«Մանավանդ վերջին պատերազմից հետո Թուրքիայի որդեգրած գիծը նկատի ունենալով՝ չեմ ուզում, որ այս թշնամի երկիրը դռները բացի Հայաստանի առաջ».Էստուկյան

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

– Պարո՛ն Էստուկյան, ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում՝ հաշվի առնելով այն տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահն այսօր կարող է արտբերել «ցեղասպանություն» բառը։

– Արդեն գրեթե հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահը պետք է արտասանի այդ բառը։ Եվ այժմ էլ այստեղի իշխանությունները սկսեցին համապատասխան մեկնաբանություն անել, որ՝ «սա զրպարտություն է, մենք զրպարտության դեմ պետք է շարունակենք ճշմարտությունն ասել»։

– Իսկ անհանգստացա՞ծ են Թուրքիայի իշխանությունները։

– Այո՛, բայց այդ անհանգստանալը շատ հակազդեցության բնույթով չեն արտահայտում, ինչպես անցյալում այլ օրինակներով արտահայտում էին։ Այս անգամ ավելի լուռ են դիմավորում այդ տեղեկությունը։

– Իսկ Թուրքիայի հայերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա՞ վերջին շրջանում։

Ո՛չ, այդպիսի երևույթներ չկան։

Որքանո՞վ է կարևոր մեզ համար ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ի՞նչ կտա այն հայերին։

– Ոչինչ էլ չի տա։ Այսինքն՝ միայն ամերիկահայ սփյուռքը կուրախանա, որովհետև իրենց համար դա մեծ նշանակություն ուներ, տարիներ շարունակ դու ուզում էին լսել, բայց հաջողության չէին հասնում։

Մեզ համար դա որևէ նշանակություն չի ունենա, որովհետև ցեղասպանությունը փաստացի իրողություն է, ԱՄՆ նախագահն այդ բառը կգործածի, թե ոչ, այդ իրողությունը չի փոխվի։ Թուրքիան իր վարքը չի փոխի դրանով, հետևաբար, մեզ համար ոչինչ չի փոխվի։ Ուրախանալու պատճառներ չկան։

– Այսինքն՝ մենք պետք է հասնենք նաև նրան, որ Թուրքիա՞ն էլ ընդունի։

– Այո՛, մեզ համար միակ նշանակությունը դա կունենա։ Բայց առայժմ տակավին շատ հեռու է դրա հավանականությունը։ Եթե Թուրքիան ընդունի, իր պատմությունը պետք է վերանայի, բայց Թուրքիան դրան պատրաստ չէ։

– Եվ քանի դեռ Թուրքիան չի ընդունել, հայկական կողմը չի՞ կարող տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային։

– Ո՛չ, անշուշտ, այս հարցում ոչինչ չենք կարող փոխել։ Արևմտյան Հայաստանի սահմանը գծված է, և մենք ի վիճակի չենք այդ սահմանի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու։ Այդ ուժը չունենք, չենք կարող ասել՝ այս սահմանը սխալ եք գծել, եկեք փոխենք։

– Պարո՛ն Էստուկյան, վերջին շրջանում Հայաստանում իշխանությունների կողմից խոսվում է այն մասին, որ եթե Թուրքիան նախապայմաններ առաջ չքաշի, հայկական կողմը դեմ չի լինի հայ-թուրքական սահմանի բացմանը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։

– Մենք չպետք է Թուրքիայի այդ նախապայմանները ո՛չ լսենք, ո՛չ էլ խոսենք այդ մասին այս փուլում։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստան-Թուրքիա սահմանը փակվեց Թուրքիայի միակողմանի որոշմամբ, ոչ թե բանակցություններով։ Հետևաբար, եթե այսօր պետք է բացվի, դա դարձյալ միակողմանի պետք է լինի։

Մենք չէ, որ սահմանը փակեցինք, Թուրքիան փակեց, ի՞նչ պատճառով, իբր թե Ադրբեջանին զորակցելու պատճառով։ Ինչո՞ւ, որովհետև, իրենց ընկալմամբ՝ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի հողերի մի մասը»։

Հիմա որ այդ հողերը Ադրբեջանը վերցրեց, ուրեմն սահմանը փակ պահելու պատճառաբանություն չմնաց։ Բայց ես տեսնում եմ, որ Թուրքիայում սահմանը բացելու իմաստով որևէ քայլ չի նկատվում։ Ուրեմն, մենք ինչո՞ւ պետք է հույսեր կապենք։

Բնականաբար, 30 տարիների ընթացքում մենք միշտ ուզեցինք, որ սահմանները բացվեն, որպեսզի այդ սահմանների բացումով մենք աշխարհի հետ կապվելու ավելի լայն առիթներ ունենանք։

Բայց մանավանդ Արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիայի որդեգրած գիծը նկատի ունենալով՝ ես չեմ ուզում, որ այս թշնամի երկիրը դռները բացի։

Այս պահին այլևս Թուրքիան թշնամի երկրի դերի մեջ է, քանի որ այդ պատերազմին ներգրավվեց զենքով, զինամթերքով, զինվորով և Միջին Արևելքից բերված վարձկաններով։ Ուրեմն, ես այս պահին բնավ ցանկություն չունեմ, որ թշնամի երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք։ Որքան հեռու լինենք՝ այնքան լավ։

– Հետևաբար, ի՛նչ պետք է անենք, մեր անվտանգությո՞ւնը բարձրացնենք։

– Մենք մեր անվտանգության ուղղությամբ այլևս քաղաքական վճռականությամբ պետք է աշխատենք։ Ինչ կանենք, ինչպես կանենք, ում հետ ինչ դաշինքներ կկազմենք՝ չգիտեմ, բայց նախևառաջ պետք է սահմանային անվտանգությունն ապահովել։

Հանձին Ադրբեջանի՝ մենք տարիներ ի վեր զինվող երկիր տեսանք։ Այդ երկիրը տարիներ շարունակ մեր աչքերի առաջ զինվեց, բայց մենք բնավ կարևորություն չտվեցինք, որ այդ զենքը մի օր պետք է գործածեն։

Մինչդեռ պարզ էր, որ պիտի գործածեին։ Հետևաբար, կարելի էր այս պատերազմը կանխել, մենք այդ ուղղությամբ բնավ չգնացինք՝ վախենալով, որ եթե բանակցություններ վարենք, յոթ շրջանը վերադարձնելու փորձ անենք, մեր քաղաքականությամբ պետք է թուրքին հող տվող լինենք։ 

Դժբախտաբար, մեր երկրի մեջ ազգային գիտակցությամբ քաղաքականություն կերտել հնարավոր չեղավ վերջին 30 տարիներին։ Եվ մենք չուզեցինք ազգային շահերով առաջնորդվել։

Ընդհակառակը՝ Արցախյան առաջին պատերազմի ընձեռած հաղթանակի հոգեբանությամբ տարվեցինք և կարծեցինք, թե միշտ այդպես պետք է լիներ։ Իսկ հակառակորդը ամեն առիթով սպառնում էր մեզ, մենք այդ ամենը բնավ նկատի չունեցանք, մինչև որ աղետի հետ դեմ հանդիման մնացինք։

Եվ այդ թշնամին, գործակցելով Թուրքիայի հետ, ապահովելով Ռուսաստանի չեզոքությունը, եվրոպական երկրների՝ հեռավորություն պահելու կարողությունը, ազատ շարժվեց ու մեզ ծանր վնաս հասցրեց։

– Հիմա պետք է դասեր քաղել ու սթափվե՞լ։

– Հիմա պետք է միջազգային դիվանագիտական բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ կասեցնենք թշնամու առաջընթացը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am