Սա ազգային խայտառակություն է. չեմ հիշում, որ երբևէ միջազգային հանրությունը պաշտպանի մեր Եկեղեցին մեզանից. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը «օտարերկրյա, միջազգային գործակալ» է, ինչպես նաև կաթողիկոսին մեղադրեց սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններին մասնակցելու համար։ Այդ հայտարարությունից հետո ԵԽԽՎ նիստը նախագահողն ընդհատեց նրան և հորդորեց վերադառնալ բուն քննարկման թեմային: Այդ ամբիոնից նման հայտարարություն անելն ինչո՞վ եք պայմանավորում:

– Նախ՝ որևէ զարմանալու բան չկա, որովհետև անձամբ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավն այնպիսի միջազգային մասշտաբների է հասցրել, որ ՔՊ-ական պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում մեծ հաշվով որևէ բան չի փոխում մեզ համար: Մենք նաև գիտենք, որ սա այն իշխանությունն է, որն իր ներքին քաղաքական «ռազբորկաները» միջազգային ամբիոններ է բարձրացնում, ու նրա համար ընդհանրապես կապ չունի՝ դա վնասո՞ւմ է պետությանը, վնասում է քաղաքացիներին, թե՞ վնասում է ազգային շահին: 

Բնականաբար, մեր ներքին խոհանոցը, իսկ Եկեղեցու դեմ պայքարը ներքաղաքական պայքար է, ու այն գործողությունները, որ իրականացնում է իշխանությունը, որևէ կապ չունեն միջազգային հարցերի հետ, հետևաբար ներքին խնդիրները այդ ամբիոնից հայտարարել, խայտառակել մեր Եկեղեցին ուղղակի անթույլատրելի է: 

Դրա փոխարեն պետք է խոսեր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների խախտումների, Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ, Հայաստանի տարածքի նկատմամբ ունեցած զավթողական նկրտումների մասին, հայերի նկատմամբ ատելություն տարածելու մասին: Պետք է խոսեր այս բոլոր խնդիրների մասին միջազգային այդ ամբիոնից, ինչը կարող էր անվտանգության բարձիկներ ստեղծել Հայաստանի համար: 

Բայց, մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ այս իշխանությունն իրականացնում է պրոադրբեջանական քաղաքականություն, հետևաբար այս հարցերի մասին իրենք չեն կարող խոսել ԵԽԽՎ ամբիոնից: Ներքին բամբասանքների մակարդակի հայտարարություն հնչեցնել միջազգային ամբիոնից, խոսել ոսկեղենիկ անգլերենով ու ցույց տալ, թե զբաղվում են պատգամավորական գործունեությամբ, անթույլատրելի է: 

– Նման բան ասելու նպատակը ո՞րն էր:

– Դուք գիտեք, որ այսօր խորհրդարանը այն ինստիտուցիոնալ մարմինը չէ, որի նպատակն է զբաղվել պետական շահերի պաշտպանությամբ, իրականացնել վերահսկողական ֆունկցիա գործադիրի նկատմամբ, այլ ամեն գնով պաշտպանել վարչապետի քաղաքականությունը, ինչն անում են նաև Հայաստանի տարածքից դուրս:

Այդ մարդիկ ունեն պլան՝ պաշտպանել ու արդարացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե այդ քաղաքականությունը ինչ բնույթի է: Եվ քանի որ պատգամավորները ընտրվում են ոչ թե ժողովրդի կողմից, այլ՝ քաղաքական թիմի առաջնորդի, հետևաբար այս մարդիկ անգամ միջազգային ամբիոններն են օգտագործում իրենց առաջնորդին հաճոյանալու, որպեսզի իրենց պաշտոնի երկարակեցությունն ապահովեն, քանի որ դա կախված է միայն Փաշինյանից: Այս մարդկանց նպատակը ազգային շահը պաշտպանելը չէ, իրենք ունեն պլան, որը պետք է կատարեն: 

– Ձեր կարծիքով՝ նման ելույթները ինչպե՞ս են ազդում Հայաստանի միջազգային հեղինակության վրա, և ԵԽԽՎ-ում նման հայտարարությունը նախադե՞պ էր։

– Ես չեմ հիշում, որ երբևէ միջազգային հանրությունը պաշտպանի մեր Եկեղեցին մեզանից: Ստացվում է, որ մենք մեր Եկեղեցու հետ խնդիրներ ենք ստեղծում, իսկ միջազգային հանրությունը փորձում է այդ խնդիրները հարթել: Սա ազգային խայտառակություն է, որովհետև մեր Եկեղեցին եղել է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի պաշտպանը: Իսկ հիմա օտարները պաշտպանում են մեր Եկեղեցին մեզանից, համապատասխան բառ էլ չկա, որ կարելի լինի բնութագրել այս իրավիճակը: Սա խոր հետք է թողնելու մեր պետության պատմության մեջ, Եկեղեցու դեմ տարվող այս արշավը թանկ է նստելու Հայաստանի ու այն հայ համայնքների վրա, որոնց գոյությունը պահպանվում է Եկեղեցու շուրջ օտար երկրներում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am