Նիկոլ Փաշինյանը խուճուճ ձևակերպումներով փորձում է իր թիմակիցների անօրինականությունները կոծկել. Մանուկյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցող թեկնածուներին և ընտրողներին կոչ է արել իրեն տեղեկացնել իրենց նկատմամբ հնարավոր ապօրինի ճնշումների մասին հիմնավորված փաստերով և ուղարկել իր էլեկտրոնային փոստին՝ խոստանալով, որ նման գործողություններ իրականացրած պաշտոնյաները կպատժվեն։ Ի՞նչ խախտումներ եք դուք նկատել քարոզարշավի ընթացքում, քանի որ ՀՅԴ-ից ունեք թեկնածուներ, ու ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի այս առաջարկին:

– Չեմ բացառում, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ մարդկանց մեղքերին թողություն տալու համար ինքը պատրաստ է քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու: Տեր Աստվա՞ծն է, Գերագույն դատարանի նախագա՞հն է, ո՞վ է: Իր սովորության համաձայն՝ Հայաստանի դատական ու այլ կառավարման մարմինների բոլոր լիազորություններն իր վրա է վերցնում, մինչդեռ խախտումների, ճնշումների ահազանգերի դեպքերով իրավական համակարգը պետք է գործի, որը չի գործում, ու ցանկացած հրապարակային հայտարարություն, մամուլում տեղ գտած որևէ ահազանգ պետք է հայտնվեին իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ինչը չի լինում: 

Իսկ ես հիմա ժամանակ չեմ կորցնի Նիկոլ Փաշինյանի մեյլին հատիկառհատիկ ահազանգեր ուղարկեմ, որոնց մասին արդեն իսկ բարձրաձայնել ենք՝ նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից: Թող հետ տա խորհրդարանի նիստերն ու լսի այդ ահազանգերը այս ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխանական տարբեր չինովնիկների ճնշումների մասին: Իսկ որ սա համատարած բնույթ է կրում, միանշանակ է, ամենախայտառակ փաստերի մասին խորհրդարանի ամբիոնից ենք խոսել:

– Իսկ այդ դեպքում, երբ դուք փաստերով ներկայացրել եք այդ խախտումները, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հիմնավորումներ է պահանջում:

– Դա ուղղակի խուսանավելու ձև է, խուճուճ ձևակերպումներով փորձում է իր թիմակիցների ապօրինությունները կոծկել: Տրամաբանական ու հասկանալի խաղ է սա, որը Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց, իսկ այդ խաղը հետևյալն է. եթե իրեն նամակով չեն տեղեկացնում խախտումների մասին, նշանակում է, որ խախտում չկա, բայց այն, որ ԱԺ տարբեր պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ բազմաթիվ փաստերի մասին հրապարակումներ են արել, դա էական չէ, իրավապահները դրան ուշադրություն չեն դարձրել: Նիկոլ Փաշինյանը դարձել է իրավապահ համակարգի ստատիստը: 

– Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկությունն իրականում այդ խախտումներն ու ճնշումները քողարկելու միտո՞ւմ ունի:

– Այո՛, այսինքն՝ ի՞նչ է անում ինքը, երեկ հայտարարեց այդ մասին, այսօր ասում է՝ երեք մեյլ եմ ստացել, որոնք այդ մասին չեն, ընտրություններից հետո էլ ասելու է՝ ժողովուրդ ջան, մեյլ չեմ ստացել, ուրեմն խախտում չկա: Սա ընտրախախտման նոր երևույթ է, երբ մարդկանց ուղղակի թույլ չեն տալիս ընտրություններին թեկնածություն առաջադրել, ու դա համատարած բնույթ է կրում: Մարդը անձնագրայինից տեղեկանք է վերցնում, որ իր թեկնածությունն առաջադրի, հաջորդ օրը իրավապահները կոնկրետ անձին զգուշացնում են, որ չառաջադրվի: Միայն իշխանական թեկնածուների համար է, ինչպես ասում են՝ մուտքն ազատ: Մի քանի օր առաջ էլ Հրազդանում քարոզարշավի էինք, կողքից երկու տղա երթը հեռախոսներով նկարում էին՝ ում ենք բարևում, ում չենք բարևում: 

– Այդ իրավիճակում ընդդիմադիր թեկնածուների համար քարոզարշավ իրականացնելը որքանո՞վ է հեշտ: 

– Հեշտ չէ, ահավոր դժվար է, մարդկանց մեջ վախը շատ է, այն օրը Հրազդանում մարդիկ տեսնում էին, ճանապարհն էին փոխում, մեկը բարևեց, հարցրինք՝ ո՞նց եք, ասաց, որ դուք լավ լինեք, մենք էլ լավ կլինենք ու շատ արագ հեռացավ: Վախի մթնոլորտն իրական է, մարդկանց վախեցնում են, աշխատանքից ազատելու դեպքերը տասնյակներով են, նույն խորհրդարանական ընտրութուններից հետո մեծ թվով ազատումներ են եղել՝ մանկապարտեզի հավաքարարից սկսած: 

– Պարո՛ն Մանուկյան, իսկ ձեր ասած այս դեպքերը փաստարկված ներկայացրե՞լ եք իրավապահ համակարգին:

– Իհարկե, խորհրդարանի ամբիոնից ենք նաև բացահայտ հայտարարում, բայց որևէ արձագանք չկա: Տոտալ վախի մթնոլորտ է տիրում, նման բան չի եղել, այնպես, ինչպես հիմա քաղաքացին է վախենում, երբեք չի վախեցել, ենթագիտակցորեն դրա մեջ է: Հո դիկտատուրան պոզով-պոչով չի լինում, սա ժամանակակից դիկտատուրայի պարզ օրինակ է, որ խորհրդարանում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը կարող է ելույթ ունենալ, գլուխը չջարդեն, բայց իշխանությունն ամեն ինչի վրա տոտալ վերահսկողություն է սահմանել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am