Կայացավ «Հայրենի եզերք» խորագրով բարբառների մարզային ամենամյա մրցույթ-փառատոնը

Նպատակ ունենալով վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսության նյութի մատուցման կարևորագույն միջոց, հայերենի տարբեր բարբառներով ու խոսվածքներով հնչեցնել բացառիկ արժեք ունեցող ժողովրդական բանահյուսության նմուշներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը արդեն տասնմեկ տարի է անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով բարբառների մարզային մրցույթ-փառատոն:

Մարզպետարանից հայտնում են, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Փառատոնը մեկնարկել էր մայիս ամսին: Անցկացվել էին ներդպրոցական և տարածքային փուլերը, իսկ 2021 թվականի հուլիսի 15-ին «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում անցկացվեց փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 26 հաղթողները: 

Փառատոնի մարզային փուլին մասնակցեցին Գանձակ համայնքի  N 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Սրբուհի Վարդանյանը և Վարսենիկ Ղուրշուդյանը, Մարտունու Ս.Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի աշակերտներ Դավիթ Մլհամյանը և Զոհրաբ Ստեփանյանը, Գավառի Ս.Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի աշակերտներ Մելինե Չիչոյանը և Աիդա Սիրականյանը, Հայրավանքի միջնակարգ դպրոցի աշակերտներ Միլենա Թադևոսյանը, Եվա Թադևոսյանը և Տիգրան Վարդանյանը, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտներ Անուշ Հովհաննեսյանը և Վիգեն Շաքարյանը, Վահան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլինա Զարգարյանը, Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտներ Սուրեն Ղազարյանը, Աշոտ Սիրականյանը և Մարինա Թալիկյանը, Լիճքի հիմնական դպրոցի աշակերտներ Նելսիկ Գեղամյանը և Արտյոմ Ջուլիկյանը, Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Վանիկ Մելիքյանը, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի աշակերտներ Արփինե Աղաջանյանը, Մանվել Ափյանը և Կարեն Գյուլումյանը, Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Սյուզաննա Դվոյանը, Գոռ Դվոյանը և Համեստ Կարապետյանը, Նորատուս գյուղի Ա. Սողոմոնյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Միլենա Կարապետյանը և Եվա Խաչատրյանը:


Ժյուրիի նախագահը՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էր, ժյուրիի կազմում էին ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, ԳՊՀ դասախոս Ալինա Ղարիբյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն դերասանուհի Ալլա Ստեփանյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Գեղամ Չարվադարյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը:

Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազում զոհված հերոսների հիշատակը:

Այնուհետև մասնակիցները հանդես եկան իրենց կատարումներով: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, և այն պատմվում էր բացառապես բարբառով: Համարները ներկայացվեցին Բայազետի, Մշո, Ղարաբաղի, Լիճքի, Լճաշենի, Գանձակի, Զագլիկի բարբառներով: Ելույթները տպավորիչ էին, մասնակիցներն անկաշկանդ և ոգևորությամբ էին ներկայացնում իրենց համարները:

Մրցույթը ամփոփեց ժյուրիի նախագահ Վիկտոր Կատվալյանը: Առաջին մրցանակին արժանացավ Գանձակ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վարսենիկ Ղուրշուդյանի կատարումը, ով Բայազետի բարբառով ներկայացրեց «Խինն ու թազեն տատիկի հաշկերով» մանրապատումը: Երկրորդ մրցանակին արժանացան Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Սյուզաննա և Գոռ Դվոյանները, որոնք Բայազետի բարբառով ներկայացրեցին Վ. Կատվալյանի «Մառթը կնիկ» զվարճապատումը:

Ժյուրիի որոշմամբ սահմանվեց չորս հատ երրորդ մրցանակ, որին արժանացան Մարտունու Ս.Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի աշակերտ Զոհրաբ Ստեփանյանը, ով Մարտունու բարբառով ներկայացրեց «Իմ հրաշք» պատմությունը, Վահան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլինա Զարգարյանը, ով Ճամբարակի բարբառով ներկայացրեց հատված Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» պատմվածքից, Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Համեստ Կարապետյանը, ով Բայազետի բարբառով ներկայացրեց Վ. Կատվալյանի «Մեր վախտ հուրիշ էր..» զվարճապատումը և Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի աշակերտներ Արփինե Աղաջանյանը, Մանվել Ափյանը և Կարեն Գյուլումյանը, որոնք Զագլիկի բարբառով թատերականացված ներկայացրեցին «Չալ հավի բախտը» մանրապատումը: Մրցույթն ամփոփելուց հետո Վիկտոր Կատվալյանի կողմից անցկացվեց վարպետաց դաս:


Փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրեր, իսկ «Վորդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գավառի ՏԾ գրասենյակի կողմից՝ հոշանվերներ: