ԱՄՆ-ն ու Իրանը նոր հրթիռային ու անօդաչու հարվածներ են փոխանակել՝ ավելի բարդացնելով Վաշինգտոնի փորձերը Թեհրանի հետ նոր հրադադարի համաձայնության հասնելու ուղղությամբ։
Ինչպես գրում է The Guardian-ը, ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի Hellfire հրթիռով հարվածել են Հորմուզի նեղուցում շարժվող նավթատարին՝ այն անշարժացնելու համար։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ Botswana-ի դրոշի տակ գտնվող M/T Lexie նավթատարը փորձել է անցնել ամերիկյան շրջափակումը և շարժվել դեպի Իրանի Խարգ կղզի՝ անտեսելով 24 ժամ շարունակ հնչած նախազգուշացումները։
Ավելի ուշ ամերիկյան կողմը հայտնել է, որ հետ է մղել Իրանի պատասխան հարձակումները տարածաշրջանում, այդ թվում՝ Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ուժերի ուղղությամբ արձակված հրթիռներն ու անօդաչուները։ ԱՄՆ-ը նաև հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզում գտնվող ռազմական կառավարման կայանին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե հարվածել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին՝ ի պատասխան Քեշմ կղզու վրա հարձակման։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է այդ պնդումը։
The Guardian-ը նշում է, որ հարվածների նոր փոխանակումը ցույց է տալիս Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման հարցում քաղաքական առաջընթացի բացակայությունը, չնայած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին, թե Թեհրանի հետ համաձայնությունը մոտ է։



















