Զարեհ Սինանյանը մանրամասներ ներկայացրեց Բեյրութի պայթյունից հետո Լիբանան կատարած այցից

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ստիպեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը նույնպես ներկայացուցիչ ունենա այնտեղ և տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին: Սինանյանը նման տեսակետ հնչեցրեց «Արմենպրեսում» կազմակերպված մամուլի ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Լիբանանի մայրաքաղաք կատարած իր այցից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այցի հիմնական նպատակն էր տեղ հասցնել Հայաստանի կառավարության անունից Լիբանանի կառավարությանն հատկացված հումանիտար օգնությունը և տեղում ծանոթանալ հայ համայնքի խնդիրներին:

«Պայթյունից անմիջապես հետո մենք ահագնացող նորություններ էին ստանում պայթյունի ուժգնության, համայնքին հասած վնասների և համայնքում տիրող իրավիճակի մասին: Այս պայթյունը պահանջեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և դրա հիման վրա կառավարությունը կմշակի իր ծրագրերը»,- ասաց Սինանյանը:

Նա նշեց, որ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել Լիբանանի հայ համայնքի տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումներ ունեցանք հոգևոր առաջնորդների, տարբեր կուսակցություններ և մշակութային կազմակերպություններ ներկայացնող մեր հայրենակիցների, լիբանահայ մամուլի ներկայացուցիչների հետ: Այցելեցինք բժշկական հաստատություններ, պայթյունից տուժած անհատների տներ, որպեսզի տեսնենք, թե կորուստներն ինչ բնույթ են կրում: Հանդիպեցինք նաև տարբեր անհատների հետ, որպեսզի ավելի համապարփակ և օբյեկտիվ պատկերացում կազմենք այն իրավիճակի հետ կապված, որը տիրում է Լիբանանում»,- նշեց Զարեհ Սինանյանը: