Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ։

ՄԻՊ գրասենյակի տաչածած ուղերձն ամբողջությամբ` ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի´ հայրենակիցներ,

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը ևս մեկ առիթ է` վերարժևորելու կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և վերահաստատելու դրա բոլոր դրսևորումների կանխարգելման ու վերացմանն ուղղված մեր հանձնառությունը։

Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների լրջագույն խնդիրներից է, որը ոչ միայն ոտնահարում է անձի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, այլև սահմանափակում է հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու, կրթություն ստանալու, աշխատելու և սեփական ներուժն իրացնելու հնարավորությունները։

Բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել ավանդույթներով, հասարակական ընկալումներով կամ անձնական հանգամանքներով։

Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հատկապես մտահոգիչ են այն հասարակական կարծրատիպերն ու խտրական ընկալումները, որոնք հաճախ նպաստում են բռնության հանդեպ հանդուրժողականության ձևավորմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության խոչընդոտմանը։ Ցավալի է, որ այդպիսի տեսակետներ հաճախ տարածում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ` այդպիսով նպաստելով բռնության նկատմամբ հանդուրժողականության խորացմանը:

Ողջունելի են այս փուլում ոլորտի իրավական կարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և բռնության կանխարգելման ու աջակցության հասանելի մեխանիզմների վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավները։

Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես իրավական պատշաճ կարգավորումների առկայություն, այնպես էլ հետևողական աշխատանք՝ ուղղված գենդերային հավասարության մշակույթի ձևավորմանը, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ինչպես նաև մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը։

Առանձնահատուկ նշանակություն ունի բռնության ենթարկված անձանց համար աջակցության և պաշտպանության արդյունավետ, հասանելի ու վստահելի մեխանիզմների ապահովումը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր կին և աղջիկ, անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից կամ այլ հանգամանքներից, կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցություն, պաշտպանված զգա և վստահ լինի, որ իր բարձրաձայնած խնդիրը կստանա պատշաճ արձագանք։

Միաժամանակ, խնդրի արդյունավետ լուծումը ենթադրում է բոլոր դերակատարների հետևողական ու համակարգված համագործակցություն։

Կարևոր է նաև ոլորտում ներգրավված մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, որպեսզի բռնության յուրաքանչյուր դեպք ստանա ժամանակին, համարժեք և արդյունավետ արձագանք։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության խթանումը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը համարում եմ իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։