ՀՀ ԱՆ Անպտղության հաղթահարման ծրագրի ֆինասնավորումը գրեթե երեք անգամ ավելացել է

Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակում արդեն ծնվել է 62 երեխա:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ այս թիվն ավելանալու է, որովհետև ոչ միայն ծրագրի շահառու հղիներ կան, այլև ժամանակ առ ժամանակ ընդլայնվում է նրանց շրջանակը:

«Համավարակով, պատերազմով պայմանավորված՝ արտամարմնային բեղմնավորման ընդհանուր գործընթացն ինչ-որ չափով ետ ընկավ: Բազմաթիվ արտամարմնային բեղմնավորումներ կատարվեցին, ստացվեցին սաղմիկներ, սակայն չեն տեղադրվել կնոջ արգանդի խոռոչում՝ պատճառը համավարակն է: 2020 թվականին եղել է 49 տեղադրում արգանդի խոռոչում, բայց 2021 թվականի առաջին ամիսներին արդեն 44 տեղադրում ունենք: Դա պայմանավորված էր տարեսկզբին կորոնավիրուսի որոշակի նահանջով»,- ասաց Նունե Փաշայանը: Նրա խոսքով, այս տարվա համար միայն այս ծրագրի շրջանակում նախատեսված է 917 մլն դրամ, ինչը գրեթե եռակի անգամ ավելին է 2020 թվականի համեմատ: Նախորդ տարի տրամադրվել էր 300 մլն դրամի ծառայություն:

Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: 2019-ի վերջին մեկնարկած ծրագրի համար սահմանվեցին շահառուների մի շարք խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ընդլայնվում են: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքի բնակիչնեըը, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է:

«Վերջին փոփոխությունը 2021 թվականի փետրվարին էր, ըստ որի, շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների ծողները: Ասեմ, որ այս խմբի վրա չի տարածվում ծրագրով նախատեսված ոչ մի սահմանափակում»,- ասաց նա: Շահառուները կարող են դիմել  5 կենտրոններից որևէ մեկը՝«Fertility center» պտղաբերության կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Շենգավիթ» ԲԿ, «Աստղիկ» ԲԿ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, օգտվել պատճառագիտության ախտորոշման, բուժման ծառայություններից: Անվճար է նախատեսված արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը, երկորրդ փորձն իրականացվում է 50 տոկոս զեղչով, Սերմնավորման վեց փորձը ևս անվճար է:

Նունե Փաշայանը նշեց, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշի նվազում է նկատվում: Ներկայում այդ ցուցանիշը կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ: Դրանով պայմանավորված՝ ծնելիության գործակիցը կրճատվել է 1.8 անգամ ՝ համեմատած 1990 թվականի հետ:

«Եթե դրան ավելացնենք անպտղության մակարդակը, որ վերջին տվյալներով կանանց մոտ գրանցվել է 14.9 տոկոս, տղամարդկային գործոնով պայմանավորված 9.5 տոկոս, ապա արդեն հասկանում ենք, որ կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև»,- ասաց Նունե Փաշայանը:

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անպտղության 14.9 տոկոս ցուցանիշն անհանգստացնող է:

«Սա բավական բարձր շեմ է համարվում, և կարելի է ասել դեմոգրաֆիկ աղետի առջև ենք կանգնած: Այստեղ շատ կարևորվում է վերարտարդողական բժշկության դերը, որի բարելավման, բացերը լրացնելու համար զգալի աշխատանք պետք է կատարել: Վերարտադրողական բժշկությունը մեզ մոտ քաոտիկ ձևով է զարգանում: Վերջերս բացվեց վերարտադրողական բժշկության ամբիոն, որի ղեկավարը ես եմ, և մենք հիմա փորձում ենք դիմպլոմավորել, վերապատրաստման ծրագրեր իրականացնել»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է անպտղությանը հանգեցնող պատճառներին, ապա մասնագետը նշեց, որ այդ տեսանկյունից Հայաստանում առանձնահատուկ միտումներ չկան: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ տարածված են ձվարանի պոլիկիստոզային համախտանիշը, որոշ չափով նաև ինֆեկցիաները, հորմոնային խանգարումները:

«Եթե ժամանակին կարողանանք ախտորոշել և բուժել, ապա այսքան բարդություններ չենք ունենա: Վերջին տարիների ցուցանիշը ցույց է տալիս, որ մեզ մոտ արտամարմնային բեղմնավորման տոկոսը շատ բարձր է: Վերջին տվյալներով մոտ 40 տոկոսի սահմաններում է: Անպտղությանն ուղղված ծրագրերից բացի, կուզենայի կոչ անել նաև պտղաբեր զույգերին մտածեն երեխաներ ունենալու մասին, չսահմանափակվեն մեկով կամ երկուսով»,- հավելեց մասնագետը: