Ընդդիմությունը վախի մթնոլորտ սերմանելով՝ փորձում է մոլորեցնել ժողովրդին, այս անգամ էլ են ձախողելու. Ալխաս Ղազարյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ընդդիմությունը չսպասարկի Սահմանադրությունը փոխելու իշխանության օրակարգը, ապա հանրային ճնշում կգեներացվի, ընդդիմադիր ձեր գործընկերներն ասացին, որ Փաշինյանը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի հրահանգով մարդկանց փողոց հանի: Ի՞նչ ճնշում նկատի ունի Փաշինյանը:

– Այսօր յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ գիտի, որ ինքն է որոշում, թե ով լինի իշխանություն կամ ընդդիմություն, այսինքն՝ իշխանությունն ամբողջությամբ ժողովրդի ձեռքում է, ու ժողովուրդն է որոշում: Խնդիրն այն է, որ նոր Սահմանադրությունը հանրաքվեի է դրվում, երբ Ազգային ժողովը կողմ է քվեարկում, որ ժողովուրդը որոշի՝ ընդունո՞ւմ է այդ Սահմանադրությունը, թե՞ չէ: 

Հիմա, եթե ընդդիմությունը փորձի ժողովրդի ձեռքից վերցնել այդ հնարավորությունը, ես կարծում եմ, որ ժողովուրդը դա իրենց չի ների, այդ իսկ պատճառով պետք է հասունանա ժողովրդի կողմից ճնշումը, թող ժողովուրդը որոշի՝ համաձա՞յն է այդ Սահմանադրությանը, թե՞ ոչ: 

Որոշումը պետք է կայացնի Հայաստանում ապրող ժողովուրդը, գիտեք, որ մենք օրենսդրական փոփոխություններով էլ հանգեցինք դրան, որ այն քաղաքացին, որը համաձայնում է այդ Սահմանադրությամբ, այդ օրենքներով, այդ իշխանության հետ ապրել, պետք է բացառապես ապրի Հայաստանում, ու միայն այստեղ ապրող քաղաքացին կարող է որոշում կայացնել: Հետևաբար, ես չեմ կարծում, որ ընդդիմության կոչով ժողովուրդն իր իշխանությունը կզիջի: Սա ոչ թե իշխանության կողմից ճնշում է լինելու, իշխանությունը ոչինչ չի անելու, ինչ անելու է՝ անելու է ժողովուրդը, ու ես չեմ կարծում, որ ժողովուրդը կների ընդդիմությանը, որ իրենց ձեռքից վերցնեն իրենց քվեարկելու իրավունքը: 

– Եթե Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց, ինչպես ժամանակին կոչ արեց դուրս գալ ու շրջափակել դատարանների ելքերն ու մուտքերը, չի՞ ստացվելու, որ իշխանությունն է ճնշում գեներացնողը:

– Ժողովուրդը 2018-ին ինչո՞ւ էր դուրս եկել փողոց, առաջինը նրա համար, որ տարիներ շարունակ արդար ընտրության հնարավորությունը նրանից խլված էր, նրա ձայնը տեղ չէր հասնում, իսկ հիմա ի՞նչ է ուզում անել ընդդիմությունը, խոչընդոտել, որ ժողովուրդը չկարողանա ընտրել իր Սահմանադրությունը, դեմ կքվեարկի, թե կողմ՝ դա ինքը պետք է որոշի, այլ ոչ թե ընդդիմության մի քանի հոգին, ամենայն հարգանքով: 

– Ընդդիմությունը հայտարարում է, որ դեմ չէ հարցը հանրաքվեով լուծելուն, սակայն չի վստահում, որ ձեր քաղաքական թիմը կապահովի արդար ու թափանցիկ քվեարկություն։ Որքանո՞վ են հիմնավոր այդ մտահոգությունները։

– Եթե ընտրությունները կեղծված լինեին, եթե որևէ մեկը զգար, որ կեղծիք է եղել, ապա խորհրդարանական ընտրություններից հետո մեծ ցասում կբարձրանար, ժողովրդից որևէ մեկը չի ասել, որ մեկ քվե անգամ կեղծվել է, սա թող մեկընդմիշտ հիշեն ու մեզ իրենց արշինով չչափեն: Վստահաբար կարող եմ ասել, որ 30 տարի շարունակ մեր ժողովուրդն արդար ընտրություն չի տեսել, դա տեսել է միայն 2018-ից հետո, ու հեղափոխության գլխավոր խթաններից մեկը եղել է հենց սա: Հիմա էլ են ուզում իրենք որոշեն, այլ ոչ թե ժողովուրդը, բայց ես չեմ կարծում, թե ժողովուրդն այլևս նման բան թույլ կտա: 

– Տիկի՛ն Ղազարյան, փաստորեն վստա՞հ եք, որ ժողովուրդն իր խոսքը կասի:

– Միշտ է ժողովուրդն իր խոսքն ասում, իսկ Սահմանադրության դեպքում՝ առավելևս, այն պետք է ընդունվի հանրաքվեով, ու որևէ մեկը չի կարող խաթարել քաղաքացիների այդ իրավունքը՝ կլինի իշխանություն, թե ընդդիմություն:

– Ինչո՞ւ մինչ օրս չեք կարողացել փարատել ընդդիմության և հասարակության մի հատվածի կասկածները, որ Սահմանադրության փոփոխությունը ոչ թե Հայաստանի ներքին օրակարգից է բխում, այլ իրականացվում է արտաքին ճնշման կամ պահանջի ներքո։

– Մեկ պարզ պատճառով, անընդհատ Ադրբեջան ասելով ու ամեն բան կապելով Ադրբեջանի հետ՝ փորձում են վախեցնել մարդկանց: Սա մեր ներքին գործն է, ու խաղաղության նախաստորագրված փաստաթղթում էլ հստակ գրված է, որ կողմերը միմյանց ներքին գործերին չեն խառնվում, իսկ մենք դեռ վաղուց ենք խոսել նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, որովհետև հասկանում ենք, որ այս Սահմանադրությունը շատ-շատ փաստարկներով խաթարում է այն գործընթացներին, որ ուզում ենք իրականացնել՝ սկսած դատաիրավականից: Նոր Սահմանադրության տեքստը մոտ օրերս դրվելու է հանրային քննարկման, կտեսնենք ու կլսենք առաջարկությունները, առարկությունները, դրանք կքննարկվեն: 

Ընդդիմությունը, այս ամենը դեռ չտեսած, սկսել է փնովել, նույնը եղավ խաղաղության համաձայնագրի տեքստի ժամանակ, երբ տեքստը հրապարակվեց, որևէ մեկը որևէ առարկություն չներկայացրեց այդ տեքստի գեթ մեկ կետի վերաբերյալ: Անընդհատ փորձում են մարդկանց մեջ կասկածի սերմ գցել, ինչպես արեցին նախընտրական շրջանում՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասով, ո՞ւր են այդ ադրբեջանցիները, ինչպես միշտ վախի մթնոլորտ սերմանելով փորձում են մոլորեցնել ժողովրդին, բայց իրենք դա արել ու ձախողվել են ու այս անգամ էլ են ձախողելու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am