Օգտվելով արտագնա աշխատանքի մեկնողների անտեղյակությունից՝ փորձում են եկամտային հարկը լիովին գանձել, ինչը կոշտ վարչարարություն է. Պարսյան

Սուրեն Պարսյանը (Լուսանկարը՝ Sputnik Արմենիա)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

– Պարո՛ն Պարսյան, արտագնա աշխատանքի մեկնողներն այսուհետ ևս հարկվելու են, կխնդրեմ ասեք, թե սա ի՞նչ դժվարություններ է ստեղծելու արտագնա աշխատողների համար, և ի՞նչ օգուտներ է տալու պետությանը։

– Նշեմ, որ սա Հարկային օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն է, ըստ որոնց արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացի, պետք է իրենց եկամտից Հայաստանին եկամտային հարկ վճարեն։ Եթե Հայաստանն արտագնա աշխատանքի մեկնած երկրի հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ապա ՀՀ քաղաքացին, Հայաստանում հայտարարագրելով իր եկամուտը, կվճարի հարկերի տարբերությունը: Ենթադրենք՝ այնտեղ վճարել է 15%, այստեղ կվճարի 5%-ը, քանի որ մեր եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%, բայց երբ քաղաքացին առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել, այս դեպքում նրա վրա ամբողջությամբ է դրվում եկամտային հարկի վճարումը։ 

Հիմա հարկային համակարգը՝ ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ), օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից, նաև իրողություններին մատների արանքով նայելուց, փորձում է ամբողջությամբ այդ 20%-ը գանձել մեր քաղաքացիներից։ Եթե նրանք տեղյակ լինեին, որ նման պատժի մեթոդներ կկիրառվեն իրենց նկատմամբ, ապա հայտարարագիր կներկայացնեին ու քիչ հարկ կվճարեին, կարող է ընդհանրապես չվճարեին՝ կախված նրանից, թե որ երկրում են աշխատել ու ինչ հարկային դրույքաչափերով են հարկվել։ Քանի որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների մեծ մասը այստեղ հայտարարագիր չի ներկայացրել, որ Ռուսաստանում կամ այլ երկրում գումար է աշխատել, հիմա ամբողջությամբ փորձում են գանձել, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ ու շատ կոշտ վարչարարություն է:  

Սկզբնական շրջանում պետք է իրազեկման, նկատողության քաղաքականություն վարվեր ու քաղաքացիներին հորդորվեր հայտարարագիր ներկայացնել, իսկ հիմա միանգամից կոշտ վարչարարություն են իրականացնում, ինչն արդարացված չէ,  հաշվի առնելով, որ մեր քաղաքացիները արտագնա աշխատանքից այնքան էլ մեծ եկամուտներ չեն ստանում՝ հատկապես վերջին շրջանում, ու այդ հիմնական եկամուտները ծախսվում են Հայաստանում՝ դարձյալ հարկեր առաջացնելով ՀՀ-ի տնտեսության համար։ Բայց հիմա, հիմք ընդունելով այսպես ասած առկա օրենսդրությունը, ինչպես նաև 2020 թվականի Աստանայի միջպետական համաձայնագիրը, Ռուսաստանի հարկային ծառայությունից ստանալով տվյալները, միանգամից փորձում են կոշտ վարչարարություն իրականացնել, որը տեղին չէ։ 

– Իսկ որո՞նք են լինելու պետության համար առավելությունները։

– Պետության համար այդ հարկային մուտքերն են, որ լինելու են, երկրորդը՝ պետությունը կարող է նաև ընդհանուր պատկերացում կազմել մարդկանց իրական եկամուտների մասին, օրինակ՝ կան մարդիկ, որոնք օգտվում են պետության այս կամ այն աջակցության ծրագրերից, բայց դրսից մեծ եկամուտներ ունեն։ Սոցիալական հասցեական քաղաքականության տեսանկյունից պետությունը կարող է նաև այս տվյալներն օգտագործել։

– Պարո՛ն Պարսյան, իսկ տրանսֆերների ծավալը որքա՞ն է կազմում առհասարակ։ 

– Շատ բարդ է ասել, մենք ունենք ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգով կատարված փոխանցումներ, բայց սա ոչ թե բանկային համակարգի փոխանցումներով է հաշվարկվում, այլ՝ Ռուսաստանում, Բելառուսում հարկային համակարգում հաշվառված հարկային եկամուտների տվյալների հիման վրա։ 

Օրինակ՝ գնացել եք, աշխատել եք Ռուսաստանում, հարկ եք վճարել, ձեր տվյալներն այնտեղ ֆիքսված են, ձեր տվյալներն ուղարկում են Հայաստան, բայց եթե գնացել եք Ռուսաստանում աշխատել եք ու որևէ հարկ չեք վճարել, այսինքն՝ ստվերային դաշտում եք աշխատել, փողն ուղարկել եք ձեր հարազատին, այստեղ հարց չի առաջանում։

– Այսինքն՝ հիմա եթե արտագնա աշխատողը տվյալ երկրում ստվերային դաշտում է աշխատում, Հայաստանում նրան չե՞ն կարողանալու հարկել, որովհետև անհրաժեշտ տվյալներ չեն ունենա։

– Չէ, չի վճարելու, այստեղ մեկ ուրիշ մեխանիզմ կա, որ մեր օրենսդրությամբ մենք ունենք որոշում, որ մյուս տարվանից յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, մինչև 12 միլիոն դրամի չափը դրսից ստացած տրանսֆերները չեն հարկվի, օրինակ՝ որ ձեր բարեկամները փող ուղարկեն, մինչև 12 միլիոնը չի հարկվի, բայց եթե 12 միլիոնն անցավ, արդեն ստացողը հարկ կվճարի։

– Պարո՛ն Պարսյան, իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել էր, որ այս օրենքն ընդունվել է դեռ 2016 թվականին, բայց հարցը զգայուն է դարձել, որովհետև «արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դեպքում ԵԱՏՄ համաձայնագիրը բոլոր երկրների համար պարտադիր մտել է շրջանառության մեջ. կա՛մ մենք պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կա՛մ ասենք, որ այդ կանոնը չենք կիրառում, դա նույնպես խնդիր է»։

– Կարծում եմ՝ ծայրահեղության մեջ են ընկնում, այդպես չէ, որովհետև սա իսկապես Հարկային օրենսգրքի վաղուց ընդունված կետ է, բայց յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իրավակիրառ պրակտիկան, ու, առհասարակ, հարկային օրենսդրությունը տեղում որոշում են երկրները, անշուշտ, համադրելով նաև ԵԱՏՄ երկրների մասով, բայց այդ համադրությունը հիմնականում վերաբերում է ակցիզային հարկին ու ավելացված արժեքի հարկին, եկամտային հարկի մասով այնքան էլ «խիստ պահանջներ» չկան։ 

Բացի այդ՝ ոչ մեկը չէր ստիպում նրանց, որ մարդկանց չզգուշացնեին, չիրազեկեին: Ես վստահ եմ, եթե տուգանվող քաղաքացիների զգալի մասն իմանար, որ իրենց նկատմամբ նման վարչարարություն պետք է իրականացվի, այդ հայտարարագիրը կներկայացնեին, մի 2-3% կվճարեին ու այս ամեն ինչից կազատվեին, նույնիսկ կարող է ընդհանրապես չվճարեին, որովհետև, օրինակ՝ անհատից պահվող հարկերը Ռուսաստանում ավելի շատ են, քան մեզ մոտ, նրանք այնտեղ վճարում են և՛ եկամտային հարկ, և՛ սոցվճար և այլն, այնտեղ գործատուն է վճարում, այսինքն՝ ավելի շատ հարկային բեռ կա աշխատողի մասով։ Դրա համար այստեղ պետք չէ թաքնվել նախկինների հետևում, այլ՝ լուծումներ գտնել։ Այո՛, բավականին դժվար կլինի այլ լուծումներ օպերատիվորեն գտնել, բայց այդ մասին վաղուց պետք է մտածեին, այլ ոչ թե հարկայինը կիրառել, փաստի առաջ կանգնեցնել մարդկանց ու ասել՝ ի՛նչ անենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am