Հասարակության անելիքը պետք է լինի կուլ չտալ նման պարզունակ քարոզչական խայծերը, ինչն ինքնին կլինի ընդվզում. Հակոբ Բադալյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանի Անկախության 35-ամյակը մեծ շուքով նշվեց։ Այդ ֆոնին ինչպե՞ս եք գնահատում անկախության իրական բովանդակությունն այսօր՝ որքանո՞վ է այն առկա Հայաստանի քաղաքական առօրյայում։

– Անկախությունն իրապես տոն դառնում է այն ժամանակ, երբ դառնում է առօրյա, եթե անկախությունը առօրյայում կասկածի տակ է հայտնվում, ապա մենք սովորաբար նման պայմաններում տեսնում ենք, որ շատ ավելի ճոխ ու շքեղ են դառնում տոները, ու որքան այդ տոնական պճնանքն աչք ծակող է, իսկ մենք տեսնում ենք վերջին շրջանում, որ այդպես է, դա նշանակում է, որ առօրյայում անկախություն չկա, ցավոք սրտի, ու դրա բավական շատ վկայություններ կան: 

Երբ մեր ղեկավարը մեր պետությունը իր 35-ամյա գոյությամբ հռչակում է այսպես ասած կոնֆլիկտային ու դնում է այդ պետության հիմնարար փաստաթղթերը օտար պետության պահանջով չեղարկելու հարցը, ապա այստեղ ի՞նչ անկախության մասին կամ ի՞նչ անկախություն տոնելու մասին է խոսքը: Որպես արժեք՝ ազգերի, ժողովրդի կյանքում անկախությունը բնականաբար շատ կարևոր արժեք է, մեր ժողովրդի համար դա ևս այդպես է եղել մինչև այս պատերազմում պարտությունն ու Արցախի կորուստը: Դրանից հետո մենք գործ ունենք անկախության գրեթե զրոյական մակարդակի հետ, որովհետև եթե Հայաստանի պետական քաղաքականության պատասխանատուները չեն համարձակվում առարկել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին, որ ընդհուպ կեղծ պատմությամբ ներկայացվում են, ապա այստեղ խոսել անկախ քաղաքականության, անկախ պետական առօրյայի մասին, դժբախտաբար, հնարավոր չէ: Իսկ եթե անկախությունը առօրյա չէ, ապա այդ դեպքում տոնական պճնանքը ընդամենը շղարշ է՝ անկախության հետ տեղի ունեցող լրջագույն մարտահրավերները կոծկելու համար: 

– Պարո՛ն Բադալյան, ասում եք, թե չկա անկախություն, այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում, բայց մենք 2020 թվականից հետո մշտապես իշխանության ներկայացուցիչներից լսում ենք, թե իրենք ամեն օր աշխատում են, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը պահպանեն: Եթե Հայաստանն անկախ չէ, ապա ինչի՞ մասին են այդ հայտարարությունները:

– Չկան իշխանության ներկայացուցիչներ, կա Նիկոլ Փաշինյան, ու կան նրա ուղենիշով հայտարարություններ անող մարդիկ: Ոմանք այդ ուղենիշով հայտարարություններ անում են հասկանալով, ոմանք՝ չհասկանալով, բայց կա Նիկոլ Փաշինյան, որն իրականացնում է Ադրբեջանից պարտադրվող քաղաքականություն, ու Նիկոլ Փաշինյանն ինքն է այդ մասին խոստովանում, երբ ասում է՝ եթե մենք առարկենք Ադրբեջանի որևէ մոտեցում, ապա կլինի պատերազմ: 

Եթե այս վիճակն է, ապա ստացվում է, որ Հայաստանի վարքագիծը թելադրվում է Ադրբեջանից։ Իմ գնահատմամբ՝ այստեղ գործ ունենք մանիպուլյացիայի հետ, որովհետև պատերազմի և խաղաղության հարցերը տարածաշրջանում պայմանավորված են շատ ավելի լայն գործոններով։ Մնացածը, ըստ էության, արդեն իշխանությունը պահպանելու խնդիր է․ նման քարոզչական հնարքներով փորձ է արվում ապահովել իշխանության շարունակականությունը:

– Այս իրավիճակում հասարակության դերը ո՞րն է․ ի՞նչ կարող է փոխել հասարակական արձագանքը։

– Նվազագույնը պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, պետք է առերեսվել տեղի ունեցողի հետ, իսկ դա ինքնին կփոխի իրավիճակը: Եթե Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ այդ հնարքները չեն աշխատում, ու հասարակությունը կուլ չի տալիս այդ կեղծ խաղաղության խայծը, բնականաբար, նա քաղաքական ինքնասպան չէ, չի դիմի նման քայլերի: Ու այստեղ ընդվզելու կարիք չկա, կարիք կա պարզապես թույլ չտալու, որ որևէ էլիտա խաբի հասարակությանը: 

Հասարակության անելիքը պետք է լինի կուլ չտալ նման պարզունակ քարոզչական խայծերը, ինչն ինքնին կլինի ընդվզում: Ցավոք սրտի, կա մի քանի հարյուր հազար մարդ, որ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կուլ է տալիս այդ խայծերը, ու քաղաքական իշխանությունը խաղադրույք է կատարում հենց այդ շերտի վրա, որն էլ բավարար է նվազագույնը քաղաքական ստատուս քվոն պահպանելու համար: 

– Այդ դեպքում ո՞ւմ վրա է ընկնում հասարակությանը քարոզչական նման ազդեցություններից հեռու պահելու և իրական այլընտրանք ներկայացնելու պատասխանատվությունը։

– Գործնականում բոլոր այն քաղաքական, քաղաքացիական առաջատար խմբերն ու անհատները, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայով, որոնք շահագրգիռ են, որ լինի հայկական պետականություն իր բովանդակությամբ, այլ ոչ թե միայն անունով: Այդ բոլոր շերտերն ունեն խնդիր հասարակությանը նվազագույնը հեռու պահել քարոզչական ծուղակներից: 

Եթե խոսում ենք հասարակական տրամադրությունները կապիտալացնելու մասին, ապա դա, բնականաբար, ընդդիմադիր ուժերի գործն է, ու նրանք, այո՛, հետևողականորեն պետք է աշխատեն այս ուղղությամբ: Բացի իրավիճակը բացատրելուց, նրանք պետք է նաև հասարակությանը ցույց տան իրական այլընտրանքը, որ մարդիկ հասկանան, թե սրանից հրաժարվելով՝ ի՛նչ են ընդունելու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am