Հայաստանում COVID-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 233, ծանր՝ 962 քաղաքացի

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ անձանցից ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ծանր է 962-ի վիճակը, իսկ ծայրահեղ ծանր՝ 233-ինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդությամբ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության համառոտ պատկերը:

«Ստացիոնար բուժում ստացող 2294 քաղաքացուց 76-ն էլ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին։ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը»,- նշել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:

Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն առողջացման, 4108-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 12803 պացիենտ: