Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում պետք է մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյան

«Կառավարությունը չի որոշել Ամուլսարի հանքավայրի շահագործմանը տալ թույլտվություն: Թույլտվությունը մեզնից առաջ տվել են: Հիմա կառավարությունը երկու հարցի պիտի պատասխանի՝ կա՞ այդ թույլտվությունը չեղյալ անելու հիմք, թե՞ չկա»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝  եթե կա հիմք, չեղյալ կարվի այդ թույլտվությունը, եթե չկա, չի արվի: Հակառակ դեպքում Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշն էական անկում կապրի:

Անդրադառնալով հարցին, թե միջազգային փորձաքննության համար ծախսված 400 հազար դոլարը վատնվա՞ծ է, թե ոչ, նա պատասխանեց. «Այդ 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Եվ ես չեմ համարում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված»:

Փաշինյանը հիշեցրեց, որ կա Վարչական դատարանի որոշում՝ հանք տանող ճանապարհները բացելու վերաբերյալ:

«Ամուլսարի խնդրի հետ կապված ես ուզում եմ ձևակերպեմ իմ ու կառավարության ընդհանրական դիրքորոշումները: Մենք ասում ենք, որ այս հարցում պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից: Եվ ճշմարտությունը ինքը մեզ պետք է բերի այս կամ այն որոշման: Ճշմարտության առումով ես շատ կարևորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի: Ես ինչո՞ւ եմ ասում՝ ճանապարհները բացեք, որովհետև համարում եմ, որ ՀՀ-ում կա կառավարություն, որը, եթե լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, կփակի ճանապարհները, եթե լինի բացելու անհրաժեշտություն, կբացի ճանապարհները»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է հենված լինեն օրենքի վրա, իրավական լինեն և բխեն օրենքից ու Սահմանադրությունից: