ԼՂ-ից տեղահանված գործարարների աջակցության նախագծերը կփոփոխվեն. Էկոնոմիկայի փոխնախարար

ԼՂ-ից տեղահանված գործարարներին աջակցելու այն նախագծերը, որոնք մշակել ու ներկայացրել ենք կառավարություն, որոշակի փոփոխություն կկրեն. հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ Նա տեղեկացրեց, որ փոփոխությունները ԼՂ-ից տեղահանված գործարարների հետ հանդիպումից հետո քննարկումների արդյունքում են նախատեսվում։

Փոխնախարարը նշեց, թե ինչ հարցեր են հիմնականում բարձրացրել Արցախից գործարարները։ Ըստ նրա՝ մի մասը կարճաժամկետ տեխնիկական հարցեր են եղել՝ կապված հարկային համակարգի փոխգործակցության հետ, որպեսզի հանարավորինս արագ և անխափան աշխատեն ՀՀ տարածքում։ Դրանք լուծելի են։

«Միջնաժամկետ հատվածում ավելի շատ հարցեր կար ծրագրերի հետ կապված, թե ինչ է  իրականացվում և որից կարող են օգտվել», – ասաց նա և նշեց, որ այս պահին մասնավոր հատվածի զարգացման ընդարձակ ծրագիրը տնտեսական արդիականացման միջոցառումն է, որի շրջանակներում կքնվել է 2500-ից վարկային պայմանագիր, 400 մլն դոլարից ավելի միջոցներ հասանելի են դարձվել ՀՀ քաղաքացիներին՝ արտոնյալ տոկոսներով։

«Ծրագիրը գործել է նաև ԼՂ տարածքում և տեղահանումից հետո այն բիզնեսմենները, որոնք կցանկանան մաս կազմել ծրագրին՝ կունենան», – ասաց նա և նշեց, որ դրանց 50-60 տոկոսից ավելին փոքր և միջին ձեռնարկությունների հետ են կնքվել։

Հարցին, թե գործարարների հիմնական մասը ե՞րբ կարող է ՀՀ տարածքում վերսկսել գործունեությունը՝ Ռաֆայել Գևորգյանը պատասխանեց, որ դեպքից դեպք տարբեր կլինեն. «Կապված է, թե ինչ բիզնես գործունեության մասին է, արդյո՞ք ամբողջը կորսվել է, թե մի մասն այստեղ կա, տարբեր գործոններից կախված է, թե երբ կարող են մեկնարկել»։  

Տեղեկացվեց, որ նոր հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի 12-ին՝ ԼՂ-ից տեղահանված այն գործարաների հետ, որոնք ծավալել են աշխատանքներ գյուղատնտեսական ոլորտում։