ՀԱՊԿ երևանյան նիստը․ ի՞նչ հետևություններ կարող ենք անել 

Օրերս շատերը քննարկում են մի հարց. ճի՞շտ էր արդյոք Փաշինյանը, երբ չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկվող «Հայաստանին աջակցություն ցուցաբերելու» փաթեթը։ 

Մի շարք քաղաքական ուժեր, որոնք ջանում են ստանալ ռուսական շրջանակների աջակցությունը, միանգամից որակեցին այդ քայլը անմիտ, նույնիսկ դավաճանական՝ Ռուսաստանի հանդեպ։ Բայց եկեք գանք հերթով։ 

Փաշինյանի հիմնական պահանջը ՀԱՊԿ-ից այս փուլում քաղաքական գնահատականն էր։ Առանց քաղաքական գնահատականի որևէ փաթեթ կամ որևէ աջակցության ծրագիր պարզապես չի կարող գոհացնել Հայաստանին։ 

Ոչ թե այն պատճառով, որ քաղաքական գնահատականն ավելի կարևոր է, քան մնացած ամենը միասին վերցրած, այլ այն պատճառով, որ չի կարող լինել իրական և հողեղեն օգնություն՝ առանց քաղաքական գնահատականի։ 

Ի՞նչ պետք է անի ՀԱՊԿ-ը, եթե ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն անգամ չի ընդունում, որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, դրա տարածքների բռնազավթում ու ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծում։ 

Եթե չկա այս փաստի քաղաքական գնահատականը, ապա ինչի՞ն պետք է ուղղված լինի այդ օգնության կամ աջակցության փաթեթը։ Եթե այդ փաթեթը պետք է ուղղված լինի այն գնահատականի սպասարկմանը, որը նախկինում արդեն տվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ սահմանային միջադեպեր կամ սահմանազատման գործընթացի ցավալի խոչընդոտներ, ապա դա ոչ միայն չի օգնելու Հայաստանին ստեղծված իրավիճակում, այլև էականորեն վնասելու է։ 

Նման գնահատականը ու նման գնահատականի սպասարկումը նվազեցնելու են տեղի ունեցածի նշանակությունը, նվազեցնելու են այլ հարթակներում հարցի քննարկումն ու լուծումը ծավալելու հնարավորությունը և ագրեսոր կողմին հնարավորություն են տալու է՛լ ավելի վճռական գործողությունների դիմելու։ 

Ի վերջո, եթե Ջերմուկ կամ Գավառ քաղաքների ռմբակոծումը սահմանային միջադեպ է, ապա ինչու սահմանային միջադեպ չի կարող որակվել Վանաձորի, Եղեգնաձորի կամ Երևանի ռմբակոծումը։ 

Եվ ուրեմն, քաղաքական գնահատականը այն նվազագույն անհրաժեշտ պայմանն է, որը պետք է տեղ գտներ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության հնարավոր տեքստում՝ որևէ այլ իրական ու գործնական օգնություն ստանալու ճանապարհին։ 

Առանց այդ քաղաքական գնահատականի ՀԱՊԿ-ն ըստ էության դառնում էր իրավիճակի դիտորդը, ու Հայաստանը տալիս էր դրան իր համաձայնությունը։ 

Ասվածի լավագույն ապացույցը կազմակերպության գլխավոր քարտուղար Զասի հայտարարությունն էր առ այն, որ կազմակերպությունն առաջարկում էր «քաղաքական և ռազմական միջոցառումներ», իր բնորոշմամբ՝ «ընդհուպ առաքելություն, որը տեղում ռեալ կգնահատեր իրավիճակը»։ 

Սա այն առավելագույնն էր, որ Երևանում տեղի ունեցած նիստին առաջարկվել է Հայաստանին, և որից Հայաստանը հրաժարվել է։ Դիտորդներ տեղում արդեն կան, ու Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին բացարձակապես նրա համար չէր կամ չէ, որ այս ռազմական դաշինքը կարիքի պահին «դիտորդներ» ուղարկի Հայաստանի բռնազավթված տարածքները դիտարկելու։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստը հերթական արարն էր ՀԱՊԿ-ի ու Հայաստանի բևեռացման այն կարևոր նրբերանգով, որ այդ ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից, այլ ոչ հակառակը։

Եթե ՀԱՊԿ-ն այս փուլում որպես մեկնակետ քաղաքական գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին, այն է՝ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, բռնազավթել է ՀՀ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր տարածք, Հայաստանի հողի վրա սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների, խոցել է Հայաստանի ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերը, ապա Հայաստանի անդամակցության շարունակությունը կազմակերպության շարքերում ոչ միայն սխալ ու վատ քաղաքականություն է, այլև ՀՀ պետական շահերի ոտնահարում ու դավաճանություն։

Արեգ Քոչինյան 

MediaLab.am