարցում դեռ երբևէ որևէ դրական հանգրվանի չեն բերել, և երկրորդ՝ Հայաստանն ինքն էլ է շահագրգռված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով ու հարաբերությունները կարգավորելով։ 

Այսպիսով պատկերը մաքսիմալ պարզվում է՝ կա՛մ Հայաստանը կկարողանա հարաբերությունները կարգավորել և՛, Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, կա՛մ երկուսն էլ չեն ստացվի։ Ամենը գալիս ու կենտրոնանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կամ, եթե կուզեք՝ խաղաղության պայմանագրի վրա։ 

Ո՞րն է Հայաստանի համար պայմանագրի հետ կապված գլխավոր խնդիրը. դա երաշխիքների կամ, ավելի ճիշտ՝ երաշխավորի ինստիտուտն է։ Անհրաժեշտ է, որ հայկական կողմի զիջումների հաշվին կնքված խաղաղության պայմանագիրը լինի իրական ու հարատև, լինի իրապես կարգավորող ու տարածաշրջանն առնվազն մեր մասով խաղաղեցնող։ 

Նման երաշխավոր մինչև վերջերս չէր նշմարվում, սակայն ԱՄՆ-ի ըստ էության աննախադեպ ակտիվացումը այս հարցում, համադրված այդ երկրի մրցակցությունից դուրս գտնվող կարողությունների հետ, ստեղծում է հնարավորություններ։

Կարևոր է նաև արձանագրել, որ ստեղծված հնարավորությունը ռելևանտ է կարճ ժամանակահատվածով, և եթե Հայաստանը չի ցանկանում մնալ նույն կոտրած տաշտակի առջև, ընդ որում՝ այս անգամ արդեն առանց իր վերահսկողության տակ գտնվող Արցախի, հարկավոր է որսալ պահը ու անցնել վճռական գործողությունների՝ ԱՄՆ-ի երաշխավորությամբ ու միջնորդական առաքելությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր կնքելուն ու դրան հաջորդող Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելուն։

Արեգ Քոչինյան

MediaLab.am