Հարգելի ընթերցող, այս շարքը, որ մեկնարկում եմ, ժամանակավորապես հեռու գտնվելով հայրենիքից, փորձ է ինքնանդրադարձ վերլուծության, փորձ է վերացարկված, թեկուզև շատ խիստ հայացքի։
Ներսից ծանոթանալով ԱՄՆ պետական կառավարման նրբություններին, որոշումների կայացման, զսպումների ու հակակշիռների համակարգերին, օրենքի գերակայությունն ապահովող կարգավորումներին ու լավ կառավարման մասին գաղափարներին՝ ակամայից հարց է առաջանում. ինչպե՞ս է ստացվել, որ ԱՄՆ-ն այս բոլոր հարցերում էականորեն տարբերվում է մնացյալ աշխարհից, ինչպե՞ս է, որ ընդամենը 200 տարվա ընթացքում նախկին հովիվներից ու ագարակատերերից բաղկացած գաղութները վերածվում են աշխարհի թիվ մեկ տերության։ Հարցերի հարցը փիլիսոփայական հարթության մեջ է։
Մարգարետ Թետչերն ասել էր՝ Եվրոպայի տարբերությունը ԱՄՆ-ից այն է, որ Եվրոպան պատմության ծնունդ է, իսկ ԱՄՆ-ն՝ փիլիսոփայության։
Միացյալ Թագավորության նախկին վարչապետի խոսքը, ուղղված Եվրոպային, շատ ավելի խտացված կերպով վերաբերում է նաև Հայաստանին։
Հայաստանը, ըստ էության, հայ ժողովրդի սեփական պատմության ռեֆլեքսիայի չենթարկված, ըստ արժանվույն չգնահատված և չառերեսված մորմոքումների արդյունքն է։ Հայաստանի Հանրապետությունը եկավ դառնալու հայ ժողովրդի պատմության հերթական արարը, եթե կուզեք՝ դրա դարեդար կրկնվող փակ շղթայի հերթական օղակը և բնավ ոչ պետականազուրկ, գաղութացված ժողովրդի ու դրա տեղական ընտրանու կերպարանափոխման՝ արխայիկից մոդեռնին, ծիսականից քաղաքականի անցման մոնումենտալ հիմքը։
Հայաստանի Հանրապետությունը ինտելեկտուալ հեղափոխության, ռեֆորմացիայի կամ ինքնության վերաձևակերպման արդյունք չէր, այլ պատմական գործընթացների (որոնք հաճախ կապ էլ չունեին հայ ժողովրդի հավաքական կամքի հետ) արգասիք։
Մինչդեռ հայ ժողովուրդը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանի ժողովուրդը, ինչպես ոչ մեկը, ունի նախագծված պետության, ռեֆորմացիայի, ինտելեկտուալ հեղափոխության ու ինքնության վերաձևակերպման խնդիր։
Այս ամենը պետություն ունենալու պարագայում արվում է ռեֆորմների միջոցով։ Հայաստանին պետք են ռեֆորմներ հանրային համակեցության բոլոր ոլորտներում՝ քաղաքաշինություն, լեզու, եկեղեցի, անվտանգություն, կրթություն, գիտություն, մշակույթ, տնտեսավարում, աշխատանքային էթիկա և այլն։
Հայաստանին, բացի պատմականից, պետք է փիլիսոփայական, գիտելիքահենք, նախագծված հարմարադեր (ամպլուա)։ Պետությունը չպետք է լինի պարզապես արձագանքը պատմական գործընթացներին, այն պետք է ունենա սեփական նախագծված մոտեցումներն ու լուծումները։
Առանց այս ամենի պետք է արձանագրել, որ մենք արդեն իսկ վերածվել ենք երբեմնի մեծ ու հզոր քաղաքակրթության ավերակների վրա ապրող ու նախկինների փառքով հպարտացող մարող մշակույթի։
Հայաստանին դեռ երեկ էին պետք փոփոխություններ, փոփոխություններ, որոնք ցավալիորեն մինչև այս պահը գործող քաղաքական ընտրանիները ի վիճակի չեն եղել ապահովելու։
Եվ հարցերի հարցն է հառնում. կա՞ արդյոք հայոց մեջ նման ներուժ՝ թեկուզև ոչ ներկա կամ անցյալ քաղաքական ընտրանու մեջ:
Արեգ Քոչինյան
MediaLab.am