Անտրամաբանական է, որ մեղադրվող պաշտոնյան գտնվում է տնային կալանքի տակ, իսկ մյուսները  կալանավորված են. Նինա Կարապետյանց

«Կտրականապես համաձայն չեմ, որ կանանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարելի կիրառել առհասարակ: Մանկահասակ, կրծքով կերակրվող երեխա ունենալը ևս պարտադիր պայման չէ, որ կալանքը չկիրառվի որպես խափանման միջոց, որովհետև կանայք էլ կարող են կատարել հանցագործություններ, որոնց պարագայում պարտադիր է կալանքը կիրառել որպես խափանման միջոց, անգամ եթե դու ունես մի քանի մանկահասակ երեխա»,- «Մեդիալաբին» ասում է, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Միաժամանակ Նինա Կարապետյանը հավելում է, որ ասվածը, սակայն, չի վերաբերում օրերս մեծ քննարկումների առիթ հանդիսացած «Սիներջի» ընկերության և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին առնչվող աղմկահարույց գործին, որի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության աշխատակցուհիները՝ Լիլի Մկրյանը և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանը:

«Հասկանում եմ, թե ինչ մասին է խոսքը, բայց օբյեկտիվ իրականության մեջ կինը կարող է նաև այնպիսի հանցագործության և՛ կազմակերպիչ, և՛ կատարող լինել, ես խնդրում եմ՝ կանանց չթերագնահատել, բայց, կրկնում եմ, ամեն ինչ պետք է ամենայն խորությամբ ուսումնասիրել, նոր միայն վճիռ կայացնել»,- ասում է Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը, սակայն, անհամաչափ է համարում կիրառվող մոտեցումները: 

«Կոնկրետ գործով այն, ինչ մենք ունենք՝ առնվազն հրապարակային, շրջանառության մեջ է դրվել քննչական մարմինների, Դատախազության կողմից, այն, ինչի համար մեղադրվում են այս մարդիկ, ես կարծում եմ, որ բացարձակ հիմնավոր չէ: Իհարկե, դատական նիստին ներկա չենք եղել, բայց գոնե այն հոդվածով, որով այդ կանայք մեղադրվում են, կարծում եմ, առնվազն անտրամաբանական է։ Անտրամաբանական է նաև ընտրված խափանման միջոցները՝ հատկապես, որ պաշտոնյայի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը իբրև խափանման միջոց»,- ասում է Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով էկոնոմիկայի նախարարությունում Հակակոռուպցիոն դատարանը կալանավորեց նախարարության աշխատակիցների, ինչպես նաեւ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին, աշխատակցուհի Լիլի Մկրյանին ու ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանին, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ 

Սակայն վարույթն իրականացնող մարմինը գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաների՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի և վարչության պետ Լիլյա Սիրականյանի նկատմամբ շատ ավելի մեղմ վարվեց։ 

Իսպիրյանին տրվեց տնային կալանք, իսկ Սիրականյանին, ըստ լրատվամիջոցների, երկրից չբացակայելու արգելք։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ այս ամենի հետևում կանգնած է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարը, այլ լրիվ այլ բնույթի պայքար։ Միայն այն, ըստ Կարապետյանցի, որ մի դրվագում առկա է նման տարբերակված մոտեցում, խոսում է այն մասին, որ Հայաստանում կրկին արդարադատությունն օգտագործվում է ոչ թե իր բուն, ինչի համար կոչված է, այլ ուրիշ նպատակով։

«Ես, իհարկե, վստահ չեմ, որ մենք այս գործով դատական վերջնական ակտ ենք տեսնելու, ու այս կանանց պատասխանատվության են ենթարկելու, բայց չեմ էլ կարող ասել, թե ի՛նչ նպատակով է այս ամենը կազմակերպվել։ Սա նույն տրամաբանության մեջ է, ինչպես ընտրություններից հետո որոշ մարդկանց նկատմամբ քրեական գործերի հարուցումն ու կալանավորումը, ուրիշ հարցեր են լուծում՝ օգտագործելով արդարադատության համակարգը որպես գործիք»,- վստահ է Նինա Կարապետյանցը, իսկ նման պրակտիկա եղել է ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ 

Իրավապաշտպանի խոսքով՝ վաղ թե ուշ այս ամենի նպատակը կբացահայտվի, բայց խնդիրն այն է, որ այս գործերը միայն ազդում են Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա, որը խանգարելու է երկրին՝ ժողովրդավարության հիմքով տրվելիք հնարավոր աջակցություններին։ Կարապետյանցի կարծիքով՝ իշխանությունը փորձում է իր ներսում եղած խնդիրներին դիկտատորական ճանապարհով լուծում տալ՝ չմտածելով, թե դրա հետևանքով ինչ վնասներ է կրում պետությունը։

«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են»,- նշված է օրերս «Սիներջի ինթրնեշնլ սիսթըմզի» տարածած հայտարարության մեջ՝ որակելով կալանավորումը «անհասկանալի և անհիմն»:

Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ էկոնոմիկայի նախարարության մի քանի պաշտոնյաներ, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել են:

Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» երաշխավորություն կներկայացնի՝ «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու համար: 
Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am