«Սա Վերաքննիչ դատարանի անմարդկային, հակաիրավական, խայտառակ որոշում էր». Սեդա Սաֆարյանը՝ Քոչարյանին կալանքից ազատելու մասին

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ որոշեց բավարարել Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները և կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին, ում «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։

Դատարանը որոշեց կալանավորումը վերացնել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

«Սա Վերաքննիչ դատարանի անմարդակային որոշումներից մեկն էր. և անմարդկային, և իրավունքների հետ կապ չունեցող, և հակաիրավական, սա խայտառակ որոշում էր»,- այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

«Չեմ կարող ասել՝ ինչ է լինելու, բայց կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը չանի, ապա ես ինքնուրույն պետք է հանեմ 2008-2009 թվականների բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք մարտի 1-ին ազգի ողբերգությանը մասնակից են եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, և այդ հանցավոր համագործակցության այսօրվա դրսևորումների կապակցությամբ կաշխատեմ ամեն բան ասել: 

Երկու տարի ասում ենք, որ դատական համակարգում կան մարդիկ, որոնք բացառապես ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնելու համար: Իրենք ուղղակի դրված են դրա համար:

Դա գիտի աշխարհը, դա գիտենք մենք, դա կանխատեսում էինք մենք ի սկզբանե, բացի վերադաս մարմիններից, որոնք իրավասու են այս խնդիրներին լուծում տալու: Շատ ծանր է, որ այսօր կայացվեց այս կարգի վճիռ, ինչը նշանակում է, որ մեր դատական համակարգը շարունակում է նույն հիվանդագին մոտեցումները արդարադատության իրականացման հարցում»,- ընդգծեց Սեդա Սաֆարյանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am