«Ամուսինս երկու անգամ կլինիկական մահ է տարել, ոտքերը լրիվ ջարդված են»․ Քարվաճառի բարեկեցիկ կյանքից՝ հուսահատ անորոշություն

36-ամյա Պայծառ Բլեյանի ամուսինը՝ 39-ամյա Օհան Չիլինգարյանը, Արցախյան պատերազմում հայրենիքը պաշտպանելիս հրաշքով է փրկել։ Կնոջ խոսքով՝ երկու անգամ կլինիկական մահ տանելուց, թոքերից չորս լիտր ջուր քաշելուց և ոտքի բեկորային վնասվածքների հետևանքով ոտքը 5 սմ կարճանալուց հետո հիմա սկսել է քիչ-քիչ կյանք վերադառնալ։

«Մենք էսօր ոչ մի բանի մասին չենք մտածում, մենակ մտածում ենք, որ ամուսինս լավանա, գա տուն, նոր նստենք, որոշենք, տեսնենք ինչ ենք անելու, ինչպես ենք շարունակելու ապրել»,- «Մեդիալաբին» ասում է Պայծառ Բլեյանը։

Օհան Չիլինգարյանն ու Պայծառ Բլեյանը մինչև պատերազմը բնակվում էին Արցախում՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում։ Պատերազմի հետևանքով Պայծառը երեք անչափահաս երեխաների և ամուսնու մոր հետ տեղահանվել է, սկզբում տեղափոխվել է Սիսիան, այնուհետև՝ Երևան։ Ամուսինը մեկնել է ռազմաճակատ, հայրենիքի պաշտպանությունը իրականացրել է Քարվաճառում, որտեղ էլ ծանր վիրավորում է ստացել։

Պայծառն ասում է, որ պատերազմը և ամուսնու վիրավորումը շոկ են եղել ընտանիքի համար, միակ ուրախությունն այս պահին այն է, որ ամուսինը ողջ է, թեպետ տանջանքներն ու ցավերը դեռևս հանգիստ չեն տալիս:

«Սնարյադն ընկել է ամուսնուցս մեկ մետր հեռավորությամբ. ինքը գնացել է, որ շորը վերցնի, մտնի ներս, բայց փոշմանել ա, չի վերցրել: Շրջվել ա, որ նորից հետ գնա, իրենից մի մետր հեռավորությամբ սնարյադն ընկել ա, տրաքել։ Ասում էր՝ կանգնած էի, մեջս ոնց որ հոսանք մտներ, սենց ճտճտոցներ եղան, ու ինքն ընկել ա: Ընկերները գոռացել են՝ Օհանը վիրավորվել ա, վազել, քաշել, տարել են ներս։

Մեր բախտն էնքանով ա բերել, որ Օհանը բոյով ա ու պպզած չի եղել, թե չէ իրա միջից կկտրեր, կտաներ, մենակ ծնկներից ներքև ա խփել»,- պատմում է կինը:

Պայծառի խոսքով՝ այժմ ամբողջ օրն անցնում է ամուսնուն հիվանդանոց այցելելով և հուսալով, որ շուտով վերջնականապես կապաքինվի: 

«Ամուսինս 18 օր բոքսում անշարժ պառկած ա եղել, երկու անգամ կլինիկական մահ ա տարել, չորս լիրտ ջուր են քաշել թոքերից, երկու ոտքերը ծնկներից ներքև լրիվ ջարդված են: Աջ ոտքին մի քիչ շատ խնդիր կա, մի 5 սմ կարճացրել են, ոսկոր չի ունեցել, կտրել-տարել են։ 

Սպասում ենք, որ մեծ վերքը լավանա, հետո ապարատով ոտքը քիչ-քիչ երկարացնեն, հավասարացնեն ձախ ոտքին։ Ձախ ոտքն էլ շշերով ա հավաքած, լրիվ բեկորային կոտրվածք է ունեցել»,- պատմում է կինը։

Ասում է՝ դեռ չի պատկերացնումն, թե ինչպիսին կլինի ապագան։ Քարվաճառում թողել են տունը, հողամասը, ամեն ինչ․ «Էրեխեքս ստեղ չեն հարմարվում, անընդհատ ասում են՝ ստեղ չենք ուզում քնել, գնանք մեր տունը, էսի լավ տեղ չի, իրենք կարոտում են։ Մեր հայաթը մեծ էր, տունը՝ մեծ, իրանց համար խաղում էին, ամեն ինչ ունեինք, տունն էլ ապահովված էր ամեն ինչով: Բոստան ունեինք, ծառեր՝ խնձոր, տանձ, դամբուլներ տարբեր ձևերի, խաղող, ամբողջը մնաց թուրքին»,- ցավով ասում է Պայծառը։ 

Նա նշում է, որ այժմ Երևանում տուն են վարձել, ծախսերը փորձում են հոգալ պետությունից ստացած ֆինանսական աջակցության միջոցով, առաջնահերթ խնդիրներից նշում է, որ երեխաները հագուստի կարիք ունեն։

Պայծառ Բլեյանն ասում է՝ ամուսնու ապաքինվելուց հետո պետք է հասկանան ինչպես իրենց կյանքը ստեղծեն Հայաստանում, Արցախ վերադառնալու հետ կապված լուրջ մտահոգություններ ու վախեր ունեն:

«1992 թվին ամուսինս ընտանիքի հետ էլի փախել էր Շահումյանից, եկել էին Քարվաճառ, էլի տուն դրել, ստեղծել նորից, էնտեղից էլի դուրս եկանք, հիմա էլ չենք ուզում գնալ։ Ես էդ կրակոցները, ամեն ինչը տեսել եմ, վախենում եմ, ես ո՞նց իմ էրեխեքին նորից տանեմ, էլի Աստված չանի, նման դեպք լինի, ես չեմ կարա իմ էրեխեքին փրկեմ»,- ասում է Պայծառը:

Նշում է, որ մինչև պատերազմն ապրում էին երջանիկ կյանքով, իսկ այժմ ուրախանալ չի ստացվում:

«Հիմա կոտրված ու ամեն ինչից հիասթափված ենք, ես չեմ էլ կարում ինչ-որ բանով ուրախանամ: Ամուսինս ողջ է, փառք Աստծո, բայց մինչև հիմա ցավեր ունի, որ տեսնում ես՝ ոնց ա տանջվում, ու որ տվել են մեր հողը, ա՛յ դրա համար շատ ենք ջղայնանում: Էդքան տղաներ զոհվեցին, մեր ամեն ինչը կորցրեցինք, թողեցինք, եկանք, էսպես անորոշ ապրում ենք»,- հուսահատ ասում է Պայծառ Բլեյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am