«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, Սահմանադրության նոր տեքստը հրապարակվեց նախօրեին, քննարկումները բուռն են, ընդդիմադիր երկու խմբակցությունն էլ մերժեցին Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը:
– Ընդդիմության դիրքորոշումը մեզ համար զարմանալի չէր, ու ոչ էլ անակնկալի եկանք իրենց կտրուկ պատասխանից: Ավելի շատ իրենք անակնկալի եկան, երբ վարչապետն իրենց նման առաջարկ արեց: Ստացվում է, որ իրենք ընտրել են վարչապետի երկրորդ առաջարկը՝ արտահերթ ընտրություններ: Այս մասով, սակայն, վարչապետն ասել է՝ կա՛մ մենք ենք իրենց հեռացնում, կա՛մ՝ իրենք մեզ, ուստի կարծում եմ, որ արտահերթի ելքը հաստատ իրենց օգտին չի լինի:
– Ստացվում է, որ վստահ եք՝ արտահերթ լինելո՞ւ է:
– Այս պահին որևէ հստակ որոշում չկա այդ մասով, որովհետև Սահմանադրության տեքստը դեռ քննարկման փուլում է: Քննարկումները դեռ ծավալվում են, դրանք կարող են ամիսներ տևել, կայքը բացված է, որ բոլոր քաղաքացիներն իրենց առաջարկությունները հնչեցնեն, լավ ծանոթանան յուրաքանչյուր կետին, որ հետո հանրաքվեի գնանք, այդ ընթացքում էլ իրենք դեռ ժամանակ ունեն իրենց կարծիքը փոխելու կամ քննարկումներին մասնակցելու ու վերջնական որոշում կայացնելու: Եթե հասկացանք, որ մինչև վերջ իրենք գնում են այս ճանապարհով, բնականաբար, կգնանք արտահերթի ճանապարհով, եթե ինչ-որ բան փոխվի, կգնանք ըստ վարչապետի առաջին տարբերակի:
– Տիկի՛ն Ղազարյան, հավանական համարո՞ւմ եք, որ ընդդիմությունը որոշումը կփոխի:
– Երբ ընդդիմությունն ինքը չէ որոշողը, ու որպես հստակ քաղաքական գնահատական ես կարող եմ ասել, որ իրենք այստեղ են ոչ իրենց օրակարգով, հետևաբար չենք կարող իմանալ, թե վաղն ինչ որոշում կկայացնեն:
– Ովքե՞ր են որոշում կայացնողները, ո՞ւմ նկատի ունեք:
– Իրենք ոչ հայաստանյան ընդդիմություն են, ուղղորդվում են դրսից, հետևաբար չեմ զարմանա, որ ինչ-որ կետում փոխեն իրենց կարծիքը:
– Ինչպես ասացիք, հրապարակված տեքստը բոլորն են քննարկում, ու արդեն հնչել են տեսակետներ, որ այս նոր Սահմանադրությամբ մարդու հիմնարար իրավունքներ են խախտվում, որ սա բռնապետական պետությանը բնորոշ Սահմանադրություն է: Դո՞ւք ինչպես եք գնահատում նոր տարբերակը:
– Սա իրականում շատ ավելի ժողովրդավարության արժեքներին համապատասխանող Սահմանադրություն է, բռնապետության մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև բոլոր մարմիններում քվոտաներ կան ընդդիմության համար, բոլոր մարմիններն ընդլայնված են ավելի ժողովրդավար լինելու համար: Որոնք որ չպետք է լինեն սահմանադրական մարմին, դուրս են եկել Սահմանադրությունից, ընդհանուր Սահմանադրությունը ավելի հակիրճ է:
Մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ծանոթացել, ու պետք է նկատի ունենանք, որ սա Սահմանադրության նախագիծն է, հետևաբար առաջարկների հիման վրա այն կարող է փոփոխվել ցանկացած օրենքի նախագծի նման: Ըստ առաջարկությունների այն ունենալու է վերջնական տեսքը, այո՛, մենք շատ երկար ենք աշխատել այս տեքստի վրա, բայց հանրային քննարկումը վստահաբար այն շատ ավելի լավը կդարձնի:
– Տիկի՛ն Ղազարյան, բայց սահմանադրական բարեփոխումների նպատակով ստեղծված խումբն անգամ դեմ էր որոշակի դրույթների, ու խմբի անդամ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ խորհուրդը չի հաստատել հրապարակված տեքստը: Սա խնդրահարույց չե՞ք համարում:
– Համաձայն եմ, որ մի ժամանակ խորհուրդն ակտիվ չէր աշխատում, բայց ես տեղյակ եմ, որ մինչև տեքստի հրապարակելը խորհրդի նիստ է եղել, բայց չեմ կարծում, թե չի հաստատել: Ամեն դեպքում, կրկնում եմ, որ այն հիմա հանրային քննարկման է դրված, ու բոլոր առաջարկները կքննարկվեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















