«Ալիևի համաձայնությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպել, միջազգային վարքագծի փոփոխության արդյունք է». Ռոբերտ Ղևոնդյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Ադրբեջանի նախագահն ասել է, թե ինքը դեմ չի լինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հանդիպում կազմակերպեն Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Ալիևի համաձայնությունն ինչո՞վ է պայմանավորված:

– Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը փոքր-ինչ փոխվել է Հայաստանի նկատմամբ: Ոչ միայն Ալիևի այդ հայտարարությունը, այլ նաև րոպեներ առաջ հայտարարություն տարածվեց, որ Թուրքիան ևս բավական դրական է արտահայտվել Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ սկսելու մտքի մասին: Այս ամենը կապված է միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ու Թուրքիային ուղղված վերջին հաղորդագրությունների հետ:

Խոսքս ԱՄՆ-ի կողմից՝ մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված վերջին հինգ օրենսդրական փոփոխությունների մասին է, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ու Թուրքիան, նկատելով միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը, փորձում են իրենց գործողությունները համադրել իրավիճակի հետ, որպեսզի խնդիրներ չունենան, առավելևս, երբ նախկինում Ալիևը հրաժարվում էր Մինսկի խմբի մասին լսելուց:

– Կարծում եք՝ համանախագահող երկրներին կհաջողվի՞ Ալիևին վերադարձնել այդ ձևաչափ, ու ի՞նչ պետք է քննարկեն, եթե վերջինն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է, ու այդ մասով քննարկելու հարց չկա:

– Ալիևը կարող է շատ բան ասել, կարևոր է, թե ինչ մոտեցում ունեն Հայաստանն ու միջնորդ կողմերը, իսկ բացի Ադրբեջանից՝ մնացած բոլոր կողմերը նշում են, որ Ղարաբաղի խնդիրը դեռ պետք է լուծվի, ու նույնիսկ Ռուսաստանն է նշում, որ կարգավիճակի հարց կա, թեկուզև՝ անորոշ ապագայում: Մինսկի խմբի աշխատանքն արդեն պետք է ուղղված լինի նոր մոտեցումների հավաքմանն ու համադրմանը:

Այստեղ շատ կարևոր է նաև, թե ինչպես կաշխատի Երևանը: Եթե կարողանանք աշխատել մեր շահերի տիրույթում ու այդ բոլոր միջազգային գործընթացներում նկատել այն բոլոր միտումները, որոնք համադրվում են մեր շահերի հետ, ու օգտագործել դրանք, ապա ոչ թե Մինսկի խմբին, այլ մեզ կհաջողվի նրանց միջոցով Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ ու գործընթացը շարունակել:

– Պարո՛ն Ղևոնդյան, կարո՞ղ ենք ասել, որ այսօր թե՛ համանախագահող երկրների, թե՛ միջազգային հանրության գործողությունները ավելի շատ հօգուտ Հայաստանի են, քան Ադրբեջանի:

– Ակնհայտ է, որ դեպքերը զարգանում են հօգուտ Հայաստանի, և այդ համատեքստում նույնիսկ Ռուսաստանի հռետորաբանությունն է փոխվել, ակնհայտ է, որ հայկական շահերը բավականին համընկնում են միջազգային տարբեր քաղաքական գործընթացների հետ:

Միայն մեկ օրինակ բերեմ. Արևմուտքը, կարելի է ասել, Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած մերժում է ուժի միջոցով խնդիրներ լուծելու տրամաբանությունը, իսկ Ադրբեջանն ուժի միջոցով փորձում է խնդրին վերջնական լուծում տալ, ինչը խախտում է այն հավասարակշռությունը, որը կա հիմնական խաղացողների պայմանավորվածությունների հիման վրա: Անհրաժեշտ է գոնե խորհրդանշական կերպով, մակերեսորեն ցույց տալ, որ հարցը չի լուծվել ուժի, այլ բանակցությունների միջոցով, հետագա գործընթացների միջոցով:

Հենց այդ հետագա գործընթացներն էլ համապատասխանում են Հայաստանի շահին, ու այստեղ Հայաստանը պետք է այնպես անի, որ դա չլինի խորհրդանշական ու մակերեսայնորեն, այլ լինի խորքային ու նպաստի մեր շահերի իրացմանը:

– Այսինքն՝ կարծում եք, որ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման ժամկետը կախված է Հայաստանի գործողությունների՞ց:

-Ամբողջապես՝ ոչ, բայց Հայաստանը բավական մեծ չափով մասնակցություն ունի այդ աշխատանքների վերսկսման ժամկետներում, ու այդ գործողությունները կարող են նպաստել, թե որ ուղղությամբ ու երբ կսկսվեն այդ աշխատանքները: Իհարկե, այդ հնարավորությունները սկսվել են ոչ Հայաստանի ջանքերի շնորհիվ, այլ դեպքերի բերումով, իսկ Հայաստանին մնում է միայն աշխատել ու փորձել օգտվել դրանից:

-Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների այսօր կայացած հանդիպումը ազդեցություն կունենա՞ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման ժամկետի վրա, և, ընդհանրապես, Թուրքիան ի՞նչ դիրքորոշում ունի այս ձևաչափի մասով:

-Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հնարավորինս մեծ չափով իրացնի իր շահերը, ու բնական է, որ Մինսկի խմբի աշխատանքները վերսկսելու այս միտումը որոշակիորեն անհանգստացնում է Թուրքիային, բայց իրողությունները հաշվի առնելով՝ Թուրքիան Հայաստանի նկատմամբ շատ սուր հռետորաբանություն չի վարում, այդ դերն ավելի շատ հատկացրել է Ադրբեջանին: Կարծում եմ՝ այդ հանդիպումից հետո էլ չի փոխի իր վարքագիծը, իսկ Լավրովն էլ երեկ հայտարարեց, որ Մինսկի խումբը շուտով կսկսի աշխատել:

Ռուսաստանը, կարծես թե, արդեն համակերպվել կամ, իր շահերից ելնելով, համաձայնել է, որ Մինսկի խումբը պետք է աշխատի, այնպես որ, շատ հավանական է, որ թե՛ այս հանդիպումը, թե՛ հետագայում ռուս-թուրքական հարաբերություններում Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման վերաբերյալ համաձայնությունն ու փոխադարձ ըմբռնելիությունը իրականություն դառնան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am