«Նրանք նպատակ ունեն պղծել մեր բոլոր սրբությունները». Տիգրան Խզմալյան

«Նրանք նպատակ ունեն պղծել մեր բոլոր սրբությունները». Տիգրան Խզմալյան
«Նրանք նպատակ ունեն պղծել մեր բոլոր սրբությունները». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, վերջին օրերին ահազանգեր եղան նախ Զվարթնոցի, այնուհետև Գառնիի տաճարների տարածքը խրախճանքի վայրերի վերածելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամեինին:

-13-րդ դարի սկզբում անհայտ հայ վարպետները ֆրանսիական արքաների պալատում տաճար էին կառուցել, որտեղ պատկերեցին հայոց սրբությունը` Զվարթնոցը՝ իբրև մարդկային մշակույթի խորհրդանիշ, որը ջրհեղեղից փրկվեց տապանում, մարդկանց ու կենդանիների հետ մեկ տեղ: Այսօր Հայաստանի «մսակույտի օբեկտի» վերածված մշակույթի հիմնարկը Զվարթնոցը վարձով «զզվարթնոց» է սարքել: Ահա թե ինչ է լինում մի երկրում, որտեղ գլխի տեղը ստամոքսն է հայտնվում, իսկ դեմքի փոխարեն՝ հետույքը:Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսորը ընդգծում է Զվարթնոցի որոշիչ ազդեցությունը եվրոպական միջնադարյան ճարտարապետության վրա, մինչդեռ դուք, ստոր տականքներ, վարձով դիսկոտեկ եք սարքում Զվարթնոցում:

-Ինչի՞ հետևանք եք համարում այս իրավիճակը, պարոն Խզմալյան:

-Զվարթնոցի կորպորատիվ քեֆը, Գառնու տաճարի խորտկարանը, Ծածկած շուկայի ապականումը, հին Երևանի ոչնչացումը պսակող Աֆրիկյանների տան ապամոնտաժումը, այս բոլոր գործողություններն, անկասկած, ծրագիր են: Սա հային նվաստացնելու, հայ ոգին ոտնահարելու, հայոց պատմությունն ու արժանապատվությունը նսեմացնելու ծրագիր է: Տեղացի գավառական քաղքենիները, այն ոչնչությունները, ովքեր ատում են մեր քաղաքն ու երկիրը, ովքեր ոչ մի բան չստեղծեցին Հայաստանում քառորդ դար շարունակ, բացի ավերակներից ու կապիկությունից, հիմա ոչնչացնում են ազգային իրական արժեքները, որպեսզի մնացած դատարկության մեջ ինքնահաստատվեն ու հագեցնեն սեփական թերարժեքությունը: Նրանք նսեմացվում են սուրբ վայրերն ու սուրբ օրերը, սրբապղծվում ու հայապղծվում են մեր երազանքներն ու հույսերը, մեր հավատքն ու սերը: 

Սակայն այս ծրագիրն իրականացնելով՝ նրանք ունեն օտար հովանավորներ, որոնք օգտագործում են նրանց իբրև բութ գործիք: Այս իրավիճակը պետականության բացակայության հետևանք է, մեր երկրի անկախության բացակայության, վերնախավի բացակայության, արժանապատվության բացակայության: Պատահական չէ, որ ազգիս վերջին հպարտ ու արժանապատիվ հատվածը՝ երիտասարդությունը, արդեն իսկ զենք է վերցնում, դանակով ու ատրճանակով դեռեւս խորհրդանշական ու վերջին նախազգուշացում հղելով ազգի դավաճաններին ու թշնամիներին:

-Պատճառաբանում են, թե տարճարների տարածքները վարձակալությամբ տրամադրելու շնորհիվ դրանց պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրների հարցն է լուծվում: Արդյոք մշակութային արժեքները պահպանելու այլ եղանակներ չկա՞ն:

-Այն որ նրանք վաճառում են մեր արժանապաատվությունը, իհարկե, դա օրինաչափ է և շահավետ իրենց համար: Սա հիմնականում վաճառականների տրամաբանության մեջ է մտնում և միանգամայն օրինաչափ է: Մեզ մոտ իշխում են վաճառականները:

-Աֆրիկյանների տան ապամոտաժման խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում: Ստացվում է, որ պետության կողմից սրտացավ վերաբերմունք չկա՞ մեր մշակույթի հանդեպ:

-Նրանք նպատակ ունեն պղծել մեր բոլոր սրբությունները՝ սուրբ վայրերն ու սուրբ օրերը: Իզուր չէ, որ Աստանայի խայտառակությունը տեղի ունեցավ ճիշտ մեր Հանրապետության օրվա հենց հաջորդ օրը՝ մայիսի 29-ին:

Իզուր չէ, որ Սերժիկ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու մասին հայտարարեց Արցախի Սահմանադրության հռչակման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին: Այս ամենի նպատակն է նվաստացնել մեզ, ոչնչացնել մեր արժանապատվությունը:

Մեր կռիվն այսօր արժանապատվության կռիվ է: Վառվող աչքերով երիտասարդները, ովքեր Աֆրիկյանների տան ավերակներն են պաշտպանում, նրանք պաշտպանում են սեփական արժանապատվությունը: Ու նաև պաշտպանում են մեր, ազգային, քաղաքացիական արժանապատվությունը, քանզի ուրիշ բան մեզ չի մնացել` չունենք ոչ պետություն, ոչ ազատություն, ոչ օրինականություն:

Ունենք ավերված ու թալանված երկիր, որի խորհրդանիշն է այսօր Աֆրիկյանների տան ավերակը: Ու այս մի բուռ երիտասարդները չեն հարցնում` ո՞ւր է օրենքը, ո՞ւր է մտավորականությունը, ո՞ւր է քաղաքացիական հասարակությունը, ո՞ւր է Նախախորհրդարանը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն: Նրանք գիտեն, որ ամեն ինչ կախված է իրենցից, մեզանից, ամեն մեկիցս: Ու ես նրանց հետ եմ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am