Ռուսաստանը գիտի, որ Եվրոպան Հայաստանին չի սպասում, և մեկուսացման քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ․ Մանվել Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը 

– Պարո՛ն Սարգսյան, վերջին շրջանում Ռուսաստանից հնչող հայտարարությունները՝ ուղղված Հայաստանին ԵԱՏՄ-ԵՄ ընտրություն կատարելու վերաբերյալ, որոշ շրջանակների մոտ կարծիք են ձևավորել, որ Ռուսաստանն իրականում լավ գիտի, որ Հայաստանն ամենևին էլ չի պատրաստվում ԵՄ գնալ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ քաղաքականություն է վարում հիմա Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ու ինչո՞ւ:

– Ռուսաստանը բարդ վիճակում գտնվող կայսրություն է, չէ՞, Հայաստանն էլ որոշել է ռեալ ինքնիշխանություն ձեռք բերել ու փաստորեն բոլոր կապերը խզել այդ կայսրության հետ: Սրանով պայմանավորված էլ մենք տեսնում ենք այս կամ այն կողմի դիրքորոշումները, որ արտահայտում են։ Այստեղ կարող է զարմացնել միայն այն, որ ինչ-որ բաներ են արվում, որոնք չեն համապատասխանում հայտարարած դիրքորոշումներին: Բայց գերտերությունների հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են գործողություններին, Հայաստանը պետք է հասկանա, թե իրականում ինչ է կատարվում, որովհետև Ռուսաստանը այդ մասին իրեն ուղիղ չի ասի: 

Ե՞րբ Արևմուտք-Ռուսաստան խնդիրը կտրուկ սրվեց, Ռուսաստանի վերաբերմունքը միանգամից փոխվեց, մենք ենք կենտրոնում, ու սա՛ մեզ պետք է հետաքրքրի: Ինչո՞ւ է նման վերաբերմունք ստեղծվել, որովհետև վախ կա, որ հենց այն գերտերությունները, որոնց հետ Ռուսաստանը լուրջ խնդիրներ, հակամարտություն ունի, Ռուսաստանի դեմ օգտագործեն Հայաստանի պես պետություններին: Խնդիրը սա է, եթե արդեն այս դիտանկյունից ենք նայում, ապա ամեն բան արդեն պարզ է լինում, այստեղ կարևոր չէ, թե դու ինչ ես անում, բացարձակ կարևոր չէ:

Պուտինին ընդամենը պետք է, որ Հայաստանը մեկ-մեկ կոշտ բաներ ասի, չհամաձայնի իր հետ, այդքանը բավական է, դա արդեն առիթ է դառնում, որ նա իր քաղաքականությունը շարունակի: Իսկ դա մեկուսացման քաղաքականությունն է, Հայաստանը բարդ խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ու Ռուսաստանի ամբողջ գործունեությունը այդ մեկուսացման գործում կապված է դրա հետ, որ խնդիրներ ստեղծի: 

Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով են մեզ մեկուսացնում, Ռուսաստանը չի մտածում, որ դու կարող ես դուրս գալ ու Եվրոպայի հետ ինչ-որ հարաբերություններ ստեղծել, նրան դա բացարձակ չի հետաքրքրում, ինքը լավ գիտի, որ Եվրոպան Հայաստանի հետ կապված որևէ ռազմավարական խնդիր չունի, եվրոպացիներն իրենք են բազմիցս այդ մասին ասել, միակ բանը, որ Եվրոպային հետաքրքրում է, որի մասին հազար անգամ ասել են, այն է, որ Հայաստանը ինչ-որ կերպ հեռու մնա Ռուսաստանից։ Իսկ այդ սիմվոլիկ գումարները, որ տալիս են, ուղղակի ծիծաղելի են, ու այդ ամենը միայն արվում է, որ Հայաստանին հեռու պահեն Ռուսաստանից, ոչ մի ուրիշ հետաքրքրություն չկա, ու դա փայլուն գիտի Ռուսաստանը ու այդ ամենն օգտագործում է մեկուսացման այս գործերում: 

Ինչ վերաբերում է մեկուսացման խնդրին, իհարկե այստեղ բարդ է։ Իհարկե Հայաստանը Թուրքիայի ազդեցության տակ մտցնելը Ռուսաստանին շատ ձեռնտու է, որովհետև ցանկացած պահի, եթե ժամանակ անցնի, նա Թուրքիայի հետ Հայաստանի հետ կապված խնդիրները լուծելու է իր օգտին, դա մենք արդեն հարյուրավոր տարիներ տեսնում ենք: Թուրքիան ու Ռուսաստանը երբևէ Հայաստանի հետ ռազմավարական խնդիր չեն լուծել, նրանք երկուսով են որոշել մեզ հետ կապված հարցերում: Եթե Հայաստանը ռեալ իր գործով զբաղվեր, այսքան առիթ չտար, այսքան բան չէր էլ լինի: 

Մյուս հանրապետությունները, որոնց Ռուսաստանը նույն աչքով է նայում, ինչ մեզ, հիմնականում Կենտրոնական Ասիայի պետություններն են, նրանք իրենց շատ խելոք են պահում, բայց իրենց երկիրը կառուցում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա, տասնյակ միլիարդներ են ներդնում, ու այդ տեղերում Ռուսաստանը տեսնում է, թե ինչպես են այդ տարածքները ռեալ իր ձեռքից գնում, ու Հայաստանի հետ կապված դիրքորոշումն ինչ-որ տեղ էլ ուղղում է նրանց, բայց այնտեղ շատ դժվար է, որովհետև, ասացի, որ նրանք շատ խելացի են գործում, անիմաստ բաներով չեն զբաղվում, ինչ Հայաստանում: 

Գերտերությունները նախապես են համաձայնության գալիս ինչ-որ հարցի շուրջ, տեսեք՝ Հայաստանն ԱՄՆ-ի հետ առանձին պայմանագիր կնքեց, չէ,՞ ԹՐԻՓՓ-ի հետ կապված, Ռուսաստանը որևէ բան ասա՞ց, չէ, անգամ ողջունեց, որովհետև իրենք արդեն պայմանավորվել էին, ամեն մեկն իր գործն էր անում: Այդպես եղավ Արցախի հարցում, նախապես պայմանավորվել էին, ու կատարվածը համաձայնության արդյունք էր, որևէ մեկն առանձին նման քայլի չէր գնա: Այս ամենը շատ վտանգավոր է:

– Իսկ Հայաստանն ի՞նչ իրական գործողություններ պետք է անի, որ ասում եք:

– Պետք է մի քիչ էլ Կենտրոնական Ասիայի պետություններից սովորել, եթե ուզում ես կառուցել պետություն, ապա սուս ու փուս պետք է անես, որովհետև խոսելով չէ, որ պետություն են կառուցում։ Խոսելով չէ, որ դու կարող ես երկաթուղի վերցնել, ատոմակայանից հրաժարվել, ռուսական ռազմաբազայից հրաժարվել, այդպես չէ: Պետք է կառուցեք ու պարտադրեք, ուրիշ ձև չկա: 

– Պարո՛ն Սարգսյան, ստացվում է, որ Ռուսաստանը շատ լավ գիտի՞, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցն այս պահին իրական օրակարգ չէ Հայաստանի համար։

– Իհարկե գիտի, որ Եվրոպան Հայաստանին չի սպասում, չե՞ք տեսնում Եվրոպայի վիճակը: Այդ Հայաստանը չի տեսնում Եվրոպայի վիճակը, այն էլ այն պարագայում, երբ հստակ հայտարարել են, որ 20 տարուց հետո կմտնեն ԵՄ: Զարմանալին հենց դա է, որ անիմաստ տեղը խնդիրը սրելով դու ուրիշների հետ ես սրում հարաբերություններդ: 

Պետք էր աշխատել Եվրոպայի հետ, պետք էր աշխատել Վրաստանի հետ: Հայաստանի ու Վրաստանի միասնությունը, միասնական ռազմավարությունը այս ամբողջ տարածաշրջանի վիճակը կփոխի, բոլոր ճանապարհները Հայաստանով ու Վրաստանով են անցնում, այս երկրներն են Կովկասը, բայց Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են ասել, որ իրենք են տարածաշրջանում տերը: Ադրբեջանը տուպիկ երկիր է, որը ոչ մեկին պետք չէ, Հայաստանն ու Վրաստանն են պետք, որոնց տարածքով են անցնում այդ ամեն ինչը դեպի Եվրոպա: 

Սա է խնդիրը, որ մենք պետք է իմանայինք մեր արժեքը, բայց մենք այդ ուղղությամբ երբեք գործ չենք արել, մեր տարածքի արժեքը դա է, միջազգային քաղաքականության մեջ ես չգիտեմ, թե Հայաստանն արժեք ունի, թե չէ, բայց տարածքը մեծ արժեք ունի: 

Ես ասել եմ, որ ԱՄՆ-ն լավ օգտագործեց Հայաստանի վախերն ու ուղղակի շանտաժի տակ Հայաստանի ամենահամեղ պատառը՝ Մեղրին, վերցրեց իրեն, հիմա արդեն ավելի բարդ վիճակ է ստեղծվել, որովհետև իրադարձությունների վրա ազդելու քո հնարավորությունը դու տվել ես ուրիշներին: Գերտերությունների հետ դու չես կարող կապերը կտրել, դու պետք է այնպիսի աշխատանք տանես, որ այդ կապերը քո պետության մեջ անիմաստ դառնան: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am