Մեր ուսանողությունը չի կարող ոչխարի հոտի պես քշվել ինչ-որ տարածք, նրանք պետք է ունենան այլընտրանքներ. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքում ոչ մի բուհ չպետք է լինի առաջարկին, դուք էլ առաջարկում եք կառավարության, Ազգային ժողովի շենքերը տեղափոխել քաղաքից դուրս, բայց բուհերը թողնել քաղաքում:

– Այո, առաջարկում եմ կառավարության, ԱԺ, նախագահական բոլոր վարչական շենքերը, որոնք հանրության համար որպես այդպիսիք փակ են, իսկ իրենք ունեն նաև ծառայողական մեքենաների, տարբեր տիպի սպասարկումների, նաև պետական պահպանության ահռելի ռեսուրսներ, որը ևս ծանրաբեռնում է և՛ տարածքները, և՛ Կենտրոնը, և՛ փակում է ընդհանրապես հանրային տարածքները, տեղափոխեն քաղաքից դուրս ու իրենց համար հանգիստ աշխատեն։ 

– Այսինքն՝ առաջարկում եք բուհերը թողնեն տեղում, իրե՞նք տեղափոխվեն։

– Նախ՝ բուհերն անպայման պետք է մնան քաղաքում, հատկապես արվեստի բուհերի մասին է խոսքը, որովհետև մայրաքաղաքային ակտիվ կյանքի ու արվեստային միջավայրի համար շատ կարևոր են կրթօջախները։ Կրթական հաստատությունները պետք է ոչ թե արմատախիլ արվեն Երևանից, այլ պետք է մասնաճյուղեր բացվեն մարզերում, որքան հնարավոր է՝ շատ, ու երկրորդը՝ Երևանի թե՛ թատերական, թե՛ երաժշտական կյանքը պետք է շատ ավելի ակտիվ լինի, քան այժմ կա, ու ամբողջովին բոլոր թելերով կապված լինի կրթօջախների հետ։ 

Ուսանողությունը քաղաքական կյանքի ամենաակտիվ մասնակիցներից է, միշտ ու բոլոր ժամանակներում բոլոր հանրային շարժումները, ընդվզումները ու նաև որոշումների հակադրության տարբեր տիպի միտքը ուսանողական միջավայրի ծնունդ են: Առաջին հերթին ուսանողությունն է դուրս եկել փողոց, ու այսօրվա իշխանությունը ևս դա շատ լավ գիտի, այդ իսկ պատճառով էլ ինքը շատ մեծ էնտուզիազմով ուսանողությանը հեռացնում է ակտիվ քաղաքական կյանքի մասնակցությունից՝ ապահովելու համար իր անխափան ու շատ հաճախ հանրային տեսանկյունից ոչ նպաստավոր որոշումների հանգիստ ընթացքը։ 

– Ըստ ձեզ՝ այս տեղափոխության հիմնական նպատակը դա՞ է։

– Իհարկե, ի՞նչ այլ նպատակ կարող է լինել։

– Ասում են՝ Ակադեմիական քաղաք ենք ստեղծում, որ կրթության որակը լավանա, բովանդակությունը փոխենք։ 

– Իրենք շա՞տ գիտեն, թե Կոնսերվատորիայի կրթության բովանդակությունը ո՛րն է, նրանցից որևէ մեկը սովորե՞լ է Կոնսերվատորիայում, որ իմանա, թե ո՛րն է այնտեղի կրթության բովանդակությունը։ Եթե Կոնսերվատորիայի կրթության որակը բարելավելու գեթ մեկ առաջարկների փաթեթ ներկայացնեն, որպեսզի այն համապատասխանի ժամանակակից պատկերացումներին ու մոտեցումներին, ես շատ կողջունեմ, բայց նրանք դա չեն կարող մշակել, որովհետև այդպիսի ունակություն ունեցող գեթ մեկ անձ ամբողջ կառավարության միջավայրում չկա։ 

– Իրավունքների տեսանկյունից եթե դիտարկենք հարցը, կոնկրետ դեպքում ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի իրավունքի խախտում կա՞ այստեղ, տիկի՛ն Հովհաննիսյան։

– Սա կրթության իրավունքի կոնկրետ խախտում է, որովհետև մարդը պետք է ունենա ընտրություն․ ցանկացած մարդ, որը դիմում է ընդհանրապես կրթություն ստանալու համար, պետք է ունենա առաջարկների բազմազանություն: Եթե մենք մարդուն կտրում ենք կրթության իրավունքի բազմազանությունից ու նրան նետում ենք ընդամենը մեկ փաթեթ առաջարկ, դա նշանակում է, որ մենք նաև սահմանափակում ենք նրա կրթություն ստանալու ընտրության իրավունքը: 

Մենք ապագայում ունենալու ենք ուսանողության շատ մեծ արտահոսք երկրից, որովհետև մարդիկ նախընտրելու են ապրել ու կրթվել մշակութային կենտրոններում, առաջադեմ համալսարաններում, որտեղ ոչ մեկի մտքով չի անցել արմատախիլ անել ավանդույթներով հարուստ կրթօջախները ու երաժշտական հաստատություններն ու տեղափոխել այլ վայր։ 

Չմոռանանք նաև, որ մեր Կոնսերվատորիայում ուսանում են մեծ թվով օտարերկրացի ուսանողներ, ու ցանկացած երկրի համար մեծագույն առավելություն է մայրաքաղաքում ունենալ ավանդույթներ ունեցող արվեստի, կրթության հաստատություններ։ 

Ուրիշ հարց, եթե իրենք ասեին, որ ժամանակակից տեխնոլոգիական կրթությունների համար անհրաժեշտ է նոր լաբորատորիաների կառուցում և այլն, այդ պարագայում հասկանալի կլիներ, բայց դա հաստատ Կոնսերվատորիայի մասին չէ։ Ընդհանրապես, մայրաքաղաքները շնչում ու ներկայանում են իրենց մշակույթով, ու երկիրն է ընդհանրապես ներկայանում աշխարհին։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ այդ բոլոր շենքերը պետք տնօրինի միջազգային, դեռևս անհայտ ինչ-որ կազմակերպություն, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

– Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե որ օֆշորում գրանցված ի՛նչ միջազգային կազմակերպության պետք է տան, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այն հանգամանքը, որ մեր մշակույթը, կրթությունը պետք է մնան մեր պետությանը, հանրությանը, ու մեր ուսանողությունը պետք է ունենա այլընտրանքներ, մեր ուսանողությունը չի կարող ոչխարի հոտի պես քշվել ինչ-որ տարածք ու լռելյայն այդ փակ զոնայում գոյատևել կամ համարել, որ Հայաստանում այլևս չի կարող լինել այն կրթությունը, որը մրցունակ կլինի միջազգային տարբեր մակարդակներում: Սա, ինչպես ասացի, խթանելու է արտահոսքը, ինչն արդեն իսկ կա տղա երեխաների մասով, որոնք այլևս տարկետում չեն ստանում, նույն պետությունը թերարժևորում է իր կրթությունը։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ասում եք, որ բուհերը պետք է մնան հանրության սեփականություն և այլն, այս «պատերազմում» ի վերջո կհաղթի գործադի՞րը, թե՞ հանրությունը։

– Սա պատերազմ չէ, սա պատկերացումների բախում է, որը հստակորեն ենթադրում է, օրինակ՝ հասկանալ, թե մենք ինչպիսի՛ պետություն ենք ուզում ունենալ, ու ինչպիսի՛ն է մեր ինքնությունը։ Մեր ինքնությունը զե՞րծ է ներկայացուցչականությունից՝ որպես գիտության, արվեստի, կրթության ու մշակույթի ինքնություն, թե՞ մեր ինքնությունն իսկապես կրողն է այդ բաղադրիչների։ 

Սա ընտրություն է, մենք հիմա կանգնած ենք ընտրության առջև․ Ակադեմիական քաղաքը այն անվանումն է, որի տակ քողարկում են այս ամենը, ինչպե՞ս ենք մենք ներկայանում աշխարհին, ներկայանում ենք ադմինիստրատիվ փակ-փակ շենքերով, ոստիկանական պատնեշներո՞վ, թե՞ մենք իսկապես որպես պետություն բացվում ենք հանրության առաջ, մեր հանրությունը մեր երկրի իրական տե՞րն է, թե՞ ոչխարի հոտ է, որտեղ կքշեն, այնտեղ էլ կգնա։ 

Ստանում ենք մի պատկեր, երբ հեղափոխության արժեքներ թմբկահարած անձինք ժողովրդին դիտարկում են որպես ոչխարի հոտ, որտեղ կքշեն, այնտեղ էլ կգնա։ Սա քաղաքական վերաբերմունք է, քաղաքական վճիռ է, որը զրկելու է նաև մեր պետականությունը մշակութային ինքնությունից, միայն բուհերի հարցը չէ, մշակութային ինքնության մասին ենք խոսում։ 

Քաղաքական որոշում է հասարակության գերակտիվ շերտը օտարել մայրաքաղաքից ու միևնույն ժամանակ մայրաքաղաքը զրկել իր մշակութային ինքնությունից, որպեսզի մայրաքաղաքը դառնա իրենց սեփականությունը՝ խլվելով հանրությունից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am