Փաշինյանին հաղթելու համար ընդդիմությունը պետք է անկանխատեսելի լինի. նրա համար բոլոր դերակատարները կանխատեսելի են. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, ընդդիմադիր քաղաքական 12 ուժեր միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ ազդարարելով ազգային համախմբման մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:

– Ընդդիմադիր դաշտը, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությունն այդ հարցում ուշացել է, որովհետև Սահմանադրության փոփոխության օրակարգը նոր չէ, այն եղել է ընտրություններից առաջ, ու գրեթե ամբողջությամբ պարզ էր ու կանխատեսելի, թե ինչ պետք է լինի ընտրություններից հետո: Որպեսզի բանը չհասներ նրան, որ Փաշինյանը խորհրդարանում սպառնա ընդդիմությանը, ապա այդ համախմբումը պետք է լիներ ընտրություններից առաջ ու թույլ չտար Փաշինյանին մեծամասնություն վերցնել: Այս հարցով գնացքը վաղուց գնացել է, նոր տեղի է ունենում համախմբում, բոլոր դեպքերում ես ուրախ եմ, որ կա ինչ-որ չափով համախմբում, բայց այդ մասին ուղղակի հայտարարությունը բավարար չէ: 

Հարցը խորհրդարանական ընդդիմության ծրագիրն է. ինչպե՞ս են կանխարգելելու իշխանության գործողությունները, և երկրորդ՝ եթե բոլոր դեպքերում պատրաստ են իշխանության կողմից եկող մարտահրավերներին, ինչպե՞ս են դիմակայելու և արձագանքելու: Այս երկու դեպքում էլ պետք է շատ լավ մշակված ռազմավարություն, պետք է լինի հստակ ծրագիր, որի շուրջ կհամախմբվեն նաև մյուս քաղաքական ուժերը: Եթե չկա կոնկրետ ռազմավարական ծրագիր, ապա ուղղակի հավաքվել ու քննարկում անելը քաղաքականություն չէ, դա ուղղակի Նիկոլ Փաշինյանի օրակարգում ինչ-որ գործողություններ անել է: 

Ես չգիտեմ՝ ընդդիմությունն ունի՞ այդ ծրագիրը, թե՞ չէ, բայց կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում ևս Նիկոլ Փաշինյանի հաղթելու շանսերը բարձր են, որովհետև անգամ իմ շրջապատում, երբ շոշափում եմ մարդկանց տրամադրությունները, ապա նկատում եմ, որ նրանք անտարբեր են այս օրակարգի նկատմամբ: Իշխանությունը կարողացել է նրանց համոզել, որ վերջնական խաղաղության հասնելու համար դա է պետք: 

Ակնհայտ է, որ Փաշինյանի ասած հանրային ճնշման հռետորաբանությունը լինելու է պատերազմ կամ խաղաղություն տրամաբանության մեջ: Ընդդիմությունը պետք է սա լավ հասկանա ու իր հնարավորությունները ճիշտ գնահատի՝ կարո՞ղ է արդյոք անել այնպես, որ համոզի մարդկանց, որ Ալիևի սահմանադրությանը պետք է դեմ լինել: 

Եթե նրանք վստահ են, որ կարող են հասնել դրան, որ նրանց կռիվը խորհրդարանի ներսում կտա ցանկալի արդյունք, ու տեղի չի ունենա լայն համախմբում, ու Փաշինյանի սպառնալիքները չեն կարող որևէ կերպ ազդել իրենց վրա, ուրեմն թող սկսեն այս դիմադրությունը, ես ինքս կմիանամ դրան: Բայց եթե վստահ չեն, որ հաջողելու են, ապա հիմա ունեն անելու մեկ բան՝ վայր դնել մանդատները, Փաշինյանին մենակ թողնել խորհրդարանում ու գնալ արտահերթ ընտրությունների: 

– Հաշվի առնելով ընդդիմադիրների համախմբման նախորդ դեպքերը՝ բացառո՞ւմ եք, որ ինչ-որ մի կետում այս ուժերը կրկին կբաժանվեն, թե՞ անհրաժեշտ դասերը քաղել են ու այս անգամ մինչև վերջ կգնան:

– Նորից պետք է շեշտեմ ընդհանուր ծրագրի կարևորության մասին. կախված է նրանից, թե խորհրդարանական ընդդիմությունը ի՛նչ թուղթ է դնում արտախորհրդարանական ընդդիմության դիմաց: Ի՛նչ է գրված այդ թղթում, ու արդյոք արտախորհրդարանական ընդդիմությունը գաղափարապես կո՞ղմ է այդ ծրագրին, թե՞ ոչ: Եթե ծրագիրը լինի իսկապես լավը, ապա համախմբումը տեղի կունենա: 

– Տիկի՛ն Սամսոնյան, քաղաքական դեմքերի առկայությունը, որոնք համախմբվել են, կարո՞ղ է խանգարել հանրությանը կոնսոլիդացվել այդ ուժերի շուրջ:

– Միանշանակ իշխանությունը խաղալու է այդ անձանց քաղաքական վարկանիշի վրա ու ավելին՝ արդեն խաղում է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կա «գաղտնի պլան», որը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, արդեն հող է նախապատրաստում դրա համար: Ցանկացած համախմբում ներկայացվելու է օտար ուժերի կողմից հրահրված հեղաշրջում, հիբրիդային հարձակում, ինչ անուն ուզեք՝ կտան: 

Ընդդիմության համար դժվարությունը հենց դա է, որ իրենք պետք է կարողանան մարդկանց համոզել, որ համախմբման կենտրոնում Հայաստանի շահն է, այլ ոչ թե՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ երրորդ մեկի շահը: Իշխանությունը արդեն Ֆեյսբուքի «ստատուսչիների» շուրթերով գրում է, թե՝ տեսեք-տեսեք, հենց իրենց հարստությունը վտանգվում է, ընդդիմությունը սկսում է միավորվել: Այս ամենը իշխանությունն անում է, որ հենց բնում խեղդի ցանկացած համախմբում: Սրա համար եմ ասում, որ պետք է շատ ուժեղ հաշվարկած պլան, այլ ոչ թե՝ իրավիճակային: Պետք է անկանխատեսելի պլան, որովհետև Փաշինյանի համար Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարները կանխատեսելի են, նրան հաղթելու համար ընդդիմությունը պետք է լինի անկանխատեսելի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am